«Արմավիան» իր պարտականությունները չի կատարում եւ շարունակում է ստել

«Արմավիան» իր պարտականությունները չի կատարում եւ շարունակում է ստել
Չնայած «Արմավիա» ընկերությունը դեռ անցած տարվա դեկտեմբեր ամսից դադարեցրել է արտոնյալ տոմսերի տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց, չգիտես ինչու, ժխտում է այդ փաստը:



Ընկերությունը, համաձայն ԱՊՀ անդամ պետությունների միջեւ 1993թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթեւեկության ճանաչման» մասին  համաձայնագրի, պարտավոր էր պարտաճանաչ կերպով, սահմանված սեզոնային արտոնությունների ժամանակաշրջանում՝ հոկտեմբերից մինչեւ մայիսի վերջն ընկած հատվածում, 50 տոկոս  զեղչել նշյալ անձանց ավիատոմսերի արժեքը:



«Մինչեւ 2010թ. հունվարի 1-ը «Արմավիա» ընկերության կողմից վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում  զեղչ սակագներով մատուցված ծառայություններից չստացված եկամտի չափը կազմել է 308 մլն 104 հազար ՀՀ դրամ, սակայն մինչ օրս որեւէ փոխհատուցում ավիաընկերությունն իր մատուցած ծառայությունների համար չի ստացել: Ելնելով վերոգրյալից՝ ավիաընկերությունն այլեւս հնարավոր չի համարում արտոնյալ պայմաններով ծառայությունների տրամադրումը». այսպիսի գրություն է ուղարկել «Արմավիայի» տնօրինությունը, երբ դեկտեմբերին,  այս խմբին պատկանող մարդկանց դիմումների համաձայն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է պահանջել ընկերությունից:



Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն, երթեւեկության արժեքի վճարման հետ կապված ծախսերի փոխհատուցումը տրանսպորտային կազմակերպություններն իրականացնում են օրենքով սահմանված կարգով:



«Արմավիայի» պատասխանը ստանալուց օրեր անց, սոցապնախարարությունը գրավոր դիմել է ֆինանսների նախարարությանը, պատասխանից պարզ է դառնում, որ «Փոխհատուցումը կարգավորվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով: Հետեւաբար անընդունելի է ընկերության կողմից արտոնյալ պայմաններով ծառայությունների հետագա տրամադրման դադարեցումը»:



Այսինքն, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց տրամադրված տրանսպորտային զեղչի գումարը պետությունը ոչ թե ուղղակիորեն փոխհատուցում է, այլ նույն չափով նվազեցնում է նրանց վճարելիք հարկերից: Եւ այս խմբի անդամները շատ չեն եւ հաճախ չեն օգտվում իրենց արտոնությունից, «Արմավիան»  հրաժարվել է իր պարտավորությունից:



Եւ ահա 2011թ մայիսի սկզբին սոցապնախարարությունը դիմել է ՀՀ վարչապետին, խնդրելով միջամտել եւ հարցին լուծում տալ: Ի՞նչ է պարզվել: Պարզվել է, որ «Արմավիան» ոչ միայն վերոնշյալ, այլեւ ողջ ծառայությունների դիմաց նախորդ տարիների կտրվածքով պետությանը խոշոր հարկային գումար է պարտք, որը հինգ անգամ ավելի է, քան պետության փոխհատուցելիք գումարի չափը (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  հաշմանդամների եւ ծերերի հարցերով զբաղվող վարչությունից  կոնկրետ թվեր չցանկացան տրամադրել):



Ավելին` կառավարության նամակում հայտնել են, որ պետությունը ավիաընկերությանը դեռ ամիսներ առաջ է զգուշացրել. որ հարկային պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու համար մտադիր է խզել  ընկերության հետ պայմանագիրը. «Արմավիան» էլ խնդրել է մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակ տալ` պարտքը մարելու առաջարկով:



Ինչ է ստացվում, «սելը ճռռալու փոխարեն, սելվորին են ճռռացրել». հավանաբար «Արմավիան» այնքան ծանր կացության մեջ է հայտնված, որ  հարկային բեռը նվազեցնելու համար «ամենախոցելի» խմբի մարդկանց օրենքով իրենց հասանելի ծառայությունից զրկել է:



Այս մարդկանց «իրավապաշտպան» աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը  կատարվածը կարգազանցություն է համարում եւ պատրաստվում է առաջիկայում կառավարությանը առաջարկել, որ մեկ  այլ ավիաընկերության հետ պայմանագիր կնքեն.«Այս մարդկանց չի հետաքրքրում պետության եւ ավիաընկերության միջեւ եղած խնդիրները, իրենք օրենքով իրենց հասանելիքն են պահանջում»:



Հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո «Արմավիան» շարունակում է անամոթաբար ստել, թե ինքը պատշաճ ձեւով իրականացնում է այս ծառայությունը: «Չնայած այն հանգամանքին, որ ավիաընկերությունը վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում զեղչ սակագներով մատուցված ծառայությունների համար միայն մասնակի փոխհատուցում է ստացել, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակում է բարեխղճորեն ընդառաջել հաշմանդամներին՝ կիրառելով իր կատարած փոխադրումների համար սակագնային արտոնություններ՝ հաշվի առնելով նրանց սոցիալական դրությունը, տարիքը եւ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդը»,- մեզ հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից:



Սա այն դեպքում, երբ երեկ ինքներս, զանգահարելով «Արմավիա», տվյալ կարգավիճակը ներկայացնող անձի անունից արտոնյալ տոմս խնդրեցինք ու  մերժում ստացանք: