Ցուցանմուշները պահպանվել են ու չեն կորել

Ցուցանմուշները պահպանվել են ու չեն կորել
Կապանի ավագանու որոշմամբ, մոտ երեք տարի առաջ քաղաքի միակ երկրագիտական թանգարանին նոր տարածք հատկացվեց: Սա, ըստ կապանցիների, լավագույն տարբերակը չէր, քանի որ կենտրոնական մասից թանգարանը տեղափոխվեց ծայրամաս: Իսկ թանգարանի նախկին շենքը  սեփականաշնորհվել է,  թանգարանին հատկացվել է նախկին մանկապարտեզի 2 շենք:



Հենց այդ օրվանից, կարելի է ասել, թանգարանը չի գործում: Տարածքը վերափոխել ու կառուցել էր պետք: 1969-ից հիմնադրված Կապանի թանգարանում պահպանվող 2 հազարից ավելի  եզակի ցուցանմուշները` քարեդարյան գործիքներ, բրոնզեդարյան զենքեր, պաշտամունքային, կենցաղային իրեր, զարդեր, նշանավոր մարդկանց ձեռագրեր, նամակներ եւ այլ նմուշներ, անհասանելի են այցելուներին:  Կառավարության որոշմամբ այս տարի թանգարանի նորոգման համար տրամադրվել է 80 մլն դրամ:



Սակայն աշխատանքները կսկսվեն հավանաբար հուլիսից եւ մինչեւ տարեվերջ կավարտվեն: Հիմա նախագծանախահաշվարկային աշխատանքներն են ընթանում, որին օգնում է Կապանի քաղաքապետարանը: Պետբյուջեից հատկացված գումարով փոխվելու են 2 մասնաշենքերի տանիքները, ցանկապատվելու, բարեկարգվելու է տարածքը, բոլոր դռներն ու լուսամուտներն են նոր տեղադրվելու, ձեւափոխվելու են պատերը: Նախատեսված է նաեւ լոկալ ջեռուցման համակարգ ունենալ, որպեսզի թանգարանային նմուշները ձմռանը խնդիր չունենան: Իսկ ցուցանմուշների պահեստարանների համար թանգարանի մեկհարկանի մասնաշենքը մեծացվելու է 8-10 մ-ով:



Մասնագետների համոզմամբ, այդ գումարով  հնարավոր չի լինելու մեծ ծավալի աշխատանքներ կատարել, բայց հնարավորն արվելու է, որպեսզի թանգարանը 2012-ից աշխատի: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի խոսքով, բացի նորոգումից, ներքին հարդարման աշխատանքներ պետք է արվեն: Արդեն 45 տարի է, կահույքը չի փոխվում, իսկ ցուցափեղկերը բերվել են Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարանից: Այդ ամենի համար մոտ 20 մլն դրամ է անհրաժեշտ: Ամեն դեպքում, թանգարանի կոլեկտիվն այս տարիներին ձեռքերը ծալած չի նստել:



Երեք գիտաժողով, տարածաշրջանի գյուղական համայնքներում արտագնա ցուցադրություններ, գիտարշավներ, հավաքչական աշխատանք: Բայց ամենակարեւորը, որ ցուցանմուշները խնամքով պահպանվել են ու չեն վնասվել: