Հիմա էլ սա

Հիմա էլ սա
Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքները արդեն մեկնարկել են: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ Կաթողիկեին կից կառուցվելու է Սուրբ Աննա եկեղեցին, որը ծառայելու է որպես կաթողիկոսի երեւանյան նստավայր: Շինարարական աշխատանքներին զուգահեռ բարձրանում է նաեւ աղմուկը:



Ուրբաթ օրը «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը, որը ծնվել է Facebook սոցցանցում, Կաթողիկե եկեղեցու մոտ «Ոչ Կաթողիկեի այլանդակմանը», «Ես դեմ եմ ապօրինի շինարարությանը» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով բողոքի ակցիա անցկացրեց: Ակցիային մասնակցում էին ոչ միայն «Հիմա»-ի ակտիվիստները, այլեւ հասարակ քաղաքացիներ:



Նրանք մոտենում էին, վերցնում «Ես էլ» մակագրությամբ պաստառը եւ կանգնում մյուսների կողքին: Ակտիվիստները համոզված են, որ եկեղեցու շուրջ ծավալված շինարարությունն ապօրինի է: «Մինչ շնարարություն սկսելը, այստեղ Լեզվի ինստիտուտն էր, բավականին գեղեցիկ շենք, որը քանդեցին: Սկզբում մենք գիտեինք, որ այստեղ այգի է լինելու, բայց չէ՝ գտնվեցին ինչ որ բարերարներ, ովքեր առաջարկեցին իրենց պայմանները, ինչ որ անհասկանալի եւ անիմաստ մի պրոյեկտի, որին մենք դեմ ենք»,-ասաց  նախաձեռնության անդամ Արայիկ Դավթյանը:



Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ եկեղեցի, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երեւանյան նստավայրը:  Նախաձեռնության անդամները պաշտոնապես դիմել են Մշակույթի նախարարությանը, որը պետք է հաստատի նախագիծը:



«Մենք ինչպես եւ ճարտարապետների միության նախագահն էլ վերջերս ասաց, համոզված ենք, որ ոչ մի նախագիծ էլ չկա: Հիմա մենք սպասում ենք պատասխանի, թե որ նախագծով են իրականացնում այս շինարարությունը: Այս շինարարությունը ապօրինի է»,-համոզված են նախաձեռնության անդամները: Նրանք շինարարությունը չդադարեցնելու դեպքում կազմակերպելու են նաեւ ստորագրահավաք .«Ընդհուպ դիմելու ենք դատարան»: Նախաձեռնությանն արդեն 1200 մարդ է միացել եւ շարունակում են միանալ, սակայն դատելով շինարարական աշխատանքների թափից, պատկան մարմինները այն դադարեցնողը չեն: