Կարող ե՞ք ամեն ինչ թողնել, որ գանք ձեր ետեւից...

Կարող ե՞ք ամեն ինչ թողնել, որ գանք ձեր ետեւից...
Կաթողիկեի խնդիրը ցույց տվեց, որ մեր հանրապետությունը թեեւ աշխարհիկ՝ եկեղեցու վրա իշխանություն չունի կամ ուզում է հաճոյանալ նրան: Լեզվի ինստիտուտի շենքը հրաշալի շենք էր եւ Կաթողիկե տանող ճանապարհներն այլ կողմերից կարելի էր փնտրել, վերջապես եթե իսկապես հանուն Կաթողիկեի էր՝ կարելի էր եւ զոհել:



Սակայն պարզվեց, որ նպատակը Կաթողիկեն ի տես բերելը չէր: Այսօր Կաթողիկեի կողքին կառուցվում է մի եկեղեցի, որը չգիտես՝ ներդաշնակ կլինի՞ Կաթողիկեի կամ ընդհանրապես տարածքի հետ, իր ետեւից Կաթողիկեն կարեւա՞ առհասարակ...



Ի վերջո, ինֆրակառույցների խնդիր կա, փողոցների գերբեռնվածության խնդիր: Արդյո՞ք դա եկեղեցու եւ կաթողիկոսի նստավայրին հարմար վայր է: Ակնհայտ է՝ ճարտարապետների հետ չեն խորհրդակցել: Ընդհանրապես, թվում է՝ Եկեղեցին՝ Մայր Աթոռը, ավելի շատ իր շահերին է հետամուտ:



Բարձրաստիճան եկեղեցականների կենցաղին նայելով ապշում ես. այդ մարդիկ հավատացյա՞լ են, այդ մարդիկ հետեւում ե՞ն Հիսուսի պայմանին՝ ամեն ինչ թող, եթե ուզում ես հետեւել ինձ... Մերոնք ոչինչ թողնել չեն ուզում՝ թե՛ եկեղեցին, թե՛ որոշ  եկեղեցականներ մասնավորապես: Նրանք  մեր օլիգարխներին հավասար կենցաղ են վարում: Առհասարակ, եկեղեցու պահանջ Հայաստան աշխարհում չկա, իսկ անտուն մարդ՝ ինչքան ասես: Չգիտես ինչու փողերն անընդհատ գնում են եկեղեցի կառուցելու վրա, ոչ ոք չի մտածում մի տուն կառուցել ու գոնե մի քանի անօթեւան մարդու օգնել: Դրանից ավելի աստվածահաճո գո՞րծ...



Մնում է կարծել, որ եկեղեցուն եկեղեցուն լրացուցիչ «օֆիսներ» են պետք՝  բիզնես առաջ տանելու: Դեպքերի բերումով ականատես եմ մի բարձրաստիճան  եկեղեցականի կենցաղին՝ դղյակ, ամենաշքեղ մեքենաներ... ապշում եմ՝ Հիսուսն ուղտի քուրձով, բոկոտն, անապատներով քայլել է եւ հավատ ու խոնարհություն քարոզել, մերոնք՝ ջիպերով ասֆալտի վրա, քարոզելուն անհավես:



Այս վարքով նրանք իրավունք ունե՞ն աղանդների դեմ պայքարելու, ո՞նց գնաս իրենց  սեւ ապակիներով ջիպերի հետեւից, ինչի՞ն հավատալով... Չգիտեմ՝ ինչը կսթափեցնի... Պարզվում է՝ մարդկային ագահությունը ոչ մի փողրակով փակել հնարավոր չէ, այն նույնիսկ Աստծո հավատի փողրակով է գալիս եւ նստում խեղճ մարդու ուսերին:



Այն հովանավորները, որոնք ուզում են անպայման անմահանալ եկեղեցի կառուցելով՝ չեն մտածո՞ւմ, որ անտուն աղքատների օթեւան կառուցելով նույնպես կարելի է անմահանալ, կամ ինչ պարտադիր է անպայման անմահանալ: Սա էլ յուրատեսակ սնոբություն է. էս երկրում, էս վիճակում փողը չտալ սոցիալապես կարիքավորներին, տալ եկեղեցի կառուցելուն, երբ եկեղեցու պակաս չկա: Ականջդ կանչի Գուսան Ջիվանի...



Գուրգեն Խանջյան, արձակագիր, դրամատուրգ