Չհիմնավորված ու չհստակեցված հայցապահանջ

Չհիմնավորված ու չհստակեցված հայցապահանջ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կայացավ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով առաջին դատական նիստը: Որքան էլ տարօրինակ է, հայցվոր կողմը չէր կարողացել անգամ հստակ ձեւակերպել իր հայցապահանջը:



Հայցապահանջում նրանք պահանջում են «պարտավորեցնել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին հերքել հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները»: Ինչպես հստակ երեւում է իրենց իսկ ձեւակերպումից՝ բառ անգամ չկա, թե խոսքը որ հոդվածների մասին է: «Սա ո՞ր հրապարակմանն է վերաբերում: Ինչ-որ կոնկրետ հրապարակմա՞ն, թե՞ «Հրապարակ» օրաթերթի 3 տարվա բոլոր հրապարակումներին»,-հարցրեց «Հրապարակի» ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը եւ դատական նիստից հետո հավելեց.



«Հայցապահանջը հիմնավորված ու հստակեցված չէ: Նման անհստակ ձեւակերպումներով չեն կարող պաշտպանվել նաեւ ենթադրյալ հայցվորի իրավունքները: Հետեւաբար՝ հայցվոր կողմը պետք է հստակեցնի իր հայցապահանջը: Օրինակ՝ հերքել այսինչ կամ այնինչ հոդվածում տպված տեղեկությունը, որպեսզի պահանջը պարզ լինի եւ դատարանին, եւ կողմերին»:



Դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի խոսքից պարզվեց, որ իրենք պահանջում են հերքել ոչ միայն «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» հրապարակման մեջ տեղ գտած՝ իրենց ականջին ոչ հաճո որակումները, այլեւ խնդրո առարկա հոդվածից հետո լույս տեսած երկու, որպես այդպիսին, պատասխան հոդվածները: Հայցվոր կողմի կարծիքով՝ դրանք ոչ թե պատասխան են, այլ հերթական հոդվածներ, որտեղ կրկին անգամ նշված է այն, ինչ սկզբնական հոդվածում:



Իսկ թե այդ դեպքում ինչու հայցապահանջում դրանք առանձին-առանձին նշված չեն, պարզ չէ: Հայցվոր կողմն այդպես էլ հստակ չպարզաբանեց, միայն նշեց, որ դրանք մեկ ամբողջություն են՝ «եւ» շաղկապով շաղկապված: «Հրապարակի» ներկայացուցիչն առաջ քաշեց մեկ ուրիշ հանգամանք եւս՝ կապված հայցվորի ներկայացրած 6 միլիոն դրամի պահանջի հետ: Հայցվոր կողմը դատարան չէր ներկայացրել փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե այն դեռեւս իր մոտ չէ:



Տվյալ դեպքում առանց այդ պայմանագրի «Հրապարակի» դեմ փաստաբանական ծախսերի համար 3 միլիոն դրամի  պահանջ ներկայացնելը հիմնավորված չէ: Արա Զոհրաբյանի վստահեցմամբ, հայցվորը մեկ այլ խնդիր էլ ունի՝ բաց է թողնված դատարան դիմելու վաղեմության ժամկետը, ինչի պատճառով «հայցը պետք է մերժվի»: «Մենք մեկ փաստարկ էլ ունենք, որը կներկայացնենք դատաքննության փուլում, եւ կարծում եմ՝ այն առանցքային կփոխի իրավիճակը»,-հավելեց Արա Զոհրաբյանը: Հայցվոր կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց: