Կարգազանցությունը եկեղեցական կյանքում անընդունելի է

Կարգազանցությունը եկեղեցական կյանքում անընդունելի է
Տ. Աբել քահանա Մանուկյանի կախակայման վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության առիթով «Հրապարակ» օրաթերթի մայիսի 7-ի «Քահանային ետ են կանչում» հոդվածում տեղ գտած տեղեկությունների ու մեկնաբանությունների առնչությամբ հարկ եմ համարում տալ որոշ լուսաբանություններ:



Նախ` Տ. Աբել քահանան երբեւէ Ժնեւում ծառայության չի նշանակվել ոչ Վազգեն Ա կաթողիկոսի, ոչ էլ հաջորդ հայրապետների կողմից: Նա ինքնակամ ստանձնել է Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնը` պատճառ դառնալով թեմական եւ ներհամայնքային տարաձայնությունների ու խառնաշփոթի:



Ստեղծված կացությունը համընկավ Վազգեն Առաջին հայրապետի գահակալության վերջին տարվա հետ եւ նրա վախճանման պատճառով չգտավ իր հանգուցալուծումը: Գարեգին Ա կաթողիկոսն ընտրությունից հետո անմիջապես հայրապետական գրությամբ դատապարտեց Տեր Հոր քայլը` որպես Հայ եկեղեցու կանոնական սկզբունքների խախտում, արգելելով նրան քահանայագործել Ժնեւում` իբրեւ մնայուն հովիվ: Ցավոք, հայրապետական տնօրինությունն անտեսվեց ժամանակին, եւ հովվապետի վաղահաս մահվան պատճառով խնդիրը վերստին առկախ մնաց:



Շվեյցարիայի թեմում ստեղծված ներկայիս կացության մեջ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը կախակայել է Տ. Աբել քհն. Մանուկյանի քահանայագործությունը դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում դեռեւս 1992թ. հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նորանշանակ առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու` Հայրապետական հրահանգները չկատարելու համար:



Այս է իրողությունը, իսկ մնացյալը մի խումբ մարդկանց կողմից կատարվող անհիմն եւ սադրիչ արտահայտություններ ու կոչեր են:



Վահրամ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն