Ոտքս թեթեւ լինի

Ոտքս թեթեւ լինի
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն ու դպրոցների մի քանի տասնյակ տնօրեններ երեկ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում քիչ մնաց խեղդվեին մաստիկայի սուր հոտից, էլ չենք խոսում սղլիկ  ու պլպլան հատակի մասին, որի վրա ընկնելն ու կոտրվածքներ ստանալը մեկից մեկ կլիներ: Բարեբախտաբար, ամեն ինչ սայթաքումներով ավարտվեց:



Թվում էր, թե այս էքստրեմալ պայմանները դիտավորյալ են ստեղծել, եւ տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դրանով մտադրվել է վրեժ լուծել վերադասից, քանի որ նա էլ երկու անգամ իրեն է խայտառակ արել՝ իր «անբասիր» գործունեության համար խիստ նկատողություն հայտարարելով: Սակայն ներսում վստահեցրին, որ այդ հատուկ պատրաստության առիթն այն է, որ դպրոցում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագիր ձեռք բերելու քննական երկրորդ փուլը:



Դպրոցը լեփ-լեցուն էր դպրոցների տնօրեններով: Հուզմունքն ու իրարանցումը հիշեցնում էին բուհական ընդունելության քննություններ: Մասնավորապես բացման արարողությունը, երբ վաստակաշատ տնօրեններն ու տնօրենի հավակնորդները հուզված լսում էին Աշոտյանի քաջալերանքն ու բարոյախրատական ճառը:



«Այս գործընթացով մենք փորձում ենք ձեզ հետ միասին հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող դնել, մենք փորձում ենք ձեզ հետ միասին կառավարման որակը դարձնել ընկալելի, ընդունելի այսօրվա պայմաններին, մենք ձեզ հետ միասին փորձում ենք կոտրել կարծրատիպեր, կաղապարներ, որ մեր դպրոցներում կարող են աշխատել նաեւ տգետ մարդիկ: Չեն կարող աշխատել, եւ դուք կապացուցեք դա»,-«դուխ տվեց» նժդեհական Աշոտյանը: Մի թեթեւ էլ կրթական բարեփոխումների վրայով  անցավ, ապա, հասնելով համակարգին ու իրեն ուղղված քննադատություններին, անհամեմատ երկար կանգ առավ:



«Հանրակրթության ոլորտում բարեփոխումներն անկասելի են, անկախ նրանից՝ մեզ քննադատում են այսօր, վարկաբեկում են այսօր, իսկ մենք գիտենք, որ անգամ մեր ամենախոր ախոյանները մեզ շնորհակալություն են հայտնելու»,- նախարարը պայծառատեսությամբ  ապշեցրեց մանկավարժներին ու հեռացավ՝ հույս հայտնելով, որ ոտքը թեթեւ կլինի:



60-ն անց տնօրենները հանձնելու են միայն գրավորը



Տնօրենների հավաստագրման գործընթացը, հատկապես ծավալուն հարցաշարը դժգոհություն էր առաջացրել 60-ն անց տնօրենների շրջանում, ովքեր մի քանի տարուց թոշակի են անցնելու եւ անիմաստ են համարում ուսումնասիրել 800 հարցն ու մասնակցել քննություններին: Առաջին փուլի ժամանակ նրանցից նույնիսկ կտրվողներ են եղել:



Սակայն օրերս նրանք նամակով դիմել են Սերժ Սարգսյանին ու հորդորել իրենց ազատել քննություններ հանձնելու պարտականությունից: Աշոտյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդառաջել են միայն մի մասով: Նրանք կսահմանափակվեն միայն թեստով, բանավոր չեն հանձնելու, եւ սխալների շեմն է իջեցվել՝ նախկինի 6 սխալի փոխարեն տարեց տնօրեններին հնարավորություն է տրվում մինչեւ 12 սխալ անել: Ի դեպ, հավաստագրման գործընթացում դժգոհություն առաջացնող կետերից մեկն էլ մինչեւ քննություն հանձնելը պարտադիր վերապատրաստվելու պահանջն էր մի քանի կազմակերպություններում՝ վճարելով 80-90 հազար դրամ:



Մինչդեռ շատ  թեկնածուներ ի վիճակի են իրենց ուժերով պատրաստվել քննությանն ու ուսումնասիրել հարցաշարը: Ըստ Աշոտյանի՝ սա նույնպես վերանայելու են, եւ աշնանը օրենքում փոփոխություններ մտցնելիս կհանվի նաեւ այս դրույթը: Ինչ վերաբերում է քննության բովանդակությանն ու օգտակարությանը, ապա Աշոտյանն այդ մասին հավաստիացրեց մի պատմությամբ: Պարզվում է՝ իրավական բնույթի հարցերը ստիպել են տնօրեններից մեկին զանգել իրեն ու շնորհակալություն հայտնել, որ այդ քննության շնորհիվ նրա իրազեկվածությունը բարձրացել է այն աստիճան, որ վերջինս կիրառել է իրենց դպրոցում տեսչական ստուգումների ժամանակ եւ հաջողության հասել:



Մեր հարցին, թե այդ տնօրենն ինչ տարիքի է եղել, որ  հավաստագրվելուց հետո է հասկացել, որ հիմնարկ ղեկավարելու համար անհրաժեշտ են իրավական գիտելիքներ, վերջինս սրամտեց. «Այդ տնօրենը կին էր, հետեւաբար տարիքի մասին չեմ ուզում ասել»: Ի դեպ, քննության ընթացքը վերահսկում էին կրթության  փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Այս նույն կազմը նախարարի գլխավորությամբ այսօր էլ պետք է անցկացնի բանավոր քննության փուլը: