«Սթարն» ում հետ ասես կապում են

«Սթարն» ում հետ ասես կապում են
Վերջերս «Սթար» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ձեռք բերեց, եւ հայտարարություն արվեց ցանցի «ռեբրենդինգի» մասին: Հիշեցնենք, որ փետրվարին «Սթարի» 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել էին օֆշորային գոտում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Viest Assets Ltd» անհայտ ընկերությանը, սակայն ենթադրվում էր, որ իրական սեփականատերը հայ է՝ հայաստանցի:



Թե ով է ընկերության սեփականատերը՝ գաղտնի է պահվում, սակայն շրջանառվում են մի շարք անուններ, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եղբոր՝ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի, ինչպես նաեւ գործարար, հանքարդյունաբերությամբ զբաղվող Սիլվա Համբարձումյանի:



«Սթարի» ներկայացուցիչները համառորեն հերքում են նրանց ներգրավվածությունը եւ պնդում, որ սեփականատերը քաղաքական դեմք չէ: Նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ «Սթարի» ետեւում կանգնած է մեկ այլ քաղաքական դեմք՝ ՕԵԿ առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սակայն ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքեց այդ լուրը, ասելով. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի բան չկա: Դա բացահայտ կեղծիք է, հերթական զրպարտանքը, որը չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանը ոչ մի կապ չունի «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ»:



Ամեն դեպքում՝ Հայաստանը փոքր երկիր է, եւ շուտով ամեն ինչ հայտնի կդառնա: