Արցախյան տոնական տրամադրություններ

Արցախյան տոնական տրամադրություններ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում եւ Շուշիում կազմակերպված միջոցառումներին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։



Մինչ այդ՝ երկու օր առաջ նա հանդիպել է տեղի ղեկավար Բակո Սահակյանին, եւ, ինչպես տեղեկացնում է վերջինիս մամուլի ծառայությունը, «նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ եւ երկուստեք նշել, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի պետականաշինության կարեւորագույն հիմքերից ու զարգացման գրավականներից մեկը»:



Մայիսի 8-ին Արցախի ղեկավարը, ինչպես միշտ՝ տոնական օրերին, պետական պարգեւներ է հանձնել բազմաթիվ մարդկանց։ Շքանշանների ու մեդալների բաժանումն ընդհանրապես հայ ղեկավարների սիրելի արարողություններից մեկն է։ Մարդիկ կատակով ասում են, թե այդ օրը նրանք ավելի ուրախ ու երջանիկ են լինում, քան նրանք, ում հանձնում են այդ պարգեւները, որովհետեւ այդ մեդալ-շքանշաններից գրեթե բոլորն արդեն ձեռք են բերել...



Այնուհետեւ նույն օրը Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել են տոնական հանդիսավոր երեկոյի, որին ներկա են եղել այժմ երեւանաբնակ Արցախի նախկին նախագահ, «Արցախի հերոս» Արկադի Ղուկասյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից: Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում հայ նախագահները մասնակցել են նաեւ Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:



Մայիսի 9-ին Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ ՊԲ օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Ստեփանակերտի հուշահամալիրում նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ապա մեկնել Շուշի, որտեղ ծաղկեպսակներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին ու Վազգեն Սարգսյանի հուշարձանին:



Օրվա վերջում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ: Ճիշտ է, հորդառատ անձրեւ է տեղացել, բայց դա այնքան էլ շատ չի ազդել տոնական տրամադրության վրա։ Հետտոնական առաջին իսկ օրը Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է երկու հրամանագիր՝ Արցախի ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Նելսոն Սողոմոնյանին եւ զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։



Ավելի ուշ հրապարակվել է Արցախի ղեկավարի մեկ այլ հրամանագիրը՝ դարձյալ պարգեւատրման մասին։ Այս անգամ Բ. Սահակյանը «բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի եւ հաղթանակի համար» ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով:



Առայժմ հայտնի չէ, թե խոսքը ո՞ր հանրապետության «ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի» մասին է, քանզի արդեն մի քանի տարի է, ինչ ԽՍՀՄ վարպետ թիմերի առաջնությունում երբեմնի վարպետ թիմ ունեցող Արցախի ոչ մի թիմ չի մասնակցում անգամ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը։ Իսկ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում կամ հարսանեկան միջոցառումներ են անցկացվում, կամ էլ մանկապատանեկան խաղեր...



Արեգ Վարդանյան