Քաղաքականությունից այն կողմ

Քաղաքականությունից այն կողմ
Անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում եւ Վաշինգտոնում` հյուրընկալվելով Ֆրանսիայի ԱԳՆ-ում, Ազգային ժողովում, ենթադրելի է՝ նաեւ Ելիսեյան պալատում, քանի որ հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի հետ: Վաշինգտոնում պրն. Նալբանդյանին ընդունել են Պետքարտուղարությունում, Կոնգրեսում եւ «Brookings Institution»-ում, որ ամերիկյան քաղաքականության ինտելեկտուալ դարբնոցն է:



Փարիզից տարածված տեղեկատվության մեջ առավել ուշագրավը նախագահ Սարկոզիի հայաստանյան այցի մասին հաղորդումն էր: Վաշինգտոնում` պետքարտուղար Քլինթոնի խոսքերը. «ԱԳ նախարար Նալբանդյանը եւ ես հանդիպել ենք շատ անգամներ, եւ կրկին մեծ բավականություն է իրեն ողջունել Պետքարտուղարությունում:



ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կան շատ կապեր, հարաբերություններ, որոնք անցնում են քաղաքականությունից, վերածվում են ընտանեկանի եւ դեռ ավելիի, ինչը շատ կարեւոր է մեզ համար (The United States and Armenia have many connections and relationships that span politics and go into family and so much else that is very important to us)»: Դիվանագիտական էթիկետի համար շատ ջերմ խոսքեր են, հետեւաբար միանգամայն հասկանալի է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի խորին շնորհակալությունը տիկ. Քլինթոնին հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում «անձնական ներդրման, ջանքերի եւ ներգրավվածության համար»: Պետքարտուղարը պատասխանել էր. «Շատ շնորհակալ եմ, բարեկամս»:



Նման սիրալիր ձեւակերպումները եթե դիվանագետների կողմից են ասվում, բացի հարգանքի եւ համակրանքի արտահայտություն լինելը, նաեւ երրորդ կողմերի ուղարկվող մեսիջներ են: Չգիտես ինչու, ինձ թվում է` գուցե ինչ-որ չափով Թուրքիային, բայց հատկապես Ադրբեջանին: Չէ՞ որ ոչ միայն Ադրբեջանի նախագահին Սպիտակ տանը չեն ընդունում (այդտեղ կարելի է մխիթարվել նրանով, որ Հայաստանի, Վրաստանի նախագահներին էլ Սպիտակ տանը չեն ընդունել), այլեւ Ադրբեջանի ԱԳ նախարարին պետքարտուղարությունում չեն ընդունում:



Թե վաշինգտոնյան բանակցություններում հարցերի լայն շրջանակից հատկապես ինչ է քննարկվել՝ դժվար է կռահել: ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում միայն ԼՂՀ խնդիրն է հանգամանորեն հիշատակված, ԱՄՆ-ն վերահաստատել է իր մոտեցումը, որ խնդիրը պետք է լուծվի լոկ բանակցային ճանապարհով: Պետքարտուղարությունում Նալբանդյանը նաեւ հանդիպում եւ հանգամանալի քննարկումներ է ունեցել պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, Կոնգրեսում հանդիպել է հայկական հարցերի հանձնախմբի նախագահ Ֆրանկ Փելոնին, նաեւ դասախոսությամբ հանդես եկել Բրուքինգսի ինստիտուտում:  Հյուրընկալել է Բրուքինգսի տնօրեն, ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Սթրոբ Թելբոթը:



Ֆրանսիայում, ինչպես արդեն ասացինք, հանդիպում էր կայացել ԱԳՆ-ում` ֆրանսիացի պաշտոնակցի՝ նախարար պրն. Ալեն Ժյուպեի հետ: Դարձյալ ասվում է, թե հարցերի լայն շրջանակ է քննարկվել, հանգամանալի առանձնացնելով արցախյան հակամարտությունը:



Բայց մի քիչ դժվար է հավատալ, թե Փարիզին, Վաշինգտոնին կամ արեւմտյան որեւէ մայրաքաղաքի Արցախի խնդիրը կարող է ավելի հետաքրքրել, քան հայ-թուրքական վերահաշտեցումը ցանկալի հանգրվանի հասցնելը: Քանի որ ՀՀ ԱԳՆ-ն բավարարվել էր «քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ» ձեւակերպմամբ եւ ուրիշ ոչինչ չէր հաղորդել, մեկ-երկու հարցի պատասխան խնդրեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:



Ի պատասխան հայ-թուրքական վերահաշտեցման մասին հարցի` «արդյո՞ք Փարիզը համարում է, որ գործընթացը փակված էջ է (թեկուզ ժամանակավորապես), թե՞ ընթանում են ինչ-որ զարգացումներ, որ կհանգեցնեն առաջիկայում գործընթացի աշխուժացման», Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից պատասխանեցին. «Ֆրանսիան հուսով է, որ արձանագրությունների ստորագրմամբ վերահաշտեցման գործընթացը փակված կամ ավարտված չէ: Փարիզը խրախուսում է հաշտեցմանն ուղղված ցանկացած քայլ, քանի որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դրական տեղաշարժ է լինելու ամբողջ տարածաշրջանի համար»:



Մյուս տեղեկությունը, որի մասին դեսպանատնից հավելյալ պարզաբանում խնդրեցինք, վերաբերում էր նախագահ Սարկոզիի` Հայաստան ծրագրվող այցին: Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի՝ այցը կայանալու է ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Բնականաբար, մեզ հետաքրքրողն այն էր՝ արդյոք այցը լինելու է պետակա՞ն, թե՞ պաշտոնական, ի՞նչ տեւողություն է ունենալու, եւ առաջին տիկինը կուղեկցի՞ նախագահին:



Ցավոք, ներկա դրությամբ դեսպանատունը հավելյալ մանրամասնություն չի հաղորդում, բացի նրանից, ինչ ՀՀ ԱԳՆ-ն արդեն հաղորդել է: Հետեւաբար ինտրիգը մնում է: Ընդամենը մի քանի ժամով Թուրքիա ժամանելուց եւ Թուրքիային խիստ վշտացնելուց հետո միանգամայն հետաքրքիր է, թե նախագահ Սարկոզին ինչ ծրագրով կժամանի Հայաստան: