Հարսանիքները վրանում արեք

Հարսանիքները վրանում արեք
Ուրբաթ օրը վաղ առավոտից Չարենցավանի հարսանյաց սրահների աշխատակիցներն ու տնօերնները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ բողոքելու սրահներից գանձվող հարկերի բարձրացման համար:



Նրանք հավատացնում էին, որ իրենք տարիներ շարունակ կատարել են հարկային պարտավորությունները եւ օրերս տեղեկացել են, որ հարսանյաց սրահները հարկվում են հաստատագրված հարկով՝ համաձայն կառավարության որոշման:



Իսկ դա նշանակում է, որ Չարենցավանի հարսանյաց սրահների պարագայում այսուհետ ոչ միայն հարկային պարտավորություններն են մի քանի անգամ ավելանալու, այլեւ նախորդ տարիների համար եւս մեծ տուգանքներ պետք է վճարեն, ինչը չարենցավանցիների պնդմամբ փաստացի անհնար է դարձնում իրենց հետագա գործունեությունը: Հետեւաբար պահանջում էին կառավարությունից  կրճատել հարկերը:



«Մինչեւ էսօր աշխատել ենք պարզեցված հարկատեսակով, բայց հիմա պարտադրում են, որ հարկվենք հաստատագրված վճարով: Այսինքն, եթե մենք հարսանյաց սրահը մինչեւ հիմա տրամադրում էինք շատ մատչելի 80 հազար դրամով՝ յուրաքանչյուր հարսանիքի համար, ապա այսուհետ ստիպված պետք է առաջարկենք 300-400 հազար դրամ, որովհետեւ  հաստատագրված հարկի դեպքում պետք է հարկվենք սրահի տարածքի չափով՝ անկախ նրանից միջոցառում եղել է, թե ոչ: Կոնկրետ ես ամսական պետք է վճարեմ մոտ 600 հազար դրամ հարկ, էդ դեպքում ոչ բնակիչներն են պատրաստ վճարելու, ոչ էլ մենք ենք կարող շարունակել, դրա համար հիմա օբյեկտները փակել ենք, աշխատողներին տուն ուղարկել: Անգամ Չարենցավանի սոցիալապես անապահով վիճակը հաշվի չեն առնում»,-ասում էր «Որդի Էրիկ» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Խեչոյանը:



«Մեզ անխղճորեն զրկում են օրվա հացից: Էս պետությունը աշխատատեղեր չի բացում, չի էլ թողնում  մասնավորի տված փողով յոլա տանենք...Բայց դե լափել են, պիտի բյուջեն էս մարդկանց հաշվին հավաքեն՝ թե՞ չէ, օլիգարխներից չհավաքագրված հարկերի տեղը փակեն», լացակումած ասում էր սրահներից մեկի աշխատակիցը:



Մեկ այլ հարսանյաց սրահի ադմինիստրատոր Աննա Սիրունյանի պահանջը եւս նույնն է՝ կրճատել հարկերը. «Դրա 1 տոկոսը սրահն ու աշխատողները չեն վաստակում, մենք որտեղի՞ց այդ գումարը տանք: Հիմա 600 հազար դրամի հարկ են դրել, երեք տարի այդ գործընթացն ընթացքի մեջ է եղել, բայց մենք տեղյակ չենք եղել»: Հարսանյաց սրահի տերերը իրողությունն իրենց նկատմամբ «ֆինանսական տեռոր» էին համարում:



«Էդ ոնց եղավ՝ մի օրում ամեն ինչ փոխվեց: Երեկ տեղեկացրել են, վաղը կգան տուգանքների հետեւից, որը մեր դեպքում մոտ 10 մլն-ի կարգի է: Մեր առաջարկն է հստակություն մտցնել օրենքի մեջ եւ կրճատել հարկերը»,ասաց «Որդի Էրիկ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Անուշ Ներսիսյանը:



Ի դեպ չարենցավանցիները դիմել էին «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին, սակայն նրանց լսելու էին եկել միայն «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորների միջնորդությամբ  նրանք պետք է  հանդիպեին ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ:



Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը կես կատակ առաջարկեց, թե՝ «անցեք վրաններով հարսանիքների»: