Ծառը հատել են եւ խաչ հայտնաբերել

Ծառը հատել են եւ խաչ հայտնաբերել
Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված ամեն տեղ է եւ ամենուր, իսկ որ քրիստոնեական հավատի խորհրդանիշը կարող է անգամ ծառի մեջ լինել, այն էլ Արտաշատի մարզադաշտի պարսպի տակ աճած, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ:



Ապրիլի 23-ին, Փրկչի հարության տոնի նախօրեին, մարզադաշտի խարխլված պարիսպը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներին խանգարող մի քանի դեկորատիվ ծառերը հեշտ տեղափոխելու համար աշխատակիցները մեխանիկական սղոցով մանրացնում են դրանք:



«Սղոցը նորմալ աշխատում էր, ես սովորաբար ծառի բարակ մասից կտրելով՝ հասնում եմ հաստ մասը, երբ հերթը հասավ այդ ծառին, սղոցի շարժիչը հանգչեց: Միացնում եմ, մոտեցնում ծառի բարակ մասին, հանգում է, նորից եմ միացնում, մոտեցնում, էլի հանգում է: Այդպես կրկնվեց մի քանի անգամ, զայրացա: Վերջին անգամ որ միացրեցի՝ էլ չտարա ծառի մյուս ծայրը, հենց սղոցին մոտ՝ հաստ մասից, արմատներից մի մետր հեռու կտրեցի: Երբ կիսվեց ծառը, տեսա կտրված տեղում խաչ, ասեցի՝ հլը էս խաչին նայեք: Տղաները եկան-հավաքվեցին, որոշեցինք բարակ կտորների բաժանենք՝ երեւի ծառի մեջ շատ խաչեր կլինեն՝ ամեն մեկս մի կտոր վերցնենք, գեղեցիկ բան է: Կտրատեցինք՝ էլ խաչ չկար, էդ մեկն էր»,- պատմում է Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Վարդան Եղիազարյանը:



Դեկորատիվ ծառը մոտ ութ տարեկան է, 3-4 մետր երկարության, իսկ հատված մասը, որտեղ խաչի պատկերն է, 13-14 սմ շառավիղ ունի: Սղոցը հատել է խաչն ուղիղ մեջտեղից՝ բաժանելով երկու սիմետրիկ հատվածի: Երեք սմ աջ եւ երեք սմ ձախ՝ պատկերը կորում է: Լայնությամբ մանրացրել են ամբողջ ծառը, սակայն ոչ մի տեղ նման տեսարանի չեն հանդիպել:



Խաչի երեք թեւերին սուր գամեր են, միջնամասում կարմիր է, որ արյան հետք է հիշեցնում: Մեկնաբանում են, թե Փրկչի գամերն են եւ արյունը: Խաչերի հակառակ երեսներին Տիրամոր եւ արծվի պատկերներ են: Քաղաքի հնաբնակները հիշում են, որ մարզադաշտը կառուցելուց առաջ նույն տեղում սուրբ ծառ է եղել, որի ճյուղերին մարդիկ թաշկինակներ ու ժապավեններ են կապել՝ նպատակին հասնելու համար: «Մենք փորձեցինք գնալ խաչի հետքերով. ես հանդիպեցի 95-ամյա Ամալյա Դարբինյանին, ով պատմեց, թե անցյալ դարի 20-30-ականներին այդտեղ եղել է բաց դաշտ, իսկ դաշտում՝ խաչքար, որն էլ կոչվել է Գեւորգ Մարզպետունու խաչ:



Ըստ ավանդության՝ իշխանն է տեղադրել հագարացիների դեմ պատերազմի ժամանակ: Հետագայում խաչն անհետացել է, թե ուր են տարել՝ Ամալյա տատիկը չգիտեր: Իսկ Գրետա մայրիկը պատմեց, որ երբ իրենք եկել են թատրոնի մոտ բնակություն հաստատելու, որ մարզադաշտին կից է, հարեւան թրքուհին իր ամուսնուն ասել է, թե այնտեղ, ուր այժմ պարիսպն է, ու ծառն էր աճել, խաչ է թաղված: Սակայն ոչ ոք չի փորձել այն դուրս բերել»,- տեղեկացրեց Արարատի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը: Իսկ Զատկի տոնին հաջորդող կիրակին, որ կոչվում է Կանաչ կիրակի, խաչը գտնելու առիթով՝ հավատավոր մարդկանց համար, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը մարզադաշտում կատարեց մատաղի արարողություն:



Խաչի բնական պատկերները՝ մոտ երեք սմ լայնության շերտերով, պահվում են մարզադաշտի չհրկիզվող պահարանում, որոնք ամեն անգամ հանում եւ ցուցադրում են այցելուներին: «Այս մի քանի օրվա մեջ հազարից ավելի մարդ է այցելել, գալիս են հոգեւորականներ, պաշտոնյաներ, սովորական քաղաքացիներ, դպրոցականներ՝ ուսուցիչների հետ, արտասահմանցի հյուրեր: Լուսանկարում են, զարմանում ու հիանում: Բազմազան պատկերներ են հանդիպել հատված ծառերի մեջ, բայց այդպիսի տիպիկ հայկական կանոնական խաչ առաջին անգամ է գտնվում»,- ասում է մարզադպրոցի ուսումնական մասի տնօրեն Արտուշ Թովմասյանը:



Չհրկիզվող պահարանը խաչի ժամանակավոր հանգրվանն է, առայժմ մտորում են, թե որտեղ եւ ինչ պայմաններում ցուցադրեն, որպեսզի հասարակությանը մատչելի լինի: «Խաչը որտեղ հայտնաբերել ենք, այնտեղ էլ պահելու ենք, Արտաշատից դուրս չի տարվելու: Կարծում ենք, որ սա ճիշտ որոշում է: Իսկ երբ մեր նախկին մարզպետ պարոն Հովակիմյանն այցելեց, հրաշքը տեսնելուց հետո մեզ խոստացավ գտնված տեղում մատուռ կառուցել, որտեղ կցուցադրվի խաչը: Եվ ես առաջարկել եմ քաղաքապետին, որ նորից ճարտարապետ ուղարկեն, նոր նախագիծ անեն, թե ինչպես պետք է նորոգվի պարիսպը եւ կառուցվի մատուռը, որպեսզի այցելուն ներս մտնելուց եւ իրեն սրբավայրում զգա, եւ գեղագիտական հաճույք ստանա: Իսկ թե երբ կանեն, դա արդեն մեզանից կախված չէ»,- տեղեկացնում է մարզադպրոցի տնօրեն Յուրա Մանուկյանը:



Ֆելիքս Եղիազարյան