Օբաման տեղը դրեց արաբներին ու հրեաներին

Այնպես որ` սկսենք սկզբից: Նախագահի ճառի սկզբից: Անկեղծ ասեմ՝ արաբ ընդդիմադիրներին ուղղված խոսքը շատ էլ քաջալերող չէ: Եթե ես նրանց փոխարեն լինեի, ուղղակի կթողնեի, հրացանս ուսիս դրած տուն կվերադառնայի ու ղեկավարիս կխնդրեի, որ ընդուներ նախկին աշխատանքիս: Թե չէ` ինչ է նշանակում` դուք միանգամայն պահպանում եք մեր արժեքային համակարգը: Ծաղրո՞ւմ եք, պարոն Օբամա: Էդ մարդիկ թողել են տուն, երեխաներ, տանկերի դեմ պարսատիկներով կռվի են դուրս եկել, որ ձեր արժեքնե՞րը պահպանեն, թե՞ որ ձեր օգնությամբ կառավարություն փոխեն ու հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն ստանան:
Մի խոսքով, արաբ ապստամբները հավանաբար խիստ հիասթափված են: Նույնը վերաբերում է Իսրայելին: Նախորդ օրը պարոն Օբաման հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կողմնակից է, որ Պաղեստինի սահմանները վերականգնվեն, ինչպես մինչեւ 67 թվականի արաբ-իսրայելական պատերազմն էր:
Հիշեցնենք, որ այդ պատերազմի արդյունքում Իսրայելը մեծացրեց իր տարածքը` ի հաշիվ Եգիպտոսի ու արաբական այլ երկրների, այդ թվում` Պաղեստինի: Երուսաղեմն Իսրայելին միացվեց ամբողջությամբ: Իսկ հիմա ԱՄՆ-ն ասում է` ընկեր, օկուպացված տարածքները վերադարձրու: Բա էդքան ծա՞խսը, էդքան զինվորի կյա՞նքը, էդքան ուրախությո՞ւնը, որ վերջապես ողջ Երուսաղեմն իրավատիրոջն է պատկանում: Այսպես զայրանում է Բենջամին Նետանյահուն` Իսրայելի վարչապետը, ու զանգ է տալիս ԱՄՆ` Հիլարի Քլինթոնի վրա մուննաթ գալու:
Իսկ արդյունքում ճառի բովանդակությունը քիչ է փոխվում` վերանայվում են որոշ ձեւակերպումներ, իսկ ասելիքը մնում է նույնը: Ըստ երեւույթին, Օբաման Հիլարի Քլինթոնին բացատրել է, որ նա վաղուց պետք է վարժված լիներ «մուննաթի»: Դժվար չէ պատկերացնել խեղճ Հիլարիին այն նույն երկնագույն կոստյումով, որը հագած կանգնել էր Էդվարդ Նալբանդյանի կողքին, թաշկինակն աչքերին սեղմած, ֆսֆսալով նախագահի կաբինետից դուրս գալիս: Է՜-է՜-է՜, գուցե ճիշտ են ասում, որ քաղաքականությունը կանանց տեղը չէ:
Իսկ պարոն Նետանյահուի մուննաթն ինչ-որ օգուտ այնուամենայնիվ տվեց, որովհետեւ պարոն Օբաման ելույթում փոփոխություններ կատարելու պատճառով հայտնվեց 35 րոպե ուշացումով, Իսրայելի սահմաններին «կպավ» զգուշությամբ՝ 45 րոպեանոց հորդոր-ուղերձներից հետո միայն: Իսրայել ու Պաղեստին, պիտի բանակցեք: Միայն թե, Իսրայել, ոտքերդ իմ կարած վերմակի չափով մեկնիր:
Միացյալ Պաղեստինի հետ բանակցությունը քաջալերելի հետաքրքրական կողմ եւս ունի: Պաղեստինը մինչեւ վերջերս մասնատված է եղել մահմեդական «Ֆաթահ» եւ «Համաս» խմբավորումների միջեւ: Արեւմտյան ափ կոչվող հատվածը, որից, ի դեպ, Իսրայելը պատերազմի ժամանակ մի պատառ պոկել էր, ղեկավարում էր պաղեստինյան պաշտոնյաների կողմից, որոնք «Ֆաթահի» կազմից են:
Իսկ «Համասը» ծայրահեղական խմբավորում է, այն իր ձեռքում էր պահում Գազա քաղաքն իր մերձակայքով` աղքատ թաղամասը: Թե ԱՄՆ-ն, թե Իսրայելը «Համասը» համարել են ահաբեկչական խմբավորում, իսկ երբ բոլորովին վերջերս` մայիսին, արաբական խռովությունների կոնտեքստում երկու խմբավորումները միասնության պայմանագիր ստորագրեցին, երկիրը դե յուրե միավորվեց: Եվ այժմ, փաստորեն, Իսրայելի նույն իր` ԱՄՆ-ի պատվերով պիտի բանակցի նաեւ նախկին, իսկ գուցեեւ ներկա ահաբեկիչների հետ: Ճակատագրի հեգնանք, այլ կերպ չես կոչի: Պարոն Օբաման իր ելույթում նախանշել է, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան բանակցությունները:
Նախ պետք է հստակեցվեն Պաղեստինի սահմանները: Թեեւ Իսրայելը դիմադրել է` հայտարարելով, որ 67 թվականից առաջ ունեցած իր սահմանները վերականգնելու դեպքում Իսրայելն անպաշտպան կդառնա: Երկրորդ. ԱՄՆ-ն առաջարկում է, խնդիրների լուծումը հեշտացնելու համար, դրանց անդրադառնալ փուլերով, ասենք, առավել ցավոտ խնդիրների` Երուսաղեմի տարածքային պատկանելության եւ պաղեստինյան փախստականների հայցը թողնելով հետագային: «Պետք է ազատվել անցյալի բեռից»,- ինչպես պատկերավոր արտահայտվել է Բարաք Օբաման:
Նախագահը խոսել է նաեւ այլ արաբական երկրների իրադարձություններից: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին նախագահը զգուշացրել է, որ Սիրիայում ժողովրդավարությունը, միեւնույն է, հաղթանակելու է, եւ «նախագահը երկու տարբերակ ունի` կամ գլխավորել բարեփոխումները, կամ դուրս գալ ճանապարհից»:
Նախագահն անդրադարձել է այլ` ճնշող քաղաքականություն իրականացնող արաբական կառավարություններին, կոչ անելով Բահրեյնի, Եմենի կառավարություններին, որպեսզի բանակցություններ վարեն ընդդիմադիր կողմի հետ, «իսկ բանակցել ընդդիմության հետ հնարավոր չէ, երբ նրա մի մասը բանտում է»,- ասել է նախագահը եւ արժանացել ծափահարությունների: Իբրեւ վերջաբան՝ նախագահը հավաստիացրել է, որ ԱՄՆ ռազմավարական շահերը զարգացող երկրներում չեն գերակայելու արժեքների հանդեպ: Միայն ռազմավարական շահեր հետապնդելով՝ ստամոքս չես լցնի եւ չես օգնի, որ մարդ արտահայտի իր կարծիքը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Աստղիկ Սարգսյան
Կարծիքներ