Բուրջանաձեն օգնության համար դիմել է Գերմանիայի դեսպանատանը

Բուրջանաձեն օգնության համար դիմել է Գերմանիայի դեսպանատանը
Վրաստանի «Դեմոկրատական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն նախատեսում է հանդիպել Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ եւ նրանց լրիվ տեղեկատվություն տրամադրել Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադաձությունների վերաբերյալ: Նրա նպատակն է թույլ չտալ պետական հեղաշրջում իրականացնելու մեջ մեղադրել ձերբակալված ընդդիմադիրներին եւ նպաստել նրանց ազատ արձակմանը:



«Դիվանագետները պետք է հստակ տեղեկատվություն ունենան այն մասին, որ ցույցը խաղաղ է եւ սահմանադրական»,- ասել է Բուրջանաձեն: Նա ենթադրում է, որ տասնյակ ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի պետական հեղաշրջում իրականացնելու փորձ անելու մեջ: «Շարժման» ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ 95 տոկոսով համոզված է դրանում:



Վրացական արմատական ընդդիմությունն արդեն երրորդ օրն է, ինչ հանրահավաք է իրականացնում` պահանջելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը: Ընդդիմությանն օգնելու նպատակով Թբիլիսի կարող է գալ Սահակաշվիլու նախկին զինակից, պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին, ով արդեն մի քանի տարի է` թաքնվում է վրացական իրավապահ մարմիններից արտասահմանում:



Վրաստանում ընդդիմության հանրահավաքներին է անդրադարձել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրա կարծիքով՝ վրացական ընդդիմությունը չկարողացավ այնքան մարդ հավաքել, որպեսզի կարողանար Սահակաշվիլուն պաշտոնանկ անել:



«Նախորդ տարի մայիսի 26-ին ընդդիմությանը հաջողվեց մոտ 60 հազար մարդ հավաքել, բայց դրանից հետո իշխանություններին հաջողվեց հանրությանը վախեցնել, եւ այսօր այլեւս այն ակտիվությունը չկա: Դեռեւս վախը իշխանությունների հանդեպ ավելի ուժեղ է, քան հեղափոխական ոգին»,- կարծում է Շեւարդնաձեն:



«Հեղափոխությանը չի նպաստում նաեւ այն, որ ընդդիմությունը միասնական չէ,- ավելացրել է նախկին նախագահը: - Բուրջանաձեի եւ Լեւան Գաչեչիլաձեի միացումը շատ կարեւոր քայլ կլինի ընդդիմության միասնականության հարցում»:



Նախկին նախագահը դատապարտել է կիրակնօրյա այն միջադեպը, երբ ցուցարարների` ոստիկանական մեքենայի վրա հարձակումից հետո ոստիկանությանը ռեռինե գնդակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել: «Դա անընդունելի է, քանի որ ոչ մի իշխանություն չարժե, որպեսզի արյուն թափվի»,- ասել է նա:



Շեւարդնաձեն նշել է, որ ինքը նմանատիպ իրավիճակում եղել է եւ հրաժարական է տվել, սակայն Սահակաշվիլին «կգնա մինչեւ վերջ եւ իր տեղը չի զիջի»: