Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին՝ պատճենը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պատճենը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ պատճենը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին



2011 թվականի  մայիսի 21-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի պետ  Տիգրան Նավասարդյանի բանավոր  կարգադրության հիման վրա ինձ`  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանիս արգելվել է մուտք գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:



Վերը նշված քրեակատարողական հիմնարկի անցակետում 2011 թվականի մայիսի 21-ին, ժամը 16:25-ին հերթապահ խմբի պատասխանատու` հերթապահ Էդիկ Սարգսյանը ինձ բանավոր տեղեկացրեց,  որ  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը արգելում է իմ մուտքը մեկուսարան:



ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ  իմ մուտք գործելու արգելքի  պատճառն  է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան  Հովսեփյանի ցուցումը, ով ապօրինի քրեական հետապնդում է հարուցել իմ եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ` կապված իմ քաղաքական գործունեության հետ: Այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը համատեղ կոալիցիոն հանցավոր համաձայնությամբ խոչընդոտում են իմ` որպես ՀՀ ԱԺ պատգամավորի իրավունքների իրացմանը: Մասնավորապես` համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, որով նախատեսված են  պատգամավորի գործունեության երաշխիքները, եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի  48-րդ հոդվածի 1-ին կետի, որով ամրագրված է ՀՀ ԱԺ պատգամավորի առանց հատուկ թույլտվության կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունքը:



Սույն հաղորդմամբ հայտնում եմ, որ վերը նշված  ապօրինի  արգելքը պայմանավորված է իմ քաղաքական  գործունեությամբ եւ իմ կողմից դիտարկվում է նաեւ ՀՀ իշխանությունների կողմից խտրականության դրսեւորում քաղաքական այլակարծության հանդեպ:



Իմ եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, ով արդեն 11-րդ օրն  է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, բողոքներ է ներկայացրել իր եւ իր խցակիցների նկատմամբ անմարդկային եւ անձը նվաստացնող վերաբերմունքի դեմ: Առանց իրավական հիմքերի եւ ժամկետի մատնանշմամբ Տիգրան Փոստանջյանին նախնական կալանքի տակ պահելը անմարդկային եւ անձը նվաստացնող պայմաններում հետապնդում է մեկ նպատակ` սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը եւ ի ցույց դնել հասարակությանը, որ օրենքի սահմաններում գործող այլախոհ պատգամավորին էլ կարող ենք ճնշել:



Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված ապօրինի մեղադրանքը նույնպես պատկանում է այդ շարքին եւ տեղավորվում է հասարակությունում  վախի տարածման մթնոլորտ ստեղծելու  ծրագրի մեջ:



Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հանցագործության մասին հաղորդմանը:



Զարուհի Փոստանջյան, ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր