Առողջ լիբիդոյի դրսեւորումներ

Առողջ լիբիդոյի դրսեւորումներ
Շատ պաշտոնյաներ չեն կարողանում անտարբեր անցնել կարճ փեշի կողքով: Հայտնի է, հերոսին կործանում են կինն ու գինին: Ես կասեի` ցանկասիրությունը, կինն ի՞նչ մեղք ունի, բայց քանի որ Թումանյանի խոսքն ավելի հարգված է, թող լինի նրա ասածը: Սեռական անհամեստ հետաքրքրությունների համար առաջինը պատասխանատվության է ենթարկվելու Միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Շտրոս Կանը:



Այլ սիրառատ ֆրանսիացիների համեմատ` Շտրոս Կանը հանցավոր է, որովհետեւ սպասուհու հանդեպ հետաքրքրություն դրսեւորելիս հաշվի չի առել վերջինիս կարծիքը: Ֆրանսիայում այս պատահարը մեծ աղմուկ բարձրացրեց: Պատճառն այն չէ, որ քաղաքական գործչին սեռական բնույթի մեղադրանք է ներկայացվել: Ֆրանսիացի պաշտոնյաների մեծ մասն այնքան անհավատարիմ է, որ եթե բոլորի զանցառությունները հրապարակվեն, ապա քաղաքական դաշտի պատկերը հիմնովին կփոխվի:



Եվրոպական այս երկիրը շնության հարցին վերաբերվում է թեթեւ` «պա ֆրանցուզսկի»: Երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանին հարցրել են, թե արդյոք ճի՞շտ է, որ նա ապօրինի դուստր ունի,  պատասխանել է. «Այո, իսկ ի՞նչ կա որ:  Դա հասարակության գործը չէ»:  Քաղաքական գործչի կողմնակի «կյանքը» համարվում է նրա անձնական գործը, ու ոչ ոք քիթը չի խոթում դրա մեջ: Անգամ լրագրողները: Նախ` սովոր են դրան:



Երկրորդ` այդ սովորությունը բացատրվում է միջնադարյան բարքերով. անձնական գաղտնիքը ենթադրում էր իշխանություն, որովհետեւ միապետը կամ պալատականը, ում սիրային նամակը որեւէ մեկի ձեռքում էր հայտնվում, դառնում էր գաղտնիքն իմացողի կամակատարը: Գաղտնիքները համարվում էին թանկարժեք ու բացահայտման ոչ ենթակա. եթե այն հրապարակվեր, կորցնում էր արժեքը: Այլեւս ոչինչ հնարավոր չէր լինի կորզել նրանից, ով բացահայտումից տուժելու էր:



Այսպիսով, անձնական գաղտնիքներ պահելը մի տեսակ ավանդություն է, որը մինչ այս հարցականի տակ չէր դրվել: Գաղտնիքներ չէին հրապարակում՝ նաեւ որովհետեւ քաղաքական գործչի «աջուձախը» համարել են նրա առողջ լիբիդոյի, հետեւաբար` ընդհանուր առողջության գրավական, որը վկայում է, որ նա ի վիճակի է երկիրը ղեկավարելու: Երբ Բիլ Քլինթոնի եւ Մոնիկա Լեւինսկու կապը բացահայտվեց, Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր, կրոնական առաջնորդ Մարի Քրիստին-Բուտինն ասաց.



«Մարդը չի կարողանում անտարբեր լինել կանանց հանդեպ: Դա առողջության նշան է»: Նա Քլինթոնին շնորհավորող ֆրանսիացի պաշտոնյաներից մեկն էր: Այժմ էլ տիկին Քրիստին-Բուտինը պաշտպանում է Շտրոս Կանին, հայտարարելով, որ խեղճը թակարդն է ընկել: Ֆրանսիացիների լռությունը բարձրաստիճան անձանց անձնականի հարցում արդյունք է եղել նաեւ զրպարտության մասին խիստ օրենքի, որը մեծ տուգանքներ է սահմանում:



Այնուամենայնիվ, Շտրոս Կանի դեպքը ստիպել է ֆրանսիացիներին վերանայելու գաղտնիքները գաղտնիք թողնելու հակումը: Հայտնի քաղաքական մեկնաբան Պիեռ Հասկին այդ առիթով ասել է՝ ցավում է, որ, առաջնորդվելով գաղտնապահության կոդեքսով, ժամանակին հասարակությունից ծածկել է, որ, օրինակ, երբ Ռոնալդ Դյումասն արտաքին գործերի նախարար էր, նա սիրային կապի մեջ էր Սիրիայի պաշտպանության նախարարի դստեր հետ:



Լրագրողը կարծել է, թե տեղեկությունը քաղաքական արժեք չունի, սակայն հիմա վստահ է, որ այդ հարաբերություններն ազդել են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա: «Եթե Շտրոս Կանը սիրուհի ունի, դա ինձ չի վերաբերում,- լրացրել է Հասկին,- իսկ եթե նա որեւէ բան է արել, որը վտանգում է նրա դիրքը՝ իբրեւ հասարակական դեմք, ապա դա ուրիշ խնդիր է: Միայն թե վախենում եմ, որ այս նախադեպը մեզ կտանի ննջարանային քաղաքականության»: Ասել է թե` կսկսենք ի վերջո խոսել պաշտոնյաների արտաքաղաքական ինտրիգներից:



Ըստ «Նյու Յորք Թայմսի»