Կյանքի դասերը քաղելուց չեմ ամաչել

Կյանքի դասերը քաղելուց չեմ ամաչել
Երբ ձմռանը պատռվեց սփյուռքահայ մեծահարուստ «փարերար» Սերոբ Տեր-Պողոսյանի դիմակն ու հայտնի դարձավ վերջինիս այլասերված լինելու մասին, առաջին հերթին խուճապի մատնվեցին նրանք, ովքեր Տեր-Պողոսյանին երկինք հասցնելու աստիճան մեծարել էին:  Պատկառազդու սփյուռքահայ բարեկամի բարեգթությունից հատկապես կուրացել էին ՀՀ վարչապետն ու ոստիկանապետը եւ նրան ներգրավել նույնիսկ պետական ապարատում: Վարչապետն իրեն խորհրդական էր նշանակել, Ալիկ Սարգսյանն էլ՝ ոստիկանությանը կից հասարական խորհրդի անդամ:



Եթե Տիգրան Սարգսյանը` աղմուկը բարձրանալուն պես, ազատվեց նրանից ու չքմեղացավ, թե շուտ էր ազատել, ապա Ալիկ Սարգսյանն ավելի դանդաղ արձագանքեց՝ միայն այն բանից հետո, երբ իր ու Սերոբի բարեկամության մանրամասներն էին սկսել հրապարակել: Այդ տհաճ խոսակցություններին վերջ տալու մտայնությամբ էլ անհարմար դրության մեջ հայտնված Սերգեյիչը դեկտեմբերին ցրեց հասարակական խորհուրդը: Հասարակական խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը դեռեւս այն ժամանակ մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե մինչեւ 2011-ի փետրվարի 10-ը նոր խորհուրդ է ստեղծվելու:



Նշված ժամկետից անցել է չորս ամիս, սակայն խորհրդի մասին ձեն-ձուն չկա: Երեկ կառավարությունում ոստիկանապետից հետաքրքրվեցինք ոստիկանության «շարժիչ ուժի»՝ հասարակական խորհրդի կազմավորման մասին: Նախքան հարցին պատասխանելը՝ նա մեզ ուղղեց. ոչ թե  պեդոֆիլի բացահայտման պատճառով են ցրել, այլ ժամանակավորապես սառեցրել են ոչ արդյունավետ աշխատելու պատճառով:



«Ճիշտն ասած, ես գոհ չէի հասարակական խորհրդի աշխատանքից: Ես ՀԽ-ն տեսնում էի այլ գործողությունների շրջանակում՝ ակտիվության մեջ, հարաբերվելու մեջ ժողովրդի հետ: Մեր աշխատանքը ներկայացնելու մեջ, տեղական հասարակական խորհուրդ ունենալու իմաստը ես չէի տեսնում՝ այն շատ պասիվ էր: Իհարկե, հենց իմ վերաբերմունքը դրա մասին էր խոսում, որովհետեւ հասարակական խորհուրդն արդեն մի տեսակ ոնց որ թե սպառել էր իրեն, նոր խոսք չուներ ասելու: Ես մտածեցի՝ նորը կստեղծենք, նոր պայմաններով, նոր պայմանավորվածություններով»,- արդարացավ ոստիկանապետը:



Նշենք, որ նրան հիասթափեցրած կազմը ձեւավորվել էր շոու-բիզնեսի ու թատրոնի ներկայացուցիչներից: Նույնիսկ այնպիսիները կային, ում մասնակցության իմաստը մինչ օրս անհայտ է, օրինակ՝ Աշոտ Ղազարյանը, պարուհի Սոֆի Դեւոյանը, Ալլա Լեւոնյանը, Մարտին Վարդազարյանը, Արա Գեւորգյանը, Ազատ Գասպարյանը եւ այլք: Երբ այս մարդիկ բոլորվում էին սեղանի շուրջ, տպավորություն էր ստեղծվում, թե այստեղ ոչ թե հասարակական կարգի հետ կապված խնդիրներ են քննարկվելու, այլ նոր ներկայացում է բեմադրվելու՝ ամանորյա շոու:



Իրականում այս կազմը հավաքել էին ոստիկանության PR-ն անելու նպատակով: Նախատեսվում էր սերիալ ու տարբեր ժանրի  ֆիլմեր նկարահանել, հաղորդումներ պատրաստել՝ ոստիկանի իրական գործառույթներն ու նշանակությունը քաղաքացիներին ներկայացնելու նպատակով եւ այլն: Խորհուրդը հատկապես ակտիվ դեր պետք է խաղար մարտի 1-ի արյունոտ դեպքերից հետո հասարակության նկատմամբ ոստիկանության ոչ օրինական պահվածքը քողարկելու հարցում: Թվում էր, թե այս կազմով ամեն ինչ կստացվի, սակայն նույնիսկ ֆիլմերը գլուխ չեկան:



Այնուամենայնիվ, Սերոբ Տեր-Պողոսյանի չարաբաստիկ դեպքից հետո ի՞նչ չափորոշիչներով են ոստիկանությանը կից խորհրդի անդամներին ընտրելու: Գուցե ավելի մանրազնի՞ն ուսումնասիրեն անդամների կենսագրություններն ու հակումները: «Չէ, չէ չէ, գիտեք ինչ, եթե ես այս աստիճան հետամուտ լինեմ էն, ինչի մասին որ ասում եք, արդեն ստիպված մարդու իրավունքները կոտնահարեմ: Ես իրավունք չունեմ, ես չէի կարող ոչ մեկի մասին էդպիսի բան մտածեմ, հիմա էլ չեմ ենթադրում, մարդիկ երբեմն շփվում են ինձ հետ տարբեր հարցերով, հարաբերվում...: Իհարկե, ուշադիր կլինեմ: Կյանքը դասեր է տալիս մարդուն, ես էլ էդ դասերը քաղելուց երբեք չեմ ամաչել»,-խոստովանեց Ալիկ Սարգսյանը: