Մենք երրորդ ուժ ենք ստեղծում. իսկ ո՞րն է երկրորդը

Մենք երրորդ ուժ ենք ստեղծում. իսկ ո՞րն է երկրորդը
ՀԱ՞Կ-ը: Ես չէի ասի: Լեւոն Տեր-Պետրոսյանի երիտթեւը, ի դեմս Զուրաբյանի ու Մուսինյանի, շուտով ուրիշ երգեր կերգի: Նրանց կատարմամբ այսօր արտահերթ ընտրություններով ավազակապետությունը կազմաքանդելու մասին երգ-երգոցի վերջին ակորդներն են հնչում եւ, ինչպես ՀՀԿ-ից են վստահեցնում, այդ մարդկանց վրա սառը ցնցուղ բաց կթողնեն, եթե շարունակեն զլել գործող իշխանության համար այդ տհաճ թեման:



Շատ չէ, ՀՀԿ-ն կհամբերի մինչեւ մայիսի 31-ը եւ վերջնական հետեւություններ կանի այն մասին, թե ՀԱԿ-ում ով է հարցեր լուծողը` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ այնուամենայնիվ նրա երիտթեւը, որ տակավին չի կարողանում ձերբազատվել քանդիչ հռետորիկայից:



ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն այնքան է թատերականացվել, որ որոշ մեկնաբաններ նույնիսկ վերհիշել են Ազատության հրապարակի նախկին անվանումը` Թատերական հրապարակ: Իսկ կա՞ մեկը, որ թատրոն չգնալու մեր դարում հանկարծ հավատա, որ բեմադրության ժամանակ դերասաններն իսկականից են միմյանց խեղդում կամ սպանում:



Ոչ իհարկե: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-իշխանություն հակամարտությունն այսօր ընկալվում է որպես մի տրագիկոմեդիա, որի լավ վերջաբանին ու դերասանների վարժ խոնարհումներին սպասում են բոլորը:



Դա տեղի կունենա վերջին արարից հետո, երբ վերջին քաղբանտարկյալները հերոսի տեսքով կանգնեն հարթակին ու դիմեն հանդիսատեսին` ո՜վ հայ ժողովուրդ, մենք այլեւս ազատ ենք, իսկ այժմ գնացեք տուն եւ մտածեք ամառային հանգստի մասին:



ՀԱԿ-ի համար կսկսվի պայքարի նոր էտապը` պայքարն այն ուժերի դեմ, որոնք իշխանափոխության հիրավի գործնական ու ընդունելի տարբերակներ կառաջարկեն: Լեւոն Տեր-Պետրոսյանը, որքան էլ նրա հետ երկխոսող իշխանությունը դա ցանկանա, չի կարող այլեւս իր ուսերին կրել արմատական ընդդիմության թիկնոցը, մի բան, որ նրան հաջողվում էր մինչեւ վերջերս` շնորհիվ իր ծայրահեղ կեցվածքների: Ծայրահեղականությունը երբեք էլ արմատականության հոմանիշը չէ:



Այդ երկու հասկացությունների շփոթը վերջապես մոտ է հստակեցման: Ծայրահեղ ընդդիմությունը կարող է շախմատ խաղալ, կարող է նույնիսկ կիսաբաց դռնից ներս սողոսկել, պայմանավորվել եւ այլն: Խորքային,  արմատական ընդդիմությունը, որի հակասություններն իշխանության հետ վերջինիս վարած ներքին եւ արտաքին քաղաքականությամբ են պայմանավորված, միշտ էլ ընդունակ է հասնելու շատ ավելիին, քան ծայրահեղականը, որի ահասարսուռ ամրոցները, ինչպես արդեն տեսանք ինքներս, ավազից էին ու փլուզվեցին իշխանության հետ առաջին իսկ շփումներից:



Այսօր, երբ որեւէ մեկը խոսում է երրորդ ուժից կամ ժողովներ է անում եւ այդ ուժի ծննդյան վկայականներ շռայլում աջուձախ, իրականում փորձում է որպես երկրորդ ուժ վերալեգիտիմացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին` չհասկանալով, որ, ի դեմս նրա, իշխանություններն ունեն ընդդիմադիր մեծամասնության ձայները փոշիացնող ամենահարմար թեկնածուն:



Իներցիան, ինչպես մենք տեսնում ենք Լեւոն Զուրաբյանի, Արման Մուսինյանի եւ մյուսների օրինակով, իրոք ֆիզիկական երեւույթ է: Ճիշտ իներցիայի օրենքներով մի որոշ ժամանակ էլ դեռ ՀԱԿ կողմնակիցները կգլորվեն առաջին նախագահի հետեւից, բայց սա արդեն ոչ թե երկրորդ ուժ կնշանակի, այլ պարզապես մի ուժ, որ ընտրություններին կներկայանա նախորդ քառամյա անպտուղ պայքարով ու իշխանության հետ անփառունակ իր երկխոսությամբ:



Պետք է ասել, որ շատ ավելի խելացի են վարվում այն ուժերը, որոնք, թվում է, դիտորդի դերում են այս պահին: Նրանց չի հետաքրքրում կարծես ոչ սկսված երկխոսությունը, ոչ էլ այդ երկխոսության առնչությունը կոալիցիայի հայտարարագրին:



Նրանց համար պարզ է թե երկխոսության նյութը եւ թե հայտարարագրի վերջնական նպատակը: Երկուսն էլ տանում են դեպի նույն տեղը` դեպի նախկինների ու ներկաների համատեղ ստեղծած համակարգի վերարտադրություն:



Այս համակարգը չի կարող լուծել երկրի համար կենսական նշանակություն ունեցող այն բոլոր խնդիրները, որոնց անտեսման արդյունքն է ինքը: Այդ խնդիրները երբեք չեն լուծվի նախագահի նստավայրում տեղի ունեցող խորհրդակցություններով, դրանք չեն վերանա վարչապետի տիեզերական ծրագրերով, առավել եւս չեն հաղթահարվի մի գյուղատնտեսության նախարարի ջանքերով:



Իսկ որպեսզի լուծվեն, որպեսզի մարդն իր երկրում արժանապատիվ աշխատանք ու կյանք ունենա, որպեսզի տնտեսություն զարգանա, որպեսզի արդար դատական համակարգ լինի, իշխանությունը պետք է լինի ըն-տըր-ված:



Հնարավոր չէ նախագահ դառնալ օլիգարխների փողերով եւ չծառայել նրանց, հնարավոր չէ լինել այդ նախագահի նշանակած վարչապետն ու արտոնյալ պայմաններ չստեղծել ընտրական գործընթացներ ֆինանսավորած փողատերերի համար, հնարավոր չէ նման նախագահի կողմից դատավոր նշանակվել եւ կախյալ չլինել համակարգից, հնարավոր չէ, վերջապես, որ արդարությունը համահավասար հասանելի լինի բոլորին, որովհետեւ պետական բյուջեն անհնար է, որ չկողոպտվի այն չինովնիկների կողմից, որոնք այդ պաշտոններում նշանակվում են նույն օլիգարխների, նույն վարչապետի, նույն նախագահի հայեցողությամբ:



Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ շատ էլ չէր խոսում այս հարցերի մասին, ընդհանրապես դադարեց դրանց անդրադառնալ: Ընդամենը երեք կետ եւ զագսի կնիք քաղաքական ամուսնության վկայականում: Սա այն ամենն էր, ինչին նա հասավ քառամյակը բոլորող իր պայքարում:



2012 թվականի ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ը դեռ կփորձի պայքարել երկրորդ ուժի իր համարումը պահպանելու համար: Բայց, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ստիպված կլինի դիմակայել անընդհատ ուժգնացող երկսայրի քննադատությանը` ուղղված միաժամանակ իրեն եւ իշխանություններին: Դա կլինի փոփոխություն բերող ուժի քննադատություն, դա կլինի համակարգը փոխելու կամք ունեցող ուժի քննադատություն:



Իսկ ՀԱԿ-ը, գործող իշխանությունների հետ իր այդքան ակնհայտ նմանություններով ու այս աստիճան թատերականացված երկխոսությամբ կկարողանա՞ հակադարձել նման քննադատությանը, ավելին՝ կկարողանա՞ իր ուսերին պահպանել երկրորդ ուժի թիկնոցը: Կարծում ենք` ոչ:



Ուստի մնում է արդեն մտորել ոչ թե երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ուժի, այլ երկրորդ` խորքային, արմատական, իրավիճակ փոխելու պատրաստ ընդդիմադիր ուժի մասին:



Աշոտ Սահակյան