Բժշկի թղթերին հավատում է, ձայնագրությանը՝ ոչ

Բժշկի թղթերին հավատում է, ձայնագրությանը՝ ոչ
Օրերս հրապարակվեց, որ ԱԺ մի շարք պատգամավորներ բացակայել են ԱԺ նստաշրջանի կեսից ավելիից, ու չնայած ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ բացակայությունների համար պատգամավորը կարող է զրկվել մանդատից, խորհրդարանի տեղը մոռացած որեւէ պատգամավոր մանդատից չի զրկվել: Ամենաշատ բացակայողներից են ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ալվարդ Պետրոսյանը, Աշոտ Ափոյանը, Գագիկ Ծառուկյանը եւ ուրիշներ:



Ուրբաթ օրը, ԱԺ միջանցքում հանդիպելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, մի քանի հարց ուղղեցինք նրան: Զրուցեցինք նաեւ խորհրդարանում լրագրողների անվտանգության մասին:



- Պարոն Աբրահամյան, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանն ամենաշատն է բացակայել ԱԺ-ից, ինչո՞ւ մանդատից չի զրկվել:



- Նման օրենք չկա, որ մանդատից պիտի զրկենք: Հիմա մենք քննարկում ենք հարցը:



- ԱԺ կանոնակարգը, սակայն, հստակ սահմանում է, որ բացակայությունների պատճառով պատգամավորը զրկվում է մանդատից:



- Այս նստաշրջանը կավարտվի, հիմա կքննարկենք մայիսի վերջին՝ որոնք հարգելի են, որոնք անհարգելի են, եւ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մենք մեր քայլերը կիրականացնենք:



- Օրինակ ի՞նչ եք անելու:



- Կդնենք քվեարկության՝ զրկո՞ւմ ենք այս կամ այն պատգամավորին մանդատից, թե՞ ոչ:



- Սակայն կանոնակարգում նման բան չկա: Գրված է, որ բացակայությունների պատճառով պատգամավորն ուղղակի զրկվում է մանդատից:



- Եթե բացակայությունն անհարգելի է: Հիմա Դուք ի՞նչ գիտեք՝ էդ մարդն անհարգելի է բացակայել: Կարող է թուղթ է բերել, որ հիվանդ է:



- Դուք հավատո՞ւմ եք բոլորի բերած թղթերին:



- Հիմա եթե փաստաթուղթ է, ո՞նց չհավատամ:



- Իսկ քանի՞ հոգի կարող են զրկվել մանդատից բացակայությունների պատճառով:



- Ամեն ինչ հնարավոր է:



- Իսկ հնարավո՞ր է, որ մարդը երկու տարի հիվանդ լինի: Դուք հավատո՞ւմ եք դրան:



- Դե հիմա ես իրական թղթերին եմ հավատում:



- Լավ, իսկ Ձեր ղեկավարած ԱԺ-ում լրագրողը ո՞նց վարվի, որ իր անվտանգությանը սպառնալիք չլինի, որ պատգամավորին հարց տալը չհակադարձվի հայհոյանքով, սպառնալիքով, եւ դա չդառնա մղձավանջ լրագրողի համար:



- Ես խնդրում եմ լրագրողներին, հանձինս Ձեզ, որ մարդկանց մոտենալուց, հարց տալուց առաջ մի հատ հարցնեք՝ կարելի՞ ա Ձեզ հարց տալ, թե չէ կարող է էդ պահին մարդուն հարմար չի: Նույն պատգամավորն ինձ մոտ հերքել է, որ տենց բան չի եղել, նույն Գալուստ Սահակյանն ինձ մոտ ասել է, որ չի եղել: Գնացեք հարցրեք:



- Գալուստ Սահակյանն է՞լ է ասել՝ նման բան չի եղել:



- Այո, ինձ է ասել:



- Այսինքն հիմա ե՞ս եմ Ձեր կարծիքով սուտ խոսում, թե՞ Սաշիկ Սարգսյանը: Ձայնագրություն կա:



- Դուք համոզված եք, որ եղել է տենց բան՝ դիմեք դատարան, իրավապահ մարմիններին դիմեք, ասեք՝ ինձ հայհոյել է, եւ Դուք էլ ասում եք, որ ձայնագրությունը կա, չէ՞:



- Ասել է թե՝ պատգամավորների հետ լրագրողի առնչվելու միակ ճանապարհը մնացել է դատարանը: Այստեղ կարգապահական նորմեր, էթիկայի նորմեր, որեւէ նորմ Ձեր ղեկավարած խորհրդարանում չի գործում:



- Ոչ, այդպես չէ: Շատ շուտով մենք էթիկայի հանձնաժողով ենք ստեղծելու՝ Ձեր ասած հարցերը քննարկելու համար:



- Դա ի՞նչ է տալու, եթե Դուք այսօր պաշտպանում եք, ասում եք՝ նա ասում է, թե չի հայհոյել:



- Ես ի՞նչ անեմ, եթե նա ասում է, որ չի եղել: ... Եթե Ձեր գնահատականով ինքը հարձակվել է Ձեզ վրա, Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Ես պատգամավորի հետ խոսել եմ, ինքն ասում է՝ ես ոչ հարձակվել եմ, ոչ բան: Ընդհանրապես ասում է՝ իմ ցանկությունը չի եղել պատասխանել իր հարցին: Ինքն ասում է, որ չի հայհոյել եւ չի հարձակվել: ...Յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է, այո, օրենքը պահի, բայց դուք էլ եք պարտավոր ձեր լրագրողական ֆունկցիաները ճիշտ կատարել: Դուք պարտադրում եք մարդկանց, որ ձեր տված հարցին պատասխանեն: Որեւէ պատգամավոր կամ որեւէ մեկ լրագրող մեկը մյուսին իրավունք չունի հայհոյելու: Յուրաքանչյուր մարդ ունի իր գործառույթները:



- Նրա հետ խոսե՞լ եք, որ չի կարելի նման կերպ վարվել:



- Խոսել եմ, ինքը շատ լավ գիտակցում է, որ չի կարելի: Ես չէ, որ պետք է իրեն ասեմ՝ մի հայհոյի:



- Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում, երբ Հայաստանի խորհրդարանում հայհոյում են ու հարձակվում լրագրողի վրա, եւ սա առաջին դեպքը չէ:



- Հայաստանի խորհրդարանում շատ վատ եմ գնահատում նման քայլեր իրականացնելը, բայց հիմա Դուք նորից միակողմանի ասում եք: Ես պատգամավորի հետ զրուցել եմ, պատգամավորն ասում է՝ նման դեպք չի եղել, ինքն ինձ ցանկացել է հարցով դիմել, այդ հարցին ես չեմ պատասխանել:



- Ոստիկանության ուղեկցությա՞մբ գանք ԱԺ:



- Դուք խնդիր չունեք ԱԺ գալու հետ կապված: