Թեժ պայքար Ծառուկյանին մոտ լինելու համար

Թեժ պայքար Ծառուկյանին մոտ լինելու համար
Հայաստանի նախկին Առաջադիմական կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Ահարոնյանը մոտ օրերս պատրաստվում է հանդիպել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նախ «պատռելու» ԲՀԿ-ին միավորված իր կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի դիմակը, ապա առաջարկելու իր ու իր թիմի՝ թվով  500 մարդու ծառայությունները՝ անկախ Ուրիխանյանից:



Ահարոնյանը Ծառուկյանին ասելու է, որ  Տիգրան Ուրիխանյանի քաղաքական գործունեությունը վարկաբեկում է թե իր թիմի, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը, եւ իրենք չեն պատրաստվում առաջադիմական կուսակցության թիմի անվան տակ ակտիվ գործունեություն ծավալել ԲՀԿ-ի համար: Փաստորեն, ԲՀԿ խոշոր տանիքի տակ ապաստան գտնելուց ոգեւորված՝ «առաջադիմական» ջահելները ինքնահաստատման նպատակ են հետապնդում, խանդում են իրար եւ ջանք չեն խնայում Ծառուկյանին մերձ լինելու համար: Գուցե իսկապես «առաջադիմական» երիտասարդների ներուժն անգնահատելի է, այլապես ԲՀԿ-ի ինչին էր պետք այս միավորումը:



Հիշեցնենք, որ 2011թ. հունվարին, մշտապես տաքուկ անկյուններ որոնող, առանձնապես մեծ հեղինակություն չվայելող Տիգրան Ուրիխանյանի Առաջադիմական կուսակցությունն ինքնալուծարվեց՝ միանալով ԲՀԿ-ին: Հետո այդ կուսակցության մի խումբ անդամներ հայտարարեցին, որ անջատվում են կուսակցությունից եւ չեն ուզում ԲՀԿ մասնիկ դառնալ: Հիմա էլ միացածների մյուս թեւն է ընդվզում:



ԲՀԿ-ին միավորվելուց հետո Տիգրան Ուրիխանյանը, Ահարոնյանի խոսքով, ինքնագործունեությամբ է զբաղված, ավելին՝ Ուրիխանյանի ներկայացրած  «առաջադիմականների» թիմն ուռճացված է: «Առաջադիմական կուսակցությունը թիմ չունի, ֆանտաստիկ օդ թիմ ա, օդ կազմակերպություն ա եղել, փուչիկի նման:



Ֆիկտիվ թվեր ներկայացնելով, ֆիկտիվ առաջարկություններ անելով, օդի մեջ բաներ ցուցադրելով՝ հավաքել-թիմ ա ցուցադրել, որ՝ նայեք-տեսեք, 1000 հոգանոց թմով աջակցում ենք քեզ, Գագիկ Ծառուկյան... Ինքն (Ուրիխանյանը) ուղղակի իրան ա առաջ տանում՝ մարդկանց խաբելով»,- մեղադրում է Ռոբերտ Ահարոնյանը: «Ինքը չի թողնում, որ իրանից մի քայլ առաջ անեն, իրանից ավելի պատրաստված մարդկանց էլ փորձում է հետ մղել, ճանապարհը փակել: Մարդիկ, որոնք պատրաստ են աշխատելու հանուն «Բարգավաճ Հայաստանի», Գագիկ Ծառուկյանի նախընտրական ծրագրերը տանելու, էդ մարդիկ չեն գնահատվում Տիգրան Ուրիխանյանի մոտ»,-իր սեփական ծառայությունները մատուցելու հաճույքից զրկված՝ վրդովված ասում է Ահարոնյանը:



Բանն այն է, որ Ռոբերտ Ահարոնյանն ինը ամիս առաջ, հավանաբար ակտիվ քաղաքականություն վերադառնալու գայթակղությամբ, համաձայնել է իր երբեմնի Առաջադիմական սոցիալիստական կուսակցությամբ նորից միավորվել ՀԱԿ-ին, ապա՝ ԲՀԿ-ին եւ հիմա անարդար է համարում, որ ինքն ու իր թիմը ստվերում են մնացել:



Որովհետեւ, ըստ Ահարոնյանի, իր թիմի անդամներին ԲՀԿ կուսակցական տոմս ստանալու համար պետք է երաշխավոր կանգնի Ուրիխանյանը. «Ինչի՞ պետք է իմ մարդկանց երաշխավորի Ուրիխանյանը, ոչ թե Ռոբերտ Ահարոնյանը: ...Իմ դեմ դրվեց, որ կուսակցական տոմս մենք չենք կարող ստանալ մինչեւ ընդհանուրով չստանանք»:



«էսօր իմ թմում 400-500 մարդ կա, որոնք ամեն մեկն իր չափով լիդեր ա իրա շրջապատի, իրա թաղի մեջ»,- ասում է Ահարոնյանը եւ հավելում, որ իրենք կարող են մեծ ծառայություններ մատուցել ԲՀԿ-ին: «Սակայն եթե Գագիկ Ծառուկյանն ասի՝ շնորհակալ ենք, որ դուք ակտիվություն ցուցաբերեցիք, ու՝ էսքանով բավարարվեք, մենք էլի կմնանք կուսակցության անդամ, էլի մեր չափով ձայներ կտանք եւ ընտրության ժամանակ, մեր երդման համաձայն, պատրաստ ենք Գագիկ Ծառուկյանի կուսակցության գաղափարախոսությունը շարունակել»:



«Այդ դեպքում ինչի՞ կռիվ եք տալիս, ո՞րն է ձեր նպատակը» հարցին Ահարոնյանը պատասխանեց. «Ուղղակի այս դեպքում ակտիվ գործունեություն չենք ծավալի, ամեն մեկս ինչ-որ տեղ աշխատում ենք, կզբաղվենք էդ գործողություններով ժամը 7-8-ից հետո, ոչ թե ամբողջությամբ մեզ կտրամադրենք ակտիվ ագիտացիաներին, գաղափարներին, մարդկանց հանդիպելուն»: Սա թերեւս Ծառուկյանին ուղղված «լուրջ» մեսիջ էր: