Մշակույթի քաղաքականությունն է տրանսվիստիտական

Մշակույթի քաղաքականությունն է տրանսվիստիտական
«Եվրատեսիլ» մրցույթը, որի շուրջ հայ երաժշտական շրջանակներում, եւ ոչ միայն, այդքան բուռն քննարկումներ եղան, իրականում երաժշտության հետ ոչ մի առնչություն չունի: Այն ինչ-որ նոր տեսակի քաղաքականություն է, իր ենթամշակութային տեսքն ունի, որում մեր երկիրը նույնպես դարձել է մասնակից անդամ, ի դեպ՝ համապատասխան ռեսուրսով, որովհետեւ լուրջ երաժիշտ այնտեղ չեք տեսնի, դրանք միջին «կլասի», անհասկանալի, ժամանցային մակարդակի վրա աշխատող մատուցողներ են:



Եվ նստել՝ կշռադատված վերլուծականներ անել այս մրցույթի մասին՝ չարժե: Եվ այս պարագայում հաջողությունն ու անհաջողությունը համազոր են, որովհետեւ այն «հաջողությունը», որը մինչեւ հիմա իբր արձանագրել ենք, դրանք հաջողություններ չէին, իրականում պարտություններ էին: Երբ երգիչը կամ երգչուհին Հայաստանը ներկայացնում է տրանսվիստիտական կոնկուրսում եւ շահում է ինչ-որ տեղ, դա կարո՞ղ է պատիվ բերել: Իսկ «Եվրատեսիլը», եթե հիշում եք, սկսվել է որպես տրանսվիստիտական կոնկուրս, եւ առաջին տարիների հաղթողներ էին Վերա Սերդյուչկան, ինչ-որ լեսբիական սերբուհի:



Հետագայում համասեռականության այդ միտումը կամաց-կամաց որոշակի քաղաքականության եւ որոշակի դիպլոմատիայի տեսակ ստացավ՝ երաժշտության ձեւով, որի մեջ, չգիտես ինչու, մեծ սիրով ազգովի՝ մշակույթի նախարարությամբ հանդերձ, եւ հսկայական ռեսուրսներով համաձայնում ենք մասնակցել:



Խելոք մարդը պետք է հասկանա, որ եթե այս ուղղության վրա է շեշտը դրվում, կամ  էս մարդկանց համար են հատկացվում այդ գումարները, ուրեմն նաեւ մեր երկրի մշակույթի քաղաքականությունն է տրանսվիստիտական: Մեր պետական ինստիտուցիաները զբաղվում են տրանսվիստիզմով, որն իր արտահայտությունն ունի այս պարագայում նաեւ երաժշտական տեսքով, մեկ այլ ոլորտում տրանսվիստիզմը մի այլ տեսքի է գալիս, բայց իր բնույթով նա մաքուր տրանսվիստիզմ է՝ կլինիկա:



Դրան զուգահեռ, ամեն տարի Հայաստանից բազմաթիվ կատարողներ են մեկնում  տարբեր միջազգային մրցույթների մասնակցելու, որոնց մասին ամբողջ աշխարհում թնդում է, բայց հայ հանրությունը տեղեկացված չէ, դրանք մեր երկրում ընդամենը մասնավոր հաջողություններ են ընկալվում: Ինչու՝ որովհետեւ հանրությունը նախ այդ մարդկանց տեղը չգիտի, երկրորդ՝ չգիտի ինչ կերպ արձագանքել. այստեղ եւ ինստիտուցիոնալ կառույցների, եւ հանրության մեղավորությունը կա: Ելքը լուսավորչությունն է, էն, ինչը որ դրվել է 100 տարի առաջ, ազգը պիտի լուսավորվի, որպեսզի իր մեջ եղած հանճարին ճանաչի՝ սկսած ընտանիքից, վերջացրած հանրային համակարգերով:



Վահան Արծրունի, երաժիշտ