Հայհոյել ու փախնել

Հայհոյել ու փախնել
Վերջին օրերին իրար հաջորդած պարտությունները՝ խոսքս Էմմիի ու Արթուր Աբրահամի մասին է, դժվարամարսելի եղան շատերի համար: Մի կողմից լավ է, որ պարտությունների նկատմամբ անհանդուրժող ենք դարձել: Բայց շատ անգամ անհանդուրժողականությունը վերածվում է անձնավորված անողոքության՝ անցնելով երեւակայության սահմանագծերը:



Համացանցը մի տարածք է, որտեղ «առանց երեւալու»՝ ազատ արտահայտվելու լիարժեք հնարավորություն է ընձեռված: Թաքնվելով համակարգչի էկրանից անդին՝ դու կարող ես նույն IP-ից մի տասը-տասնհինգ բազմապիսի ու յուրօրինակ անուններով հանդես գալ՝ ասենք, տեսահոլովակի տակ եւ մեկնաբանություններ թողնել՝ տեղ-տեղ ինքդ էլ ապշելով երեւակայությանդ հնարավորությունների ու մտքիդ սլացիկ ճկունությամբ, որոնք հեղեղում են ընտրված թիրախին, տղայական հայհոյանքներ ու տատիական անեծքներ տեղալ, ընդ որում՝ այստեղ նույնիսկ փողոցային վերջին խուժանն իր բառարանը թարմացնելու լավ հնարավորություններ ունի: Հիանալի է: Ամեն ինչ ազատ է: Ի վերջո եկել է ազատության լիիրավ ժամանակը՝ համացանցը:



Թիրախներն անպակաս են: Քեզ հնարավորություն է ընձեռվել դուրս ցայտելու ողջ մաղձդ, որ հոգուդ մեջ կուտակել ես տարիներ շարունակ: Ահա եւ վարագույրները քաշած բեմը. թող լսվի հայհոյանքը, բայց չերեւա հայհոյողը, թե չէ մմմմ... Էմմին «YouTube.com»-ում, փաստորեն, էմմիաթերապիայի հիմնադիրը դարձավ: Նրա տեսահոլովակի տակ արված մեկնաբանություններից բխող հսկայական էներգիայով կարելի էր նոր ատոմակայան կառուցել. բայց դրա համար էներգիան համակարգել է պետք, որ ավելորդ տեղը չմսխվի:



Պարզապես մարդիկ, ովքեր համացանցում անանուն կամ բազմապիսի անուններով հայհոյանքներ են շաղում ում հասցեին եւ ինչ ձեւով ասես, պատասխանատվության չեն ենթարկվում, այդպիսի օրենք դեռեւս չկա, չի էլ լինի, որովհետեւ, ասում են՝  բարոյականության ժամանակը շուտվանից անցել է՝ մանավանդ համացանցում, որտեղ կարելի է հանցագործություն անել ու լինել անտեսանելի. ծիկ անել ու հետ քաշվել...



Տարիների ընթացքում երեւի բոլորն էլ կկոփվեն՝ պադոշի նման անտարբեր կլինեն, իբր դա իրենց հետ կապ չունի, մարդիկ են հիմա՝ թող հայհոյեն, պղծեն, ինչ անենք որ, կյանք է, էլի, ինչի՞ բանի տեղ դնեմ նման երեւույթները, ուրիշ կարեւոր անելիքներ կան... համացանցն անհոգություն է կոփում, անտարբերություն, «ազատություն է մարզում», բայց երբ բանը հասնում է հոգու հարցին՝ համացանցը համակարգչի պես կախվում է, որովհետեւ հոգին մեկ-մեկ, անկախ կամքից, ընկճվելու, տխրելու ու խղճալու սովորություն ունի:



Անի Առաքելյան