«Ոսկեղենիկ համաներում»

«Ոսկեղենիկ համաներում»
Ուրբաթ օրը, ժամը 17-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում Սերժ Սարգսյանի համաներման առաջարկի քննարկումից հետո նիստի մասնակիցները հրաժարվում էին ասել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներին է վերաբերելու համաներումը: Պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց.



«Ես ընդամենը կարող եմ ասել, որ այս համաներումը լինելու է աննախադեպ: Նախագահ Սարգսյանը, որպես գործող նախագահ, իր լիազորություններից ելնելով՝ դիմել է ԱԺ-ին համաներման առաջարկով, որը լինելու է աննախադեպ: Նաեւ արդարադատության նախարարը պետաիրավականի փակ նիստում ասաց, որ լինելու է ոսկեղենիկ համաներում»:



«Ի՞նչ է նշանակում ոսկեղենիկ համաներում»,- զարմացանք մենք: «Այսինքն՝ աննախադեպ եւ մարդկային չափանիշների եւ հումանիզմի դրսեւորում»,- բացատրեց հանրապետականը: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ կոնկրետ քաղբանտարկյալների մասով համաներումն ուշացած է, որովհետեւ այդ մարդիկ 3 տարուց ավելի պատիժ են կրել, պետաիրավական հանձնաժողովի իշխանական անդամը խրոխտ հայտարարեց. «Ոչ, չեմ համարում, որ ուշացած է, որովհետեւ չեմ կարծում, որ Հայաստանի բանտերում կան քաղաքական հայացքների համար բանտարկվածներ»:



Այդ դեպքում ինչո՞ւ եք համաներում անում՝ զարմացանք մենք: «Համաներում անում ենք կալանավայրերում գտնվող մարդկանց համար: Եթե ուշադիր նայեք, հանրապետության կարեւորագույն տոների ժամանակ երկրի նախագահը  մշտապես օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից եւ հայտարարել է համաներում»,-ասաց հանրապետականը:



Նշենք, որ պետաիրավական հանձնաժողովը երեկ հավանություն է տվել նաեւ Քրօր-ի փոփոխությունների նախագծի 2-րդ ընթերցմամբ ընդունմանը, որով եւս նախատեսված է որոշակի հոդվածներով պատժաչափերի մեղմացում: Որոշ տեղեկություններով՝ համաներման շատ դրույթներ նման են նախորդ՝ 2009-ի համաներմանը: