Կառավարության որոշումն առնվազն անբարոյական է. Անահիտ Թարխանյանի բաց նամակը` վարչապետին

Կառավարության որոշումն առնվազն անբարոյական է. Անահիտ Թարխանյանի բաց նամակը` վարչապետին
Ֆլամինգո-Արտ լողափ ՍՊԸ-ի հիմնադիր Անահիտ Թարխանյանը բաց նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, կրկնօրինակները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, նախագահ Վլադիմիր Մովսիսյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` ՀՀ կառավարության 28 ապրիլ 2011թ․ թիվ 527–Ն Սևան ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման վերաբերյալ:



Նամակում ասվում է.

Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Այդ որոշումն օրինական չէ և պետք է ճանանչվի անվավեր։ Որոշման նախագիծը պատրաստող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները գիտեին, որ «Ֆլամինգո» լողափի հողամասը տիրապետում է «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն։ Ես հիմնադրել եմ «Ֆլամինգո» լողափը 1996 թվականին և տասնհինգ տարի անընդմեջ հանդիսանում եմ այդ հողամասի բարեխիղճ վարձակալը և հողօգտագործողը։ Որոշման նախագիծը պատրաստողները նույնպես չէին կարող չիմանալ, որ այդ տարածքում ես ունեմ իմ սեփականությունը հանդիսացող տարբեր կառույցներ և բարեկարգումներ։ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու պահին ես տեղեկացված չեմ եղել, որ որևէ իրավասու մարմին չեղյալ է համարել «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի կոմից հողամասի տիրապետումը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր որոշումն ընդունել է ինչ-որ պաշտոնատար անձանց ենթադրության հիման վրա, իբրև թե իրենք կարող են այդ հողամասի ճակատագիրը որոշել առանց փաստացի հողօգտագործողի կարծիքը հարցնելու։



Կառավարության որոշումը նույպես չի պարզաբանում թե ում տիրապետման տակ է գտնվում այն հողամասը, որտեղ կառավարությունը որոշել է գումար ներդնել հանրային լողափ կազմակերպելու համար։ Արդյունքում ստացվել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պետական միջոցները ներդնել մասնավոր ընկերության տիրապետման տակ գտնվող հողամասում կամ, առնվազն, վիճելի տարածքում։ Այդ անօրինական որոշումը սկիզբ է դրել մի շարք անօրինական գործողությունների։



ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով, Լևոն Գալումյանի ճարտարապետական արհեստանոցը , առանց օրենքով նախատեսված հիմքերի, մասնավորապես՝ առանց սահմանված ճարտարապետա-նախագծային առաջադրանքի, կատար ե լ է հանրայ ի ն լողափերի կազմակերպման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։ Այդ ոչ մի արժեք չունեցող քաղաքաշինական փաստաթղթերի համար կառավարությունն ըստ իր որոշման վճարել է կամ պետք է վճարի չորս միլիոն դրամ։ Իսկ «Նաիրիշին» ՍՊԸ-ն առանց համապատասխան շինարարության թույլտվության մայիսի 12 -ից սկսել է շինարարական աշխատանքները, որոնք հույս ունի ավարտել 2011 թվականի հունիսի 15-ին, և ստանալ կառավարությունից այդ անօրինական շինարարական աշխատանքների համար 62 միլիոն դրամ։ Միգուցե «Նաիրիշին» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես վստահելի գործընկեր, բայց հասարակության մեջ կա ձևավորված կարծիք, որ դա ՀՀ բնապահպանության նախարարի հետ փոխկապակցված ընկերություն է։ Այդ դեպքում, ըստ Ձեզ, ին՞չ նկատի ուներ ՀՀ նախագահը, երբ հայտարարեց, որ կոռուպցիան մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է։



«Նաիրիշին» ՍՊԸ-ի շինարարական աշխատանքներին նախորդել է ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 115 ծառերի ծառահատումը։ Եթե այդ տարածքը, որտեղ կատարվել է ծառահատում, պետք է այս տարի, ըստ բնապահպանության նախարարության, անցնի ջրի տակ, ապա ինչու հենց այդ տարածքում նույն նախարարությունը որոշել է մինչև հունիսի 15-ը ներդնել մի քանի միլիոն դրամ գումար։ Իսկ եթե ակնհայտ է, որ այդ տարածքը մոտակա մի քանի տարիների ընթացքում դեռ չի անցնելու ջրի տակ, ապա ինչու՞ կատարվեց այդ վաղաժամ ծառահատումը։



Բնապահպանության նախարարության աշխատակիցներն այնքան են շտապել կատարել նախարարի բանավոր հրահանգը, որ ծառահատումն իրականացրել են ոչ աշխատանքային օրերին և առանց այդ պահին համապատասխան անտառահատման տոմս ունենալու։



Բնականաբար նման գործելակերպի արդյունքում նրանք հայտնվել են Սևանի ոստիկանության բաժնում, որը ներկա դրությամբ վարում է այս գործով համապատասխան հետաքննություն։ Ենթադրում եմ որ Սևանի ոստիկանության բաժնում կհայտնվեն նաև «Նաիրիշին» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ առանց համապատասխան շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։



Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է իմ՝ օրենքով պաշտպանված իրավունքների ոտնահարումը, և բնությանը պատճառված անշրջելի վնասը, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը։



Առաջարկում եմ կասեցնել բնության հատուկ պահպանվող տարածքում «Նաիրիշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները մինչև հողամասի տիրապետման վերաբերյալ առաջացած վեճի լուծումը՝ բանակցությունների միջոցով կամ դատական կարգով։ Որպեսզի այդ ընթացքում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման կատարումն ըստ էության չձախողվի, «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն պատրաստ է սույն թվականի ամռանն ապահովել բոլոր հանգստացողների համար անարգել մուտքը լողափ և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։



Հուսով եմ, որ չեք մերժի իմ խնդրանքը։ Ավելորդ եմ համարում այստեղ նկարագրել իմ հոր՝ Արթուր Թարխանյանի անձնական ներդրումը Հայաստանի ազգային

ճարտարապետության զարգացման գործում և իմ անձնական ներդրումն այդ ոլորտում։ Չեմ կասկածում, որ կառավարության բոլոր անդամները գիտեն, որ ես արդար քրտինքով եմ վաստակում ընտանիքիս օրվա հացը։ Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ էության, զրկել ինձ «Ֆլամինգո» լողափը տիրապետելուց, առնվազն անբարոյական է։ Նման գործողությունն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ նախագահի և կառավարության կողմից մարդու արժանապատվության և իրավունքների հիման վրա Հայաստանում հռչակված բարեփոխումների ծրագրին։