Քյաբաբի սիրահարները «գրեչկայով» շիլան հավանեցին

Քյաբաբի սիրահարները «գրեչկայով» շիլան հավանեցին
Հայրենական մեծ պատերազմի 66-ամյակի եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ երեկ «Հաղթանակ» զբոսայգին լեփ-լեցուն էր շարքային քաղաքացիներով ու ազգային ջոջերով: Մայր Հայաստան  հուշարձանի մոտ խմբվել էին գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու ուժային կառույցների՝  շքանշաններով բեռնված բարձրաստիճան պաշտոնյաներ:



«Պաշտոնական ջոկատը» գլխավորում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



Մինչ շքերթն ակսվելը բարձրաստիճանավորները պարապությունը լցնում էին՝ խոսք ու զրույցի բռնվելով: Բարձր տրամադրությամբ հատկապես աչքի էր ընկնում Հովիկ Աբրահամյանը, ով Նավասարդ Կճոյանի հետ զրույցը մերթընդմերթ ընդհատում էր ուրախ ձայնարկություններով:



Հաղթանակի շքերթից հետո պաշտոնյաների մի մասը ցրվեց,  մյուսները հրավիրվեցին ճակերույթի: Խաշ ու քյաբաբին սովոր Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը վետերանների հետ բոլորեցին երկաթե սպասքով սեղանի շուրջ: Յուրի Խաչատուրովը, ով ախորժակով վայելում էր իր բաժինը, առանձին նստեց, Սեյրան Օհանյանը նույնպես առանձնացավ: «Գրեչկայով» շիլայի բույրից արբեցած բարձրաստիճանները, առաջին գդալը կուլ տալուն զուգահեռ, բացականչեցին՝ «էս ի՜նչ համով ա, շա՜տ համով ա»:



Հատկապես Հովիկ Աբրահամյանն ամբողջ ընթացքում փորձում էր ապացուցել, որ խիստ հավանել է հնդկաձավարով շիլան: Մեր ռեպլիկին, թե հնարավո՞ր է ԱԺ «մենյուում» ընդգրկեն նաեւ այդ ճաշատեսակը, կիսադատարկ բերանով արձագանքեց. «ԱԺ-ն մենյու չունի», ապա ավելացրեց, որ ինքն իրենց բուֆետում չի լինում, ընդամենը մեկ անգամ է եղել ու ծանոթ չէ ճաշացանկին:



Մինչ վարչապետն ու ԱԺ նախագահն ասում-խոսում ու շիլան էին դեմ-դիմաց նստած ըմբոշխնում, մենք Հովիկ Աբրահամյանից ճշտեցինք, թե ինչու էր հրաժարվել վարչապետի պաշտոնից (հիշեցնենք՝ երբ լրագրողները վարչապետին հարցրել էին Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու լուրերի մասին, վերջինս կատակով պատասխանել էր, թե այդ պաշտոնն առաջարկել է Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է): «Վարչապետն ըտենց բան չի առաջարկել»,- լուրջ-լուրջ պատասխանեց Աբրահամյանը:



Իսկ Տիգրան Սարգսյանին թեման դուր չեկավ, առաջարկեց պոզիտիվ հարցերից խոսել՝ ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար: «Հիմա էս «Հրապարակ» թերթն ուզում ա մեր ախորժակը բացի՞, թե՞ փակի: Տոնական տրամադրություն  ա՝ վետերանների մասին երկու քաղցր խոսք ասեք, մարդկանց երջանկություն ցանկացեք: Ես առաջարկում եմ էսօր մեծարեք մեր վետերաններին, Աստված իրենց երկա՜ր տարիների կյանք տա: Մեր գլխից անպակաս լինեք»,-կենացով ասելիքը  շրջանցեց վարչապետը, ինչին սեղանակից վետերաններից մեկն արձագանքեց.



«10 տարի ավելացավ իմ կյանքը, որ ես՝ բանվոր մարդ, Ձեզ հետ էսօր նստած եմ այս սեղանին», ապա ձայնագրիչ պահանջելով՝ քառատող ձոնեց «ընկեր Սարգսյանին». «Ես Ձեզ ցանկանում եմ գարնան պես ծաղիկ լինես, ամռան պես կանաչ լինես, աշնան պես բերք ու բարիքով լինես, ձմռան նման ձյուն լինես, ծլես-ծաղկես ձեր թոռներով, ձեր ազգ ու բարեկամներով, ողջ լինես»:



Վետերաններին պատվելու առաքելությունը սեղանի շուրջ իրենց ներկայությամբ համարելով ավարտած՝ պաշտոնյաները տեղափոխվեցին տեսախցիկների առջեւ՝ մայիսյան հաղթանակների մասին ճարտասանելու:



Իմ պաշտոնն ավելի բարձր է, քան վարչապետինը



Մայիսյան հաղթանակներից բացի, «Հաղթանակ» զբոսայգում քննարկում էին նաեւ քաղաքական հարցեր: Ընդդիմություն-իշխանություն երկխոսության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու պաշտոնափոխությունների վերաբերյալ հարցեր ուղղեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:



Նրա կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսը գալիք խորհրդարանական ընտրություններում կհայտնվի խորհրդարանում, իսկ թե քանի մանդատով՝ «կորոշի ժողովուրդը»:



- Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ հիմա որոշեցիք Սասուն Միքայելյանի ազատման համար միջնորդել նախագահին, չէ որ նրա առողջական վիճակը վաղուց էր  վատ:



- Մենք համոզվեցինք, որ իրոք վատ էր, որովհետեւ, ճիշտն ասած՝ մի քանի անգամ իրեն բժիշկներն ուսումնասիրեցին, հետո որ մեր պատգամավորները, կոալիցիան ասեց՝ լուրջ առողջական խնդիր կա, մենք դիմեցինք եւ ճիշտ արեցինք: Ամեն ինչ պիտի ժամանակին արվի:



- Այսինքն նախկինում կասկածո՞ւմ էիք, որ առողջական վիճակը վատ է, եւ այդ պատճառո՞վ չէիք դիմում:



- Չէ, այն ժամանակ նպատակահարմար չենք գտել:



- Իսկ Սասուն Միքայելյանի համար միջնորդելու որոշումն ինքնակա՞մ եք կայացրել, թե՞ շոու էր՝ Սերժ Սարգսյանի հրահանգով:



- Ես հրահանգներ չեմ կատարում:



- Պարոն Աբրահամյան, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ ԱԺ-ն իր տեղը չէ, եւ ինքը վնաս է տալիս այնտեղ մնալով: Ձեր կարծիքով՝ կա՞ն պատգամավորներ, որոնց համար նույնպես ԱԺ-ն իրենց տեղը չէ, եւ այնտեղ լինելով՝ միայն վնաս են տալիս:



- Ես կարծիք չունեմ: Ես մի բան եմ հասկանում, եթե ժողովուրդն ընտրել է, որ պիտի գա պատգամավոր աշխատի, եթե չէ՝ ինչի՞ համար ա ժողովուրդն ընտրել: Պարոն Հայրապետյանն իմ գործընկերն է, եւ Դուք չեք կարող մեր միջեւ սեպ խրել:



- Վերջին շրջանում դարձյալ խոսվում է Ձեր՝ վարչապետ նշանակվելու մասին: Իսկապե՞ս ուզում եք ԱԺ-ից կառավարություն տեղափոխվել:



- Բայց ես ասել եմ, չէ՞, էդ մասին, ես լուրջ մարդ եմ, մի բանը մի անգամ եմ ասում՝ ոչ: Իմ պաշտոնը Սահմանադրությամբ ավելի բարձր պաշտոն է, եւ ես ԱԺ-ում ինձ շատ լավ եմ զգում եւ, իմ կարծիքով, ես վատ Ազգային ժողովի նախագահ չեմ, ի՞նչ կարծիքի եք: Հիմա մեր թիմով կուսակցությունը որոշել է, որ Տիգրան Սարգսյանը լինի վարչապետ, Աբրահամյան Հովիկը՝ ԱԺ նախագահ, հիմա ի՞նչ խնդիր կա, որ մեկ տարի է մնացել ընտրություններին… Իմ կարծիքով՝ հիմա անիմաստ է նման հարց քննարկել: