Արցախի քաղաքական ուժերը կրկին «հորդորում են» ԵԱՀԿ-ին

Արցախի քաղաքական ուժերը կրկին «հորդորում են» ԵԱՀԿ-ին
Մայիսի 19-ին Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը տարածել են հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում նենգափոխել իրողությունը եւ կասկածի տակ առնել 17 տարի առաջ կնքված իրավական ուժ ունեցող հրադադարի պայմանավորվածության իսկությունը:



«Մենք ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմի ոտնձգություններն անհրաժեշտ եւ անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը կոչված է միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջեւ՝ հասնելու վերջնական խաղաղության,- ասվում է հայտարարության մեջ։- Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի»:



Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Չնայած այնքան էլ պարզ չէ, թե «հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ» ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, որ այդպես էլ չի երեւում։



«Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցություններն ու «Արցախատուն» պատգամավորական խումբը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հերթական անգամ «հորդորում են իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով՝ զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները», հիշեցնելով, որ «հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաեւ միջնորդների վրա»:



Հետաքրքիր է, ե՞րբ է վեճի, կռվի հավանականությունը մեծ. երբ կողմերից մեկն անմիջապես պատասխանո՞ւմ է հակառակորդի կողմից ձեռնարկված ամեն ոտնձգության ու նրան «տեղը դնում», թե՞ երբ հույսը դնում է միայն, այսպես ասած, խաղաղարար, միջնորդ տղերանց վրա ու սպասում, որ վերջիններս իր փոխարեն «տեղն են դնելու» հակառակորդին...



Արեգ Վարդանյան