Ընկերոջ իրավունքով

Ընկերոջ իրավունքով
Երկու մտավորականների, հին ընկերների զրույցը իրենց ապրածի ու տեսածի մասին է: Մհեր Դավոյանը զրուցում է Արթուր Էլբակյանի հետ: Մեկն ապրում է Երեւանում, մյուսը Լոնդոնում: Մեկը գրքի, գրականության, ժուռնալիստիկայի աշխարհից է, մյուսը՝ կինոյի, թատրոնի: Հուշեր, անկեղծություն, երիտասարդական ապրումներ, զեղումներ, ափսոսանք: Մի քիչ գեղարվեստական, մի քիչ մարդկային  զրույց երկու երեւանցիների միջեւ:



Մհեր Դավոյան - 1990-ի մեր ծանոթությունը մտերմության վերածվեց անմիջապես: Մի քանի տարի ապրեցինք` ամենագեղեցիկ ընկերությունը վայելելով: Եվ ոչ միայն ընկերությունը: Այդ տարիների գործնական ու կենցաղային դժվարություններն անգամ հաղթահարում էինք վայելքով: Երեւի թե՝ կյանքն իր ամբողջության մեջ, որպես Աստվածային մի վայելք ընկալելու քո հատկությունն է ինձ հարազատ եղել: Դա էր երեւի մեր այդպես արագ մտերմանալու առաջին պատճառը:



Ավանի քո մեկ սենյականոց տան բռաչափ խոհանոցն աշխարհի ամենաընդարձակ հացատունն էր, Թատրոն 13-իդ` ժուռնալիստների տան անկուլիս դահլիճը` ամենաշքեղ բեմը, մեր հայրենիքն աղբից մաքրելու անիրականանալին` քո ուրախ, երբեմն նյարդային, բայց ոչ  ջղաձիգ, երբեմն հարբած, ադրենալինախեղդ, անսանձ առօրյան: Մի խոսքով` վայելք: Հետո դու գնացիր այս երկրից, եւ մոտ տասնհինգ տարով ընդհատվեց մեր շփումը: Դեռ վայելո՞ւմ ես:



Արթուր Էլբակյան - Նախ շնորհակալ եմ հարցի համար: Հարց չի, այլ մեր մտերմության, խենթ ու հասուն տարիների գնահատական եւ հիշողություն:

Հա, վայելում եմ, որովհետեւ ես չեմ փոխվել: Ինձ չեմ դավաճանել եւ սկզբունքներն ել նույնն են մնացել: Իհարկե՝ որակական փոփոխություններով եւ ավելի հասուն մտածողությամբ: Եվ մի կարեւոր տարբերությամբ՝ միասին չենք: Բայց բովանդակությունը նույնն է: Բացի այդ, իմ հիշողություններն ինձ հետ են, մի փոքր խունացած ու դեղնած նկարների ձեւով, բայց դրանք իմն են, եւ չեմ կարող ու չեմ ուզում մոռանալ այդ պատկերները:



Մհեր Դավոյան - Այն տարիներին քո աշխարհը թատրոնն էր, հեռուստատեսությունն էր, եւ դու լիարժեք տիրապետում էիր այդ աշխարհների բոլոր մասնագիտություններին` բեմի բանվորից ու լուսավորողից, ադմինիստրատորով ու տնօրենով մինչեւ ռեժիսոր ու գեղարվեստական ղեկավար: Եղածներից շատ ավելի լավ` քո աշխարհների նախարար էլ կաշխատեիր:



Եվ դա անընդհատ, արագ ու առանց ամաչելու սովորելու մի ձգտման արդյունք էր: Ոչ թե «ես սա գլխանց գիտեմ»-ն էր մոտեցումդ, այլ` «ես սրա մասին կարող եմ ամեն ինչ իմանալ»-ը: Այս քո «նվագախումբ-մարդու» կերպարն էլ էր ինձ հարազատ: Ինչով էլ զբաղվեիր`մեծ էիր մտածում: Քո Ճաշը եփում էիր ձեռքիդ տակ եղած ամենամեծ ամանում: Մթերքդ առատ պիտի լիներ`աղքատի հորինած բաներ չէիր սիրում: Շերեփդ, որով խառնում էիր, մեծ էր: Շերեփ չլիներ՝ մատներդ այրելով, ձեռքով կխառնեիր, մինչեւ եփվի:



Այդ ճաշը շատ մարդ ու շատ պիտի ուտեր: Բնականաբար՝ դու էլ: Մեծ գործը հետաքրքիր էր քեզ, որովհետեւ մեծ էր: Նաեւ` որովհետեւ գդալդ էլ էր մեծ:  Ո՞ր աշխարհները մտար Հայաստանից դուրս: Ի՞նչ ճաշեր եփեցիր: Էն համով լպստած գդալը հո չի՞ փոքրացել:



Ա. Է. - Գդալը շերեփ է դարձել: Բայց գդալը պահում եմ: Որովհետեւ մի оր պիտի այդ գդալով միասին մի պնակից ճաշ ուտենք:

Շատ աշխարհներ մտա, շատ մարդկանց հանդիպեցի: Գեներալների եւ հասարակ մարդկանց հետ մտերմացա: Մեծահարուստների ու չքավորների հետ հաց կիսեցի: Տասնյակ մարդկանց օգնեցի եւ չեմ զղջում: Անունս պախարակելու փորձեր եղան, սակայն իրենք տուժեցին: Բազում դավաճանություններ եղան, բայց եւ մտերիմներիս սերը վայելեցի: Մահվան հետ հանդիպեցի, բայց կյանքը հաղթեց: Մեծ է Աստծո նախախնամությունը եւ իմ սերն ու հավատը հանդեպ Աստված:



Աստվածաշնչից գիտենք, որ ամեն ինչ ունայնություն է եւ անցողիկ: Ուստի, քանի որ դա այդպես է, ինչո՞ւ չապրել լիաթոք եւ չիրականացել մեծը եւ ոչ թե փոքրը: Ես ընտրել եմ մեծի ճանապարհը: Ինչի մասին մտածես ու ցանկանաս, դա էլ կիրականանա: Հավատով խնդրիր ու գործդ արա եւ կրկնակին կստանաս: Հիշո՜ւմ ես «ԱՆԿԱՐԵԼԻ ԿԱՐԵԼԻՆ»:



Այս զրույցը, որ կոչվում է «Ընկերոջ իրավունքով»՝ ամբողջովին տեղ կգտնի «Մեր մասին» գրքում: