Արագածում կկայանա քաղաքակիրթ ընտրություն

Արագածում կկայանա քաղաքակիրթ ընտրություն
Մայիսի 22-ին Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ամենամեծ համայնքում` Արագածում, տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն: Այդ պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու` գործող համայնքապետ Գագիկ Պողոսյանը եւ ավագանու անդամ Գագիկ Մելքոնյանը: Բոլոր նախադրյալներով՝ այդ օրը ընտրությունները կանցկացվեն թափանցիկ, առանց չնչին միջադեպերի:



Ահա թե ինչ ասաց համայնքի ընտրող Թոռնիկ Սահակյանը. «1990-1998թթ. Արագածում համայնքի վեց ղեկավար է փոխվել: 1998-ից առայսօր գյուղը ղեկավարում է Գագիկ Պողոսյանը: Թեւավոր խոսք են դարձրել` մեծ համայնքը մեծ հոգսեր ունի: Ինչ-որ տեղ համաձայն եմ: Սակայն երբ բռնում ես հոգսերի մի ծայրն ու դրանք փորձում հերթով լուծել, մի օր կտեսնես, որ այդ մեծ հոգսերն անցյալում են մնացել: Այսպիսին է հիմա մեր համայնքը` Արագածը: Լինելով տարածաշրջանի ամենամեծ գյուղը` այսօր այն իր կենցաղով, մշակույթով քաղաքից չի տարբերվում: Ունի երկու դպրոց` նորակառույց ու նոր վերանորոգված, մշակույթի տուն, արվեստի դպրոց, մանկապարտեզ, գյուղամիջյան ասֆալտապատ ճանապարհ, գազ, 24-ժամյա խմելու ջուր, հիվանդանոց` ժամանակակից բժշկական սարքավորումներով, 30 հոգանոց անձնակազմով: Թվարկելու շատ բան կա: Դա նրանից է, որ մեր համայնքում ընտրողը ոչ միայն իր քվեի տերն է, այլեւ պահանջատեր է իր քվեի համար: Ընտրվել ես՝ պարտավոր ես լավ աշխատել: Հենց այնպես չնշեցի, որ գյուղում ութ տարում վեց համայնքապետ է փոխվել: Բանը հասավ նրան, որ 1998թ. մարզպետարանից ՏԻՄ վարչության պետին Արագածում համայնքի լիազոր ներկայացուցիչ նշանակեցին: Հիմա առաջադրվել է երկու թեկնածու` երկուսն էլ արժանի թեկնածու են, բայց համայնքը պիտի որոշի: Դրսից «տղա բերելու» սովորույթը վաղուց մեր համայնքում անպտուղ գործ է դարձել»:



Ապարանում տեղեկացանք, որ մարտ ամսին հանրապետական իշխանությունը փորձել է սեփական թեկնածուին առաջադրել Արագածում: Սակայն կարճ ժամանակում համոզվել են, որ այստեղ անելիք չունեն, մանավանդ, որ իրենց իշխանության ընթացքում փորձել են ավելի փոքր համայնքներում կեղծիքների եւ ճնշումների տարափի տակ անցկացնել իրենց թեկնածուին, մինչդեռ, պարտվելուց բացի, հայտնվել են դատարաններում:



«Մեզանից լավ ոչ ոք մեր համայնքը չի ճանաչում: Մենք ոչ միայն ընտրում, այլեւ ընտրված համայնքապետից ողջ ժամկետի ընթացքում աշխատանք ենք պահանջում: Մի հասարակ համեմատություն անեմ. Արագածում երկու դպրոց կա. ավագը` հիմքից նոր կառուցված, հիմնականը` վերանորոգված ու բարեկարգ: Մեր հարեւան Վարդենուտ համայնքի դպրոցի շենքն ամեն վայրկյան կարող է փուլ գալ: Գյուղապետարանով, մարզպետարանով, կառավարությունով ու միջազգային կազմակերպություններով չեն կարողանում այդ համայնքում դպրոցական շենքի հարց լուծել: Եթե դա չեն կարողանում անել, ինչ բարոյական իրավունքով կփորձեն խառնվել գյուղի ներքին հարցերին, երբ գյուղի տեղն իմանում են միայն ընտրություններից առաջ,- ասում է Վարդեւան Մխիթարյանը եւ ավելացնում»:



Նորայր Գրիգորյան