Հանրային շահը՝ գերակայություն

Հանրային շահը՝ գերակայություն
«Հրապարակ» թերթի մայիսի 17-ի համարում հրապարակվել է «Առաջարկում ենք կասեցնել շինարարությունը» վերտառությամբ հոդված` Սեւանա լճի ափին կառուցվող հանրային լողափի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ այդ գործողությունները կատարվում են՝ համապատասխան ՀՀ կառավարության 28 ապրիլի N527-Ն որոշման, որով նախատեսվել է Սեւանա լճի ափին կառուցել 2 հանրային լողափեր:



Լողափերի կառուցումը հետապնդում է հանրության համար մատչելի եւ հասանելի հանգստի կազմակերպման նպատակ, որով իսկ ապահովվում են մեր քաղաքացիների` ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված ազատ, անարգել ջրօգտագործման իրավունքները: Այդ նպատակով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  կողմից  ընտրվել է  պետական սեփականություն հանդիսացող հողամաս, որը ծանրաբեռնված չէ իրավունքներով, այսինքն` չունի իրավունքների նոտարական վավերացում եւ պետական կադաստրում գրանցում ունեցող պայմանագիր, եւ կառավարության որոշման անօրինականության մասին խոսք լինել չի կարող: Հոդվածագրի հիմնավորումներն իր իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն են, որի հաստատումն են  հոդվածում ոչ պատահական օգտագործված «հողօգտագործում» եւ «տիրապետում» արտահայտությունները:



Կառավարության որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող նշված լողափերը կկահավորվեն եւ կբարեկարգվեն՝ առաջին հերթին ծառայելով հանրային շահին, քանզի մուտքը լողափեր լինելու է անվճար: Հանրային շահի պաշտպանության խնդիրը, ինչ խոսք, չի կարող որեւէ կերպ համադրվել ապօրինի «հողօգտագործողի» շահի հետ:



Հոդվածագրի կողմից «բնապահպանական մտահոգության» շղարշի տակ բարձրացված մյուս հարցերն անհիմն են ու ստահոդ: Կատարվող ծառահատումները 2011 թվականի մաքրման աշխատանքների մաս են կազմում, դրանք կատարվում են 1901.5 մ բացարձակ նիշից ներքեւ, իսկ տվյալ տարածքի մաքրվող հատվածը գտնվում է 1900.4-1900.8 մ բացարձակ նիշի սահմաններում: Հոդվածում նշված ծառահատումների հետ կապված համապատասխան փաստաթղթերի իբր բացակայությունն իրականությանը չի համապատասխանում: Իրականում մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն   «Սեւանա լճի ափամերձ անտառտնկարկների մաքրման աշխատանքների» կատարման պայմանագրի օրինակելի ձեւի, որով անտառտնկարկների մաքրման աշխատանքներն իրականացվում են առանց պետական բյուջեի ֆինանսավորման:



Կառուցվող լողափերում կառուցապատումն իրականացվելու է՝ համաձայն կառավարության 18.12.2008թ. N 563 -Ն որոշման,  ժամանակավոր շինությունների տեսքով, որոնք, լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ, կարող են անվնաս ապամոնտաժվել եւ տեղափոխվել ավելի բարձր մակարդակի վրա: Այնպես որ, հեղինակի «մտահոգությունը» գումարների փոշիացման վերաբերյալ անհիմն է:



Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ապօրինի է «Ֆլամինգո Արտ» կազմակերպության կողմից կառուցված սրճարանը, որը գտնվում է հիմնական կառուցապատումն արգելված` 1905.0 մ բացարձակ նիշից ցածր, այսինքն` 1901.0 մ սահմաններում: Այդ մասին են վկայում նաեւ 2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Շինությունը, ըստ ՀՀ օրենսդրության, պետք է ապամոնտաժվի կառուցապատողի միջոցների հաշվին, ինչը մինչ օրս չի կատարվել:



Ինչ վերաբերում է հոդվածագրի հոր` նշանավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի վաստակը գնահատելուն, ապա մենք նույնպես բարձր ենք գնահատում նրա ներդրումը հայոց ճարտարապետության մեջ, սակայն այն խնդրո առարկա նյութի հետ կապ չունի, եւ նրա անունը շահարկելը հարիր չէ հենց նրա մեծ վաստակը վկայակոչող հոդվածագրին:



«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին