Գրիգորիչի ջանքերն ի դերեւ ելան

Գրիգորիչի ջանքերն ի դերեւ ելան
Ամիսներ առաջ, երբ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, հանրապետականներից ոմանք, այդ թվում նաեւ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, հայտարարում էին, որ մամուլ սպրդող ինֆորմացիան կեղծ է՝ նման խախտումներ չկան, ոչ մի մեռած թոշակառուի թոշակ չեն տվել, ստուգումների արդյունքում ամեն ինչ կպարզվի:



Անգամ Խաչիկյանն իր հրաժարականը բացատրում էր, որ չի ուզում ազդել ստուգումների ընթացքի վրա, հետո կխոսի: Սա պրոցեսի երեւացող մասն էր: Իսկ կուլիսներում շատ ավելի թեժ իրավիճակ էր. ՀՀԿ-ն, գիտակցելով, որ միլիոնների չարաշահումներն իրեն են վերագրվելու, ակտիվ գործողություններ էր ծավալել, որ ստուգումների ընթացքը կասեցնի:



Մեր տեղեկություններով՝ հատկապես ակտիվ էր Գալուստ Սահակյանը (չար լեզուներն ասում են՝ նրա ակտիվությունն այնքան էլ անմեղ չէ), ով անձամբ մտնելով Սերժ Սարգսյանի մոտ՝ մեղադրել էր ստուգողներին, հայտարարել, թե այդ ամենի մեջ միտում կա:



Անգամ ՎՊ աշխատակիցներին մեղադրում էին, որ փող են ուզել՝ չեն ստացել, դրան հետեւել են «բացահայտումները»: Անցավ ժամանակ, եւ ՎՊ ստուգումների արդյունքները հաստատեց ոչ միայն ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը, այլեւ գլխավոր դատախազությունը, որն օրերս պաշտոնական հայտարարություն արեց քրեական գործի հարուցման մասին:



Հետաքրքիր է, թե հիմա ինչ է ասում Գալուստ Գրիգորիչը, երբ հանդիպում է իր կուսակցության ղեկավարին: