Իռլանդիայի աստեղային շաբաթը

Իռլանդիայի աստեղային շաբաթը
Հաագայի քրեական դատարանը տվեց Լիբիայի երբեմնի առաջնորդ Մուամար Քադաֆիի ձերբակալման սանկցիան: ԱՄՀ-ի տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Կանի քաղաքական կարիերան փշրվեց կնոջ պատճառով, այն էլ Հարավային Աֆրիկայից ներգաղթած, ՁԻԱՀ-ի վարակակիր հյուրանոցային հավաքարարուհու:



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հիմքում պետք է դրվի մինչեւ 1967-ի Վեցօրյա պատերազմը եղած սահմանը` փոխադարձաբար ընդունելի սրբագրումներով: Իսպանացի երիտասարդները պաշարեցին Մադրիդի կենտրոնը՝ ցույց տալով, որ Եվրոպայում մարդիկ ավելի գոհ չեն սեփական կյանքից, քան մնացյալ աշխարհում:



Բայց այն, ինչ տեղի ունեցավ ընդամենը յոթ օրում, Իռլանդիայում պատմականությամբ ստվերեց մնացյալ ամեն ինչ:  Անցյալ շաբաթ պետական այցով Իռլանդիա մեկնեց Մեծ Բրիտանիայի թագուհին, առաջին բրիտանացի միապետը` շուրջ հարյուրամյա ընդմիջումից հետո: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ դարեր տեւած դիմակայության մասին հայտնի է: Թագուհին խոնարհվեց Լոնդոնի կարգադրությամբ Իռլանդիայում գնդակահարված 40 անձանց հիշատակի առջեւ, նաեւ հանուն բրիտանական գահի Առաջին համաշխարհային մարտադաշտերում ընկած իռլանդացի հիսուն հազար նահատակների հուշակոթողի առջեւ:



«Անշուշտ, մենք կցանկանայինք, որ անցյալի շատ իրադարձություններ այլ կերպ պատահեին կամ չպատահեին ընդհանրապես»,-ասաց թագուհին` բաժակ բարձրացնելով հանուն Բրիտանիայի եւ Իռլանդիայի հարատեւ բարեկամության: Ինչպես Իռլանդիայի վարչապետն ասաց, այդպիսով փակվեց պատմության մի շրջան` հարյուրամյակներ տեւած դիմակայության, ատելության եւ զոհերի շրջանը:



Եվ նույն շաբաթվա մեջ նույն երկրում բացվեց պատմության մի նոր շրջան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր եվրոպական շրջագայությունը երեկ սկսեց Իռլանդիայից: «Իռլանդիա այցելել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ով այստեղ ուներ արմատներ, նախագահներ Ռոնալդ Ռեյգանը եւ Բիլ Քլինթոնը, ովքեր նույնպես ունեին արմատներ, բայց ԱՄՆ 44-րդ նախագահի այցն առանձնահատուկ է, որովհետեւ նա ամերիկյան երազանքի երկրից չէ, այլ ինքն է ամերիկյան երազանքի մարմնացումը: Եվ նա վերադարձել է տուն»,- ասաց Իռլանդիայի վարչապետը: Օբամայի պապիկի պապիկը, երբ Իռլանդիայից մեկնում էր հեռավոր Ամերիկա, կմտածե՞ր, թե մի օր իր թոռնիկի թոռնիկը հայրենի երկիր կվերադառնա իբրեւ աշխարհի ամենահզոր մարդ: «Գիտեք, ես միշտ լսել էի, թե օվկիանոսից այն կողմ արմատներ ունեմ, բայց վստահ չէի, մինչեւ ծագումնաբանությամբ զբաղվող մարդիկ չվերականգնեցին իմ տոհմածառը եւ հաստատեցին, որ պապիկիս պապիկն ապրել է Իռլանդիայում: Որքան կյանքը կդյուրանար, եթե ես դա իմանայի, երբ նոր ժամանեցի Չիկագո, որն իռլանդացիների մայրաքաղաքն է ԱՄՆ-ում»,- կեսկատակ-կեսլուրջ ասել է Օբաման:



Զարմանալիորեն ԱՄՆ նախագահի կոշկակար պապիկի տունը մի իռլանդական գյուղակում հրաշալի պահպանվել էր, Օբաման այցելեց այդ տունը: Եվ որքան էլ քաղաքագետներն ասեն, թե այդ ամենն ԱՄՆ-ում ապրող տասնյակ  միլիոնավոր իռլանդացիների ձայներն ապագա ընտրություններում շահելուն ուղղված ձեռնարկ էր, միեւնույն է, Օբամայի ներկայությունն իռլանդական գյուղակում աշխարհի միլիոնավոր մարդկանց համար կյանքին վստահորեն ու հավատով նայելու զորեղ ազդակ էր: