Եթե հիշում եմ՝ թող Աստված ինձ պատժի

Եթե հիշում եմ՝ թող Աստված ինձ պատժի
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, որոշել է բացառիկ սկզբունքայնությամբ հանդես գալ հատկապես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցի տնօրենի թափուր տեղը յուրայինով լցնելու հարցում: Այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար Հովհաննիսյանը նախատեսել է նշանակել իր մերձավոր Մարիամ Քալաշյանին, ով Շենգավիթի թիվ 115 դպրոցում աշխատում է որպես կենսաբանության ուսուցչուհի:



Թեեւ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը տեղի է ունենալու մայիսի 31-ին, սակայն նա սկսել է իր ահաբեկչական առաքելությունն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ հերթով իր մոտ է կանչում կամ զանգում  է խորհրդի անդամներին ու զգուշացնում, որ այլ թեկնածուներ չհայտնվեն Մարիամ Քալաշյանի ճանապարհին:



Պնդել է, թե իր թեկնածուն միակն է լինելու, ու նա էլ անցնելու է: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի համար մտերմուհուն այդ պաշտոնին նշանակելը պատվի հարց է դարձել դեռեւս 2009 թվականից: Այն ժամանակ նույնպես իր լծակներն օգտագործելով՝ միջամտել էր եւ թույլ չէր տվել, որ այլ թեկնածու առաջադրվի: Նույնիսկ տնօրենի ընտրության օրը առաջադրված միակ այլընտրանքային թեկնածուն  անիմաստ էր համարել ներկայանալ, ու թեեւ Մարիամ Քալաշյանն էր մնացել միակ թեկնածուն, սակայն կտրվել էր, նույնիսկ տարրական հարցերի չէր կարողացել պատասխանել, եւ նրան երաշխավորող «տանիքի» ջանքերը ջուրն էին ընկել:



Այդ օրվանից դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Հայրապետյանը: Իսկ Մարիամ Քալաշյանի թեկնածությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Այնպես որ, մայիսի 31-ին թեժ պայքար է սպասվում այս դպրոցում: Ի տարբերություն նախորդ պայքարի, այստեղ Շենգավիթի ղեկավարի մասնակցությունն ավելի ուժգին է լինելու, քանի որ այս ընթացքում նա մերձավորից վերածվել է ավելի կարեւոր մարդու՝ Քալաշյանի  որդու քավորն է: Դպրոցում տիրող վիճակի մասին մենք լսեցինք նաեւ Սարգիս Հովհաննիսյանին:



Վերջինս նախ փորձեց իմանալ, թե ով է «իստոչնիկը», ապա շարունակեց. «Ձեր տեղեկություն տվողին ասեք քիչ գողացի  դպրոցից, ես նման տեղեկություն իրա մասին կարամ ասեմ, որ ծնողներից փողը լափում ա ու հասցրել ա մեր կոկորդին, որ մենք ուզում ենք շուտ ազատվենք դրանից»: Մեր հարցին, թե ում նկատի ունի, պատասխանեց. «Ով որ ինֆորմացիա Ձեզ տվել ա: Ես լրիվ համոզված եմ, որ ինքն ա տվել, ասեք քիչ լափի, որ ծնողներից փող եք հավաքում զխկտվում եք՝ դրա համար, որ հետամուտ ենք լինում եւ ուզում ենք փոփոխություններ անենք: Ես չեմ ցանկանա, որ էդ ադմինիստրացիան էնտեղ լինի, բայց չի նշանակում, որ մեկի համար միջամտում եմ»:



Գոռգոռում էր Հովհաննիսյանն ու ասածի հավաստիությունը փորձում ապացուցել երդումով: «Աբսալյուտնի երդվում եմ՝ երեխեքիս արեւ, ոչ մեկին չեմ կանչել, անգլիական պասլովիցա կա՝ մի անհանգստացրու անհանգստությունը, քանզի անհանգստությունը չի անհանգստացրել ձեզ: Ուզո՞ւմ եք անգլերեն ասեմ դա Ձեզ»,- ասաց ու առանց սպասելու մեր պատասխանին՝ մի կերպ արտաբերեց նաեւ անգլերեն տարբերակը:



«Ուրեմն ասեք իրան թող չանհանգստացնի, թե չէ իրականից կսկսեմ անհանգստացնել իրանց, ասենք՝ հանգստությունը: Ես սուրբ եկեղեցու քավոր եմ, ինչ ա՞ նշանակում դա, մեր ռայոնում (նկատի ունի Շենգավիթ համայնքը) շատ մարդկանց ծնունդ ենք արել եկեղեցում, ես դաժե չգիտեմ էլ Քալաշյան Մարինայի տղայի անունը, եթե հիմա հիշում եմ, թող Աստված ինձ պատժի: Մարդկանց կհարցնեմ՝ կասեն-կհիշեմ: Հա, հիշեցի, Արտյոմ ա անունը, երեխեքիս արեւ, թե մինչեւ հիշելս էդ անունը ես գիտեի: Դա կապ չունի, էլի ես ատկազ չեմ անում, որ քավոր եմ, բայց չի նշանակում, որ դա դրոշակ սարքեն, թե դրանից ես օգտվում եմ: Մրցույթ ա լինում, ով հաղթի՝ Աստված իր հետ»,- մաղթեց աստվածավախ թաղապետն ու ցավով ամփոփեց, որ ինքը «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում այդ դպրոցին 250 հազար դրամ էր փոխանցել, սակայն նրանք կայքում չարությամբ  ներկայացրել էին 100 հազար դրամ, եւ միայն իր զանգից հետո է ճշտվել գումարի իսկական չափը: