Տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են

Տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են
Մայիսի 17-ին Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում տուժածներից երեքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժանմունքում են: Բժիշկները գիշերը երկու վիրահատություն են կատարել, հիվանդների վիճակը միջին ծանրության է: Վիրավորներից 5-ը տղամարդ են, 3-ը՝ կին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  վիրավորներից մեկը 5 ամսական հղի է, ու բժիշկների գնահատմամբ, պտղի հետ խնդիրներ չկան, ու նա նորմալ կծննդաբերի:


Տուժածներից ամենափոքրին՝ 7 տարեկան Գոռին, հակաշոկային բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն: Ճշտված տեղեկություններով վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ին ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը  և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը: Մահացած 4 անձանցից այս պահի դրությամբ պարզվել է «Մերսեդես» մակնիշի 23 UL 673 պետհամարանիշի ավտոմեքենայի  վարորդի անունը՝ 1987թ. ծնված  Սերգեյ Բախշյան եւ «Գազել» մակնիշի 76 համարի 34 56 Տ պետհամարանիշի երթուղային տաքսու վարորդի անունը Աշոտ է, նա մոտ 60 տարեկան էր:


Մահացել են նաև երթուղային տաքսու 2 ուղևորները, որոնց ինքությունը դեռ ճշտվում է: Աշխատանքները դժվարանում է նրանով, որ նրանց մարմիններն այրվել են: Հիշեցնենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում երեկ, ժամը 21.27-ին Արցախի փողոցում իրար են բախվել  «ԳԱԶել»-ն   և «Մերսեդես»-ը, ինչի հետևանքով  հրդեհ է բռնկվել: