Ջրի բերած, ջրի տարած ջուր

Ջրի բերած, ջրի տարած ջուր
Գյուղատնտեսական ծախսերի առումով գյուղացու ամենացավոտ տեղը ոռոգման ջրի բարձր սակագինն է եւ մեխանիզացիային վճարած գումարը, որոնց էլ տարեվերջին գումարում է մյուս ծախսերը եւ վերջնահաշվարկում՝ ներդրման ու եկամտի հարաբերության արդյունքում պարզում, որ այս տարի էլ շահույթ չունեցավ:



Կառավարությունը, որ, ըստ հայտարարությունների, այլեւս դեմքով շրջվել է դեպի գյուղ, հերթական միջոցառումն էր ձեռնարկել, ինչն էլ, իր կարծիքով, գյուղացու ցավին դարման կլինի: Եթե սոլյարկան ներկրվում է, ու հատկապես գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում բարձր գնով է գյուղացին ձեռք բերում, եւ պետությունն էլ անկարող է որեւէ կերպ աջակցել գյուղացուն վարուցանքի ժամանակ, ապա ջուրը չի ներկրվում, մեր երկրինն է:



Գոնե այստեղ կարելի է ձեռք մեկնել եւ ապացուցել, որ իսկապես դեմքով շրջվել են դեպի գյուղ: Եվ կառավարությունը, առանց երկմտելու, այդպես էլ վարվեց: «Կառավարության որոշմամբ մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրել մեր ընկերություններին ջուրը ջրօգտագործող գյուղացիներին տալ անվճար:



Բայց այդ որոշումը վերաբերում է միայն ինքնահոս ջրերին եւ չի տարածվում մեխանիկական եղանակով տրվող ջրերի վրա: Ջրբաշը մատյանում լրացնում է, թե ով որքան ջուր է ստացել, եւ դիմացը գրում են անվճար: Տրվում է սեփականաշնորհված հողակտոր ունեցողներին, ովքեր ջրօգտագործման ընկերության անդամ են, պայմանագիր ունեն եւ ջուրը ստանում են իրենցից: Այդ մասին բոլոր պատասխանատուները տեղեկացված են»,- տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման եւ կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը:



Նախ՝ գյուղացիների մեծ մասն անտեղյակ է այդ որոշումից, տեղյակ լինելու դեպքում էլ որեւէ շահագրգռվածություն չի ցուցաբերել, քանի որ տարին անձրեւային է, եւ հողակտորները ոռոգելու կարիք առայժմ չեն ունեցել: Այս որոշումն ուժի մեջ է մինչեւ հունիսի 1-ը, իսկ բանջարեղենը եւ այգիները կանոնիկ կերպով ոռոգվում են ամառամուտից սկսած: Արարատյան դաշտի բնակիչները պատասխանում էին, որ դեռեւս չեն ջրել ոչ ցորենի արտերը, ոչ էլ ծառերի ու խաղողի այգիները՝ այդ խնդիրն անձրեւները լուծել են:



Իսկ լեռնային շրջաններում ընդհանրապես ոռոգման կարիք չի զգացվել: Որքանո՞վ գյուղացին հնարավորություն ունի օգտվելու կառավարության այս որոշումից, եւ արդյո՞ք ինչ-որ չափով թեթեւանում է գյուղացու բեռը: «Ջրօգտագործման ընկերությունների բոլոր տնօրենները տեղեկացված են կառավարության որոշման մասին, որ մայիս ամսին միայն սելավաջուրը գյուղացուն տրվում է անվճար:



Իսկ պոմպի միջոցով մղվող ջրի համար օգտագործողը պետք է վճարի: Եվ հիմա պոմպերն աշխատում են: Մայիսի 16-ին ես եղել եմ Մխչյան գյուղի պոմպակայանում, պոմպն աշխատում էր եւ 1,5 խմ ջուր էր մղում Հրազդան-Արաքս կոլեկտորից:



Մեր ժողովուրդը դեռ չգիտի, թե ինքնահոսը որն է, պոմպով մղվածը՝ որը: Եթե Մխչյան կանալը ջուր է տալիս 1,5 խմ, ուրեմն դա ինքնահո՞ս է, իսկ եթե պոմպերն աշխատում են, էլ ո՞ր ինքնահոսի մասին է խոսքը: Եվ հարեւան Մրգավետ գյուղը, որը պոմպակայան ունի, եթե չեմ սխալվում՝ ամբողջովին պոմպի տակ է ոռոգման համակարգը: Իսկ ով կխախտի որոշումը՝ պատասխան կտա ոտով-գլխով»,- հավաստիացնում է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը:



Ոչ ոք էլ չի խախտի կառավարության որոշումը, քանի որ նոր պետք է սկսի գյուղացին ջուրն օգտագործել, ինչն էլ արդեն մեխանիկական ճանապարհով է տրվում, այսինքն՝ պետությունը հոսանք է ծախսում պոմպերն աշխատեցնելու համար, իսկ գյուղացին պարտավոր է վճարել առանց զիջումների ու զեղչերի: Արարատի մարզի գրեթե բոլոր գյուղերն օգտվում են պոմպակայանների մղած ջրից, իսկ Մխչյանի կանալի ջուրը սպասարկում է մի շարք գյուղերի:



Գյուղացուն ջուրն անհրաժեշտ է հատկապես մայիսից հետո, որը նույն սակագնով է տրվելու՝ ինչպես նախորդ տարիներին: Իսկ այս՝ ջրի բերած ջուրը, որի համար պետությունը ծախս չի արել, դառնում է ջրի տարած ջուր, այսինքն՝ գյուղացուն պետք չի եկել: Այսպես՝ անունը կա, բայց ամանում չկա:



Ֆելիքս Եղիազարյան