Երկու նորություն. մեկը` վատ, մյուսը` լավ

Երկու նորություն. մեկը` վատ, մյուսը` լավ
Ամերիկյան «Forbes» հանդեսն իր անցկացրած սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմել է 2011թ. ամերիկյան շուկայում վատագույն ավտոմոբիլների ցանկը, որոնք գնահատվել են ըստ երեք կատեգորիաների` գինը, շահագործման արժեքը, հուսալիությունը եւ անվտանգությունը:



Այսպես, ԱՄՆ սպառողների կարծիքով՝ ամենավատ ավտոմոբիլներն են. «Cadillac Escalade»-ը, «Chevrolet Tahoe Hybrid»-ը, «Dodge Nitro SLT»-ը, «Dodge Dakota»-ն, «Jeep Wrangler Unlimited»-ը, «Mercedes-Benz S550»-ը, 2010թ. «Chrysler Town&Country»-ն, «Chevrolet Colorado»-ն, «Chevrolet Aveo/Aveo5»-ը, «Jeep Liberty/ Liberty Sport»-ը, «Nissan Titan»-ը, «Smart ForTwo»-ն: Սա կարող է ահազանգ-տեղեկություն հանդիսանալ այս մակնիշի ավտոմեքենաների տեր մեր հայրենակիցների համար:



Իսկ հիմա լավ նորությունը. Փարիզի  Լապլասի ինստիտուտի գիտնականները Երկրից 20 լուսատարի հեռավորության վրա հայտնաբերել են նոր` Gliese 581d էկզոմոլորակը, որի վրա կան կյանքի առաջացման բոլոր նախապայմանները` ներառյալ օվկիանոսներն ու անձրեւները: Նորագույն համակարգիչը ցույց է տվել այնտեղ կյանքի գոյության հնարավորության արդյունքներ: Ընդ որում, գիտնականները հավաստում են, որ տիեզերքում առկա են նմանատիպ մոտ 500 մլն մոլորակներ:



Այս լուրը պետք է որ անտարբեր չթողնի մեր հայրենակիցներին: Եթե Հայաստանում իրավիճակն այսպես շարունակվի, արտագաղթի տեմպերն աճեն, իսկ բոլոր երկրներն էլ խոսքները մեկ արած շարունակեն մեզ չսիրել ու դեպորտ անել, գոնե արդեն գիտենք, որ այլընտրանք կա: Ճիշտ է, 20 լուսատարին լուրջ հեռավորություն է, այնտեղ հասնելու ծախսերն այնքան կլինեն, որ Հայաստանում բնակարան վաճառելով չես հասնի, հետո՝ ձգողական ուժն էլ այնտեղ երկու անգամ մեծ է երկրագնդի ձգողականությունից, բայց դե ամեն ինչին սովոր հայի համար անհնար բան կա՞: Փոխարենը «Գրին քարտ» ու վիզա պետք չէ, դեպորտ հաստատ չեն անի ու այնտեղ հասնելուց հետո էլ չեն ասի` «Опять понаехали...»:



Լեւոն Գեւորգյան