Ենթադրվում է, որ «Մերսեդեսի» վարորդը խմած է եղել

Ենթադրվում է, որ «Մերսեդեսի» վարորդը խմած է եղել
Երեկ,  երեկոյան ժամը 21-ի սահմաններում  Արցախի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 UL 673 պետհամարանիշի ավտոմեքենան եւ «Գազել» մակնիշի 76 համարի 34 56 Տ պետհամարանիշի երթուղային տաքսին: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտել էր «Մերսեդեսի» վարորդը:



Նա մեծ արագությամբ կտրել-անցել էր փողոցը եւ բախվել վերեւից իջնող երթուղային  «Գազելին»: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Մերսեդեսը» 2 մասի էր բաժանվել ու պայթել: Մեր տեղեկություններով, «Մերսեդեսի» մեջ եղել են վարորդի հղի կինն ու երեխան: Դեպքի վայրում պատմում էին, որ «Մերսեդեսը» մի քանի րոպե առաջ խուսափել էր մեկ այլ վթարից ու բախվել երթուղային տաքսուն: Ենթադրում էին, որ վարորդը խմած է եղել:



Նախնական տվյալներով, մահացել է 4 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 9-ը: Ականատեսների պատմելով, երբ մեքենաներն իրար են բախվել, ու պայթյուն է եղել, մարդիկ պատուհաններից իրենց դուրս են նետել: Երթուղային տաքսու վարորդը եւ նրա  կողքին նստած մեկ  ուղեւոր այրվել էին: Նրանց դիակները փրկարարները հանեցին  պատահարից մոտ 3 ժամ հետո:



21-ամյա Գուրգենը երթուղային տաքսու մեջ է եղել: Նա ոչինչ չի հիշում, ուժեղ ձայն է լսել, մեկ էլ իրեն հիշում է արդեն հիվանդանոցում: Ընդունարանում անհանգիստ էր մի կին, ում պատմելով՝ նրա որդին ընկերոջ հետ տնից դուրս է եկել. հիմա ընկերը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, իսկ որդուց տեղեկություն չուներ:



Տուժածներից ամենափոքրը՝ Գոռ Հայրապետյանը 7 տարեկան է, վիրավորների մեջ նաեւ հղի կին կար: Տուժել է նաեւ հիվանդանոցի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ Մուշեղ Գեւորգյանը, ում նրա գործընկերները պատրաստվում  էին վիրահատել:



Բժիշկների գնահատմամբ, նախնական տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դեռ ոչինչ հստակ չէին կարող ասել: Բոլոր տուժածները  հետազոտվում էին, նրանք ստացել էին  տարբեր աստիճանի այրվածքներ: Հիվանդանոցում էին նաեւ քննչական վարչության աշխատակիցները, ովքեր դեռ ոչինչ պաշտոնապես չասացին:



Պատահարի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, թիվ 76 երթուղային գիծն օրերս Երեւանի քաղաքապետի հրամանով զրկվել էր լիցենզիայից: Պետք է պարզել, թե ինչպես էին 76 համարի մեքենաները շարունակում սպասարկել բնակչությանը: