Գոհ ենք ձեր պարարտանյութից

Գոհ ենք ձեր պարարտանյութից
Գյուղացու համար գարնանամուտն այնքանով էր թեժ, որ հանրապետության նախագահը հայտարարեց, թե այսուհետ պետք է գյուղացու կողքին լինենք: Եվ գյուղացին անընդհատ լսում է, որ իր կողքին են, իր համար ինչ-որ բաներ են անում, բայց թե կոնկրետ ինչ՝ փորձում է պարզել ու հասկանալ: Կարծես թե այդ նախաձեռնությունը սկսում է մոտենալ, եւ առաջին քայլը գյուղացուն մատչելի գնով ազոտական պարարտանյութ տրամադրելն է:



«Նախկինում, շուկայում կտրուկ գնաճ չգրանցելու նկատառումով, կառավարությունը սուբսիդավորում էր, ներկրվող պարարտանյութի շուկայական գնի եւ ինքնարժեքի տարբերությունը փոխհատուցում էր: Իսկ վերջին երկու տարում գներն ազատականացված էին, ինչն էլ բերում էր գնաճի: Օրեր առաջ հարցը քննարկվեց նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, եւ որոշում կայացվեց, որ պարարտանյութի 50 կգ պարկը չպետք է գերազանցի 7 հազար դրամը: Ես կոնկրետ գիտեմ, որ Մասիս քաղաքում գյուղապետարանի տեղեկանքով պարկը 6 հազար 900 դրամով կարող են ձեռք բերել: Այդ դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվում գյուղացուց: Իսկ 7 հազար դրամից թանկ առաջարկում են վերավաճառները, խոշոր ներկրողներն իրավունք չունեն այդ գնից բարձր վաճառել»,- մեկնաբանում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը:



Այսօր պարարտանյութի 50 կգ պարկը մեծածախ առեւտրի կետերում արժե 7 հազար 400 դրամ, իսկ խանութներում մանրածախ գինը 7 հազար 800 դրամ է: Երկու ամիս առաջ մեծածախ գինը 6 հազար 500 է եղել, իսկ անցյալ տարի, որպես մանրածախ, անգամ այդ գնով կարելի էր ձեռք բերել խանութից: «Նախանցյալ տարի գյուղապետարանում ցուցակագրեցին, գումարն էլ հավաքեցին, թե մատչելի գնով պարարտանյութ ենք բերելու:



Մի տարի սպասեցինք այդ պարարտանյութին, թե այսօր կբերեն, վաղը կբերեն, այդպես էլ տեղ չհասավ, դեռ լավ է, որ գումարը կարողացանք ետ ստանալ: Մի քանի հարյուր դրամի համար չեմ ուզում պատմությունների մեջ ընկնել կամ մեքենայի ծախս անեմ, գնամ բազայից վերցնեմ, ինչն ավելի թանկ կնստի, քան գյուղի խանութից գնածը: Փոխարենը թող մտածեն, թե ինչ անեն, որ մեխանիզացիան մատչելի լինի: Սոլյարկան թանկ է, վարն ու չիղելը դարձել են կրակի գին, հողերն անմշակ են մնացել. պարարտանյութը բերենք՝ ինչի՞ն տանք»,- ասում է Արարատյան դաշտի բնակիչ Ռուբեն Ասատրյանը:



Կառավարության կողմից սուբսիդավորումն այս պարագայում էր անհրաժեշտ, որպեսզի գյուղացին պարարտանյութի պարկը գոնե կես գնով ձեռք բերեր, իսկ շուկայականից մի փոքր ցածր գնով վաճառքը գյուղացուն ոչ միայն չի ոգեւորում, այլեւ զայրացնում է:



«Երբ գյուղապետարանն է բերում պարարտանյութն ու բաժանում, կամ գրությամբ գնում ես բազայից վերցնում, պարկը 40, պատահում է 35 կգ է լինում, ասում են՝ սա է, վերցրու-տար: Իսկ խանութից առածը դնում եմ կշեռքին, 50 կիլոյից պակաս է լինում՝ չեմ առնում, հաշվիր, թե որ դեպքում եմ օգտվում: Նախանցյալ տարի փողերը հավաքեցին, մի տարի էլ շրջանառության մեջ դրեցին, իրենց գործերն արեցին, անունն էլ դուրս եկավ, թե գյուղացուն են օգնում: Գոհ եմ իրենց պարարտանյութից, դրան չի, որ գյուղացին այսօր սպասում է»,- ասում է այգեգործ Հայրապետ Խուդավերդյանը:



Գյուղացիների հետ զրուցելիս հասկանում ես, որ հույսն են կորցրել, հավատը ցանկացած խոստումի նկատմամբ, քանի որ բերրի Արարատյան հաշտում հողերի  զգալի մասն անմշակ է մնացել,  ծախսը գերազանցում է ստացված եկամտին: Մի կողմից թանկ ներդրումն ու էժան իրացումը, մյուս կողմից էլ կարկուտն ու խոնավությունն են պատժում գյուղացուն, եւ որեւէ միջոց չի ձեռնարկվում բնության տարերքներից նրան պաշտպանելու համար: Իսկ 21-րդ դարում եղանակային պայմաններից գյուղատնտեսության կախվածությունը նվազագույնի է հասցված: Հավանաբար դեռ Հայաստան չի հասել այդ նոր ժամանակը: Այսօր գյուղացուն կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի եկամուտ ստանալու հնարավորություն ունենա:



«Ինչ որ ասում են, հայտարարում են՝ իբր գյուղացու կողքին լինենք, գյուղացուն օգնենք, սուտ բաներ են: Երկու ամիս է, ասում են՝ գյուղացու հոգսը թեթեւացնենք: Կոնկրետ ի՞նչ են արել, նույն վիճակում է գյուղացին, ինչ որ անցյալ տարիներին էր: Թող ոռոգման ջուրն էժանացնեն, որ հեկտարի համար ամեն անգամ մոտ 20 հազար ենք վճարում, իսկ մեզ մոտ ամռանը շաբաթը երկու անգամ բանջարեղեն ենք ջրում. հաշվի, թե ուր է գնում-հասնում: Հարկ ու տուրքն իջեցնեն, թունաքիմիկատներն էժանացնեն, թե չէ 3-4 հարյուր դրամ պարարտանյութի գինն իջեցնելով՝ գյուղացու հոգսը չեն թեթեւացնի: Թոզ են փչում, թե տեսեք՝ գյուղացու մասին մտածում ենք»,- ասում է հողի սեփականատեր Նորայր Գալստյանը:



Ֆելիքս Եղիազարյան