Վերաքննիչի վճիռն անօրինական է

Վերաքննիչի վճիռն անօրինական է
Ալավերդու բնակիչ Գագիկ Մաթոսյանը 1993-1998 թթ. աշխատել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում որպես վարորդ, այնուհետեւ՝ մինչեւ 2002թ., ավտոտնտեսության պետ: «2002թ. ինձ աշխատանքից ազատել են եւ չեն վճարել նախկինում կուտակված ու պարտք մնացած 3 մլն 600 հազար դրամ աշխատավարձը: Անընդհատ հույս էին տալիս, թե այսօր կվճարենք, վաղը կվճարեք, մինչեւ որ վերջնականապես հույսս կտրեցի, հասկացա, որ խաբում են, եւ 2005թ. ստիպված դիմեցի դատարան: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հօգուտ ինձ վճիռ կայացրեց, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարտավոր է վճարել ինձ պարտք մնացած աշխատավարձը»,- ասում է Գագիկ Մաթոսյանը:



Դատավոր Բ. Գրիգորյանի 2005թ. սեպտեմբերի 6-ի վճռում նշված է. ««Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ից հօգուտ Գագիկ Պատվականի Մաթոսյանի բռնագանձել 5 մլն 796 հազար 500 դրամ, որից աշխատավարձը կազմում է 3 մլն 269 հազար 400 դրամ, գործուղման ծախսերը՝ 1 մլն 496 հազար 200 դրամ, եւ հաշվարկված բանկային տոկոսի գումարը՝ 2 մլն 31 հազար դրամ»:



Սակայն մինչ այդ՝ 2002թ. դեկտեմբեր ամսին, Մաթոսյանը գրավոր դիմել է կոմբինատի ղեկավարությանը, եւ դարձյալ նրա աշխատավարձի պահանջը չի բավարարվել: Հետո էլ շարունակել է դիմել կոմբինատի գլխավոր տնօրեն Վ. Պապյանին, գործադիր տնօրեն Թաշճյանին, ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանին, բայց դարձյալ ու կրկին չի ստացել ոչ աշխատավարձը, ոչ աշխատանքային գրքույկը:



Կոմբինատի ղեկավարությունը վճիռը բողոքարկելու նպատակով դիմել է վերաքննիչ դատարան՝ հայցային վաղեմությունը կիրառելու եւ այդ հիմքով հայցը մերժելու պահանջով: Եվ վերաքննիչ դատարանը նոր վճիռ է կայացրել, որի համաձայն՝ Ախթալայի կոմբինատը Մաթոսյանին ոչինչ չունի վճարելու: Պատասխանողի ներկայացուցիչ Կիվիրյանը հայցի դեմ առարկել է՝ հայտնելով, որ հայցվորն աշխատանքից ազատվել է 2002թ. հուլիսին, եւ այդ պահին պատասխանողի պարտքը կազմել է 3 մլն 765 հազար 500 դրամ, որը գոյացել է 1998-2002թթ. ժամանակահատվածում հայցվորին ոչ լրիվ վճարված աշխատավարձի գումարից:



«Կազմված ակտի համաձայն՝ պարտքի գումարի մեծ մասն առաջացել է 1998-2000թթ. այսինքն 5-7 տարի առաջ, իսկ մնացած մասը՝ 2001-2002թթ., այսինքն՝ 3-4 տարի առաջ: Տվյալ դեպքում հայցվորի կողմից խախտվել է օրենքով սահմանված կարգով աշխատանքի վարձատրություն ստանալու համար դատարան դիմելու ժամկետը: Հայցվորն իմացել է իր իրավունքների խախտման մասին, եւ նա կարող էր օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում դիմել աշխատանքային վեճեր քննող մարմիններին՝ իր խախտված իրավունքի պաշտպանության պահանջով, սակայն չի դիմել եւ բաց է թողել հայցային վաղեմության՝ օրենքով սահմանված բոլոր ժամկետները»,- պնդել է Կիվիրյանը: Եվ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (Գ. Մատինյան, Հովսեփյան, Գրիգորյան կազմով) 2005թ. նոյեմբերին վճռել է. «Գագիկ Մաթոսյանի հայցն ընդդեմ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության՝ աշխատավարձի պահանջի մասին, մերժել»:



Մաթոսյանը համոզված է, որ դատարանն իր նկատմամբ անարդար վճիռ է կայացրել. «Ես դիմեցի վճռաբեկ դատարան, բայց հետո դիմումս ետ վերցրեցի, քանի որ գումար չունեի փաստաբան վարձելու եւ դատական ծախսերը վճարելու: Ինձ պարտք են 5-6 տարվա գումար: Մինչեւ 2002թ. պատճառաբանում էին, թե փող չկա, չենք կարողանում ամբողջությամբ վճարել, բայց դրանից հետո սկսել են նորմալ վճարել աշխատողներին: Եթե մինչ այդ փող չունեին, չէին տալիս, դրանից հետո ունեն, ուրեմն թող բարի լինեն պարտքս վճարել: Ես իմ աշխատանքի դիմաց ինձ պարտավորված վճարն եմ ուզում, ինչի իրավունքը, կարծում եմ, ունեմ»:



ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռոման Կոնինյանը դատարանի վճռի արդարացիության վերաբերյալ պարզաբանեց. «2005թ. հունիսի 21-ին ուժի մեջ մտած ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ այլեւս հայցային վաղեմության կիրառումը աշխատավարձերի, նպաստների եւ դրան հավասարեցված վճարների նկատմամբ չի կարող կիրառվել: Հիշյալ թվականի հունիսի 21-ից սկսած՝ վերաքննիչ դատարանն իրավունք չուներ աշխատավարձի վրա հայցային վաղեմություն կիրառելու եւ Մաթոսյանի հայցը մերժելու, ինչն էլ անօրինական վճիռ է»:



Ֆելիքս Եղիազարյան