Երրորդ կողմը «Արմնյուզն» է

Երրորդ կողմը «Արմնյուզն» է
Երեկ ՀՀ վարչական դատարանում կայացել է ««Ա1+»-ն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» գործի նախնական դատական նիստը: «Ա1+»-ը ՀՌԱՀ-ից պահանջում է չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի 96Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել:



ՀՌԱՀ-ը պահանջվող 6 չափորոշիչներից շեշտը դրել էր  «Ա1+»-ի մրցութային փաթեթի ֆինանսական կողմի վրա` պատճառաբանելով, թե ներդրումային խոստման մեջ անճշտություններ կան: «Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը իբրեւ դատաքննության 3-րդ կողմ ընդգրկի «Արմնյուզ» ՓԲԸ-ին, քանի որ ՀՌԱՀ-ի որոշմամբ հենց այս հեռուստաընկերությունն էր հաղթող ճանաչվել:



Դատարանը բավարարել է «Ա1+»-ի միջնորդությունը: Փաստաբան Ալեքսանդր Սահակյանի վստահեցմամբ, եթե անվավեր ճանաչվի 96Ա որոշումը, ապա դա նշանակում է, որ ՀՌԱՀ-ը պարտավոր է նոր մրցույթ անցկացնել: Դատական նիստի ժամանակ փաստաբանը, ներկայացնելով հայցադիմումն ու պահանջը, ընդգծել է, որ «Ա1+»-ի մրցութային փաթեթում անորոշություններ չէին լինի, եթե չլիներ ՀՌԱՀ-ի անգործությունը:



Հենց դրա հետեւանքով էլ «Ա1+»-ի մրցութային փաթեթի անճշտությունները ժամանակին չեն հայտնաբերվել, ու դրանց մասին չեն տեղեկացրել հեռուստաընկերությանը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ «Արմնյուզ»-ը պատշաճ կերպով ծանուցվի: