Ճարտարապետների միությունը լեգիտիմ կառույց չէ՞

Ճարտարապետների միությունը լեգիտիմ կառույց չէ՞
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի երեկվա նիստում քննարկվում էր ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում կառուցվելիք աշտարականման շենքի հարցը:



«Քանի որ շենքը հանրապետական նշանակության հուշարձան է, պետք է լինի նաեւ մշակույթի նախարարության վերաբերմունքը: Կառույցի իրականացման գործընթացը ոչ պարզ եւ ոչ թափանցիկ է: Մենք կառավարության կայքից ենք տեղեկացել, որ նման որոշում կա, մյուս բոլոր տեղեկությունները տարբեր աղբյուրներից ենք փորձել գտնել: Մասնագետները քննարկում են դրա քաղաքաշինական եւ ճարտարապետական նպատակահարմարությունը հրապարակի արտաքին տեսքի համար»,- իր դժգոհությունը հայտնեց ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը:



Այս շենքի շուրջ կարծիքները հակասական են, հիմնականում՝ մերժողական: Ոմանք պնդում են, որ այդ կառույցը՝ աշտարակը, տեղավորվում է թամանյանական ճարտարապետության շրջանակներում, սակայն մեծ մասը համոզված է, որ դրանով ամբողջությամբ կաղավաղվի քաղաքի տեսքը:



Երիտասարդ ճարտարապետի խոսքով՝ կառույցի անունը «գմբեթ» է նշվում, բայց իրականում գմբեթ` որպես այդպիսին, չկա: «Շենքի ներքին հորինվածքը փոխված է, այնպես չէ նախագծված, ինչպես Թամանյանի դեպքում: Այն լինելու է ադմինիստրատիվ շենք, ուր տեղավորվելու են սփյուռքի ու արդարադատության նախարարությունները»,- նշեց Սեւադա Պետրոսյանը:



Նա եւ մի քանի այլ ճարտարապետներ նամակով դիմել են կառավարություն ու քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Նրանք պահանջում են կառավարությունից ժամանակավորապես դադարեցնել գործընթացը:  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ այս դեպքի համար Թամանյանի, նրա ստեղծագործության հետ խաղալ չի կարելի: Մինասյանի խոսքով՝ կառավարության որոշման մեջ գրված է, որ կառավարության շենքի բակում կառուցվելու է բազմահարկ շենք, սակայն ոչ մի տողում չի նշվում, որ այն վերաբերում է Թամանյանին:



«Մենք հիմա կառույցը կորցնելու վտանգի առաջ ենք: Այս դեպքը բացառիկ է, այն ուղղակի առնչվում է Թամանյանի ժառանգությանը: Մտածեք, թե մենք ինչի ենք գնում` հանուն ինչի»,-խորհուրդ տվեց Մինասյանը: Քննարկմանն առավել ակտիվ էր ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:



Նա զարմանք հայտնեց, որ քննարկվում է մի հարց, որի շուրջ ոչ մի նյութ ներկայացված չէ: Ի պատասխան երիտասարդ ճարտարապետի այն դիտարկմանը, թե քաղաքաշինության նախարարության կայք-էջում արդեն նշված է, որ շուտով շինարարությունը սկսվելու է, ինչը նշանակում է, որ հարցն ավելի քան առարկայական է, Իգիթյանն արձագանքեց. «Ով նման բան է հայտարարել, ղալաթ է արել: Ամառային կինոդահլիճն էլ էին քանդում»:



Ի վերջո նիստում որոշում կայացվեց հաջորդ անգամ հրավիրել կառավարության ներկայացուցչների եւ ավելի հիմնավոր քննարկել հարցը:



Նիստում նախատեսված էր քննարկել նաեւ ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկը՝ Հանրապետության hրապարակում Լենինի արձանի տեղում կառուցել նոր ճարտարապետական կառույց, ինչպես նաեւ երգահան Էդգար Գյանջումյանի՝ փոփոխություններ մտցնել ՀՀ զինանշանի, դրոշի եւ օրհներգի մեջ, բայց առաջարկների հեղինակների բացակայության պատճառով դրանք այդպես էլ չքննարկվեցին:



ՀԳ - Մինչ նիստը սկսելը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարեց, որ Ճարտարապետների միությունը ոչ օրինական կառույց է.



«Ճարտարապետների միությունն ինքնին լեգիտիմ կառույց չէ: Երեք տարի առաջ արդարադատության նախարարությունը նամակ է ուղղել Ճարտարապետների միությանը՝ ասելով, որ ձեր լեգիտիմության ժամկետն ավարտվել է, համագումար կազմակերպեք եւ ընտրություն արեք: Երեք տարի է՝ չեն անում: Նրանք իրավունք չունեն խոսեն: Լեգիտիմ չլինելով, առավել եւս իրավունք չունեն  հանրապետության նախագահին նամակ ուղղել, էլ չեմ ասում, որ տեքստը, որը քննարկվել է ճարտարապետների ոչ լեգիտիմ միության վարչության նիստում, այլ տեքստ է եղել, իսկ հանրապետության նախագահին ուղղված տեքստը՝ այլ»:



Բանն այն է, որ Ճարտարապետների միությունը միակ մարմինն է, որն ինչ-որ կերպ կարող է խանգարել նարեկսարգսյանների ու լեւոնիգիթյանների՝ քաղաքը դիմազրկելու ծրագրին: