Ով է այն տղամարդը

Ով է այն տղամարդը
Վերջերս մենք մի նամակ էինք ստացել, որտեղ, նամակագիրների վստահեցմամբ՝ հարկային ոլորտում կատարվող բարեփոխումներին զուգընթաց Էրեբունի վարչական շրջանում իրականացվում է լայնածավալ հարկային տեռոր՝ ի դեմս տեսչության պետ Կարեն Կարապետյանի եւ տեղակալ Գոհար Զաքարյանի:



Նամակում առաջ քաշված մեղադրանքները պարզելու նպատակով օրեր շարունակ զանգահարում էինք այդ շրջանի հարկային տեսչություն, սակայն մեզ փոխանցում էին նույն պատասխանը, թե Կարեն Կարապետյանն արձակուրդում է, իսկ Գոհար Զաքարյանը կամ զբաղված է, կամ տեղում չէ: Ապա մեզ խնդրեցին դիմել Պետեկամուտների կոմիտեի մամուլի խոսնակին եւ նրա միջոցով կապվել իրենց հետ:



Զանգահարեցինք խոսնակ Նելլի Մանուչարյանին, նա էլ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ օրենքով սահմանված կարգով 5 օրվա ընթացքում պատասխանել: Հարցը Պետեկամուտների կոմիտե ուղարկել ենք ապրիլի 27-ին եւ արդեն 14 օր է՝ պատասխանի ենք սպասում: Եվ քանի որ մենք այդպես էլ չստացանք պատասխանը, որոշեցինք ներկայացնել մեզ հասցեագրված նամակն ամբողջությամբ: Գուցե այս պարագայում ստանանք այնքան սպասված պատասխանը:



«Վերջերս ՊԵԿ նախագահի ներկայացրած հարկային ոլորտում կատարված «բարեփոխումներին» զուգընթաց Էրեբունու շրջանում շարունակվում է լայանածավալ հարկային տեռոր՝ ի դեմս տեսչության պետ Կարեն Կարապետյանի եւ նրա տեղակալ Գոհար Զաքարյանի: Նրանք արդեն ավարտին են հասցրել շրջանում գործող բոլոր ՓՄՁ-ների աշխատակիցների միջին աշխատավարձը 70 հազար դրամից ոչ պակաս ձեւակերպելու գործընթացը: Բարեհաջող ավարտին են հասցնում նաեւ 2010 թ. շահութահարկի հաշվետվությունների ընդունումը շրջանառության 3.5 տոկոս դրույքաչափով: Սա նշանակում է, որ ամբողջ 2010 թվականի համար գործատուները պետք է կրկնակի հարկ վճարեն: Լայնածավալ թափ է հավաքել նաեւ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ ՀԴՄ տուգանելը: Նշվածին էլ եթե ավելացնենք գրպանային «բեսպրեդելը», արդեն պարզ կդառնա, թե ինչու է շրջանում ամեն օր առնվազն 2-3 խանութ դադարեցնում իր գործունեությունը: Չմոռանանք խոսել նաեւ պարոն Կարապետյանի «մարդկային վերաբերմունքի» մասին: Այն գործարարները, ովքեր հանդգնում եւ մտնում են իր մոտ ու դժգոհում անօրինական, կրկնակի հարկ վճարելուց, նա «մեծահոգաբար» գրպանից հանում է որոշակի գումար եւ մեկ շաբաթով, առանց տոկոսի, օգնություն է առաջարկում գործատուին՝ անօրինական հարկերը վճարելու համար: Էրեբունու շրջանում փոքր եւ միջին բիզնեսը կանգնած է բառիս բուն իմաստով ոչնչացման եզրին: Արդյոք սա պետական քաղաքականությո՞ւն է, թե՞ իշխանության մեջ չկա մի տղամարդ, որ կարող է բռնել Կարեն Կարապետյանի ձեռքը եւ թույլ չտալ նրա անօրինականությունների հաղթարշավը»: