Այն, ինչ իրենց համար բիզնես միջավայր է, մեզ համար հայրենիք է

Այն, ինչ իրենց համար բիզնես միջավայր է, մեզ համար հայրենիք է
Բաց նամակ Երեւանի քաղաքապետին



Ես, լինելով Պուշկինի 11 շենքի բնակիչ, խորը ցավով եմ հիշում, թե մեզ ինչպես 1987թ.-ին վերաբնակեցրին: Մեր շենքը  պահպանվում էր պետության կողմից՝ որպես հնագիտական արժեք, իսկ շենքի առջեւով անցորդները, հատկապես այլազգի զբոսաշրջիկները, շենքի հնաոճ դուռը եւ պատշգամբը լուսանկարում էին՝ որպես բացառիկ գեղեցկություն: Այդպիսի քանի-քանի կառույցներ քանդվեցին եւ «սպիացրին» քաղաքը, քանի-քանի քաղաքացիներ ունեզրկվեցին:



Այսօր կարելի է արձանագրել, որ քաղաքի բնականոն գործունեությունը կաթվածահարության շեմին է, իսկ բնակիչներն ամենօրյա տագնապի մեջ են, որովհետեւ նոր քաղաքապետը բարեփոխումների փոխարեն հակառակն է անում` շարունակելով նվազեցնել եւ վերացնել դեռեւս բիզնեսի համար չյուրացված ազատ տարածքները:



Քաղաքը բռնության ենթարկողների դեմ պայքարելու փոխարեն իր նշանակման օրվանից Կ. Կարապետյանը պայքարում է մեր հասարակության ամենախոցելի եւ անօգնական խավերի դեմ: Հարկադիր կատարողի նման նա ոստիկանական մահակով է խոսում նրանց հետ, ում պետք է որ ծառայեր:



Բացօթյա առեւտրի արգելման դեմ «Ժառանգության» բողոքներին ի պատասխան՝ նա, իր պատասխան նամակում  մեջբերելով մի քանի օրենքներ, ուզեց ասել, որ  ինքը հավատարիմ է օրենքի տառին` մոռանալով, որ մարդու կյանքն ամենաառաջնային արժեքն է, որ պետությունը պարտավոր է պահպանել՝ նրա համար աշխատելու պայմաններ ապահովելով եւ ոչ թե ապրուստի վերջին միջոցից զրկելով եւ միակ այլընտրանքը արտագաղթը  թողնելով:



Ստիպված ենք հիշեցնել, որ նախքան օրենքի կիրառումը քաղաքապետը եւ ցանկացած այլ պետական գործիչ պարտավոր են գտնել դրա իրականացման՝  մարդկանց համար անվնաս եւ հարմարավետ ձեւերը:



Ինչ վերաբերում է օրենքի տառին, որին հղում է անում քաղաքապետը՝ բացօթյա առեւտրի հետ կապված, ապա ստիպված եմ հիշեցնել, թե ինչպիսի գռեհկությամբ են խախտվում քաղաքաշինական  եւ բնապահպանական օրենքները քաղաքում, եւ թե ինչպես է նա Երեւանում իրականացվող քրեական այդ քաղաքաշինությանն ի պաշտոնե մասնակից դառնում:



Քաղաքը չպետք է ղեկավարի բիզնեսը, ինչպես նշում է քաղաքապետը, այլ պետք է ղեկավարի պետական մտածողությունը, խիղճը, ճաշակը, պրոֆեսիոնալիզմը, քաղաքի հանդեպ սերը եւ իհարկե` օրենքը, որն այսօր ղեկավարների կողմից խախտվում է ամեն քայլափոխի:



Մենք պահանջում ենք քաղաքապետից ետ կանգնել այդ ինքնակործան ճանապարհից եւ դիմում ենք նաեւ այն հայ գործարարներին, ովքեր հեռացել են հայրենիքից եւ հիմա հեռվից՝  փոխանակ իրենց ներդրումներով արտադրություն  զարգացնեն, աշխատատեղեր ստեղծեն եւ նպաստեն հայրենիքի անվտանգ եւ քաղաքակիրթ զարգացմանը, իրենց «ներդրումներով» ապականում են մեր միջավայրը՝ հանուն անձնական գերշահույթի:



Մենք թույլ չենք տա այլեւս իրագործել այդ ծրագրերը, որովհետեւ այն, ինչ իրենց համար բիզնես միջավայր է, մեզ համար հայրենիք է: Գլխավոր պողոտան պետք է ընդամենը կանաչապատել, ծառերը պահպանել եւ ուրիշ ոչինչ, «Հաղթանակ» զբոսայգում պետք է ավելացնել կանաչ տարածքները, Օղակաձեւ զբոսայգուց, Օպերայի շրջակայքից, Ուսանողական այգուց պետք է հանվեն ռեստորանները, մայթերը պետք է ազատվեն  խանութներից եւ այլ շինություններից:



Քաղաքի կենտրոնում պետք է արգելվի նաեւ բարձրահարկ շենքերի շինարարությունը, որոնք առանց այն էլ ծայրամասերի հաշվին գերխիտ բնակեցված քաղաքի կենտրոնը դարձնելու են ուղղակի իմաստով վթարային եւ ապրելու համար վտանգավոր:



Սուսաննա Բարխուդարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ