Բնակիչներին տարհանեցին

Բնակիչներին տարհանեցին
Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի 15-րդ շենքի բնակիչները 2 օր է, ինչ տարհանվել են: Մայիսի 14-ի ուշ  երեկոյան բնակիչներից մեկն ահազանգել է, որ տան ծեփը թափվում է: Փրկարարները տեղ հասնելով՝ որոշել են շենքն ազատել բնակիչներից, քանի որ այն վթարային է: 1984թ. շահագործման հանձնված ինը հարկանի շենքի բետոնե սյուներն արդեն փլուզվում են:



Շենքը բաղկացած է 36 բնակարանից, ապրում է 150 մարդ: Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով, տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են հարազատների ու բարեկամների տներում: Քաղաքապետարանը նրանց առաջարկել է ցանկության դեպքում ապրել հիվանդանոցում կամ հյուրանոցում:



Այժմ շենքը շրջափակված է ժապավեններով, սահմանված է շուրջօրյա հսկողություն՝ ոստիկանների եւ փրկարարների կողմից, որով արգելվում է շենք մտնելը: Իսկ շենքում սկսվել են ամրացման աշխատանքները, Մեղրիում են «Սեյսմիկշին»-ի մասնագետները: Տեղական իշխանությունները խոստացել են մոտ 20 օրից բնակիչներին վերադարձնել իրենց տները: