Իոննա Ցոլակի Ավագյան

Իոննա Ցոլակի Ավագյան
Հայաստանի պատմության թանգարանը ծանր կորուստ կրեց: Կարճատեւ, բայց ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ թանգարանի ավագ գիտաշխատող, հայկական գորգերի փորձագետ Իոննա Ցոլակի Ավագյանը:



Ծնվել է 1940թ. Երեւանում: Միջնակարգ կրթությունը  ստացել է  Ն. Կրուպսկայայի  անվան միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1965թ. ավարտելով ինստիտուտը՝ անմիջապես աշխատանքի է անցել Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնում որպես գիտաշխատող:



Տարիներ շարունակ նրա ուսումնասիրության առարկան է եղել հայկական գորգերի տիպաբանության ուսումնասիրությունը: Մասնակցել է հայկական գորգերին նվիրված բազմաթիվ գիտաժողովների:



Վերջին տասնամյակում նա ուսումնասիրել է հայերեն արձանագրությամբ գորգերը, որի արդյունքում 2010թ. ՀՊ թանգարանի կողմից հրատարակվեց «Հայերեն արձանագրությամբ գորգեր» ալբոմ-կատալոգը, ըստ թանգարանի հավաքածուի: Ի. Ավագյանը ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի  հանձնաժողովի գորգագետ-փորձագետն էր:



ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ նա մասնակցել է  Հայաստանի Հանրապետության բազմաթիվ թանգարանների՝ Ազգային պատկերասրահի, Երեւան քաղաքի պատմության, Սարդարապատի, Ազգագրության եւ Ժողարվեստի ֆոնդերի գիտական գույքահաշվառման  աշխատանքներին, տալով մեթոդական օգտակար խորհուրդներ:



Ի. Ավագյանն անշահախնդիր մարդ էր, անմնացորդ նվիրված ընկերներին, վայելում էր աշխատանքային ընկերների հարգանքն ու սերը: Պատմության թանգարանի աշխատակազմը խոր վշտով ցավակցում է Ավագյանների ընտանիքին ու հարազատներին:



19.05.2011թ.