Այծիկ մայրիկի հեքիաթը՝ նորովի

Այծիկ մայրիկի հեքիաթը՝ նորովի
Կա հայտնի արտահայտություն` «գառան մորթու մեջ թաքնված գայլ»: Կա նաեւ «դիմակը պատռել» արտահայտությունը, որ նշանակում է` իսկական դեմքը բացել, տեսանելի դարձնել դիմակի տակ թաքնվողի էությունը, ինչ-որ տեղ` ներքինը եւ այլն: Ինչպե՞ս բացահայտել հիմնականում գառան մորթու մեջ թաքնվող քաղաքական գործչի իսկական դեմքը:



Չկարծեք, թե հեշտ խնդիր է: Մոռացեք ընդհանրապես, որ գառան դեմքը (դիմակը, երեսը) պատռելով եւ նրա ով լինելը բացահայտելով՝ կկարողանաք արդյունքի հասնել: Այդ դեպքում նա իր դեմքին ու աչքերին ավելի անմեղ արտահայտություն կբերի, քան գառան դեմքի ու աչքերի արտահայտությունն է, եւ դուք ձեռնունայն կմնաք:



Ես ավելի գործնական առաջարկություն ունեմ, բայց այ, չգիտեմ, թե ինչպես այն ներկայացնեմ: Մի տեսակ անհարմար եմ զգում:



Անհարմար եմ զգում, որովհետեւ խոսքը հայ քաղաքական գործչի մասին է: Հայ է վերջապես: Բայց միեւնույն ժամանակ էլ` մի տեսակ ուրիշ հայ: Գիտե՞ք, նրանցից, ովքեր ոտքի տակ քանդող են, ուրիշի ստեղծածն իրենցով անող, իր աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշը գերան դարձնող, մի տեղ մի թեմայով մի բան բլթացնող ու այդ ողջ տեսությունն իրենց վերագրող, սեփական անձի մասին միշտ հարգանքով եւ հոգնակի թվով արտահայտվող:



Նրա կերպարն ամբողջացնելու համար նշենք նաեւ, որ պատեհապաշտ է մինչեւ անկարելի աստիճան, որ խոսքով խիստ հայրենասեր է, խիստ իշխանամետ, խիստ իշխանասեր, խիստ թուրքատյաց ու խիստ ռուսասեր, իշխանության մեջ փոփոխությունների խիստ կատաղի կողմնակից ու իշխանափոխության խիստ կատաղի թշնամի: Բան հասկացա՞ք: Չէ՞: Էն էլ ասեմ, որ դեմքին նայում ես` այնքան անմեղ ու մանկական են դիմագծերը, աչքերն այնքան կլոր են, որ գառն իր անմեղ հայացքով գլուխը քարն է տվել:



Այսպիսի մեկը երեւի պետք է աման լվացող աշխատեր մեծ ճաշարանում: Բայց ի՞նչ կարող ես անել` եկել է քաղաքականություն:



Ականջդ կանչի, Հովիկ Աբրահամյան: Քաղաքական գործիչ դառնալու համար ըսկի խելք պետք չի՞: Այսինքն կարելի է ճարպիկ աման լվացող լինել եւ դառնալ քաղաքական գործի՞չ` կուսակցության ղեկավար, ԱԺ մտնելու հավակնորդ, օրենքի ապագա հեղինակ ու համահեղինակ…



Երեւի կարելի է: Իսկ հետաքրքիր է իմանալ` աման լվացողը կամ պոլիտեխնիկի` անհիշելի ժամանակների լաբորանտիկը կարո՞ղ է գրաքննադատ ու պատմաբան դառնալ, քաղաքական դաշտի վերլուծաբան կամ սոցիոմետրի օգնական: Ճիշտն ասած, մեր գյուղի սովխոզում, մինչեւ որեւէ կրթություն չունենայիր, բրիգադիր էլ չէին նշանակում: Երեւանը զարմանալի քաղաք է: Այստեղ կարելի է ներմուծովի բուհում մեռած ժուռնալիստիկայի գծով (կա՞ այդպիսի ժուռնալիստիկա) ամբիոնի վարիչ աշխատել:



Եվ ահա, հասարակական շահը պահանջում է ամենամոտ ապագայում գառան մորթու տակից երեւացնել այս մարդու դեմքը, դեմք, որի վրա, ներողություն, եթե թքում ես, ասում է` վա՞յ, անձրեւ է գալիս: Ինչպե՞ս անել դա եւ արդյո՞ք մամուլով: Գրելով, ասելով, կոկորդ ճղելով, անիմաստ տեղը գլուխը քարին խփելով` մեր երկրում հարց կլուծվի՞: Չէ, ավելի լավ է մամուլին հանգիստ թողնենք, որովհետեւ խեղճերն առանց այդ էլ դատարաններից տուն չեն գալիս: Տասնյակներով ընկել են դատարանների դռները, որովհետեւ անզգուշություն են ունեցել մի քանի այսպիսիների այիբը երեսներով տալ, դիմակները պատռել ու հայտարարել, թե տեսեք` ովքեր են թաքնված այս ու այս դիմակի հետեւում:



Ասացինք չէ՞, դա ճիշտ մոտեցում չէ: Դիմակազերծվածն իսկույն գառան անմեղություն է որդեգրում ու վազում դատարան` աման, հասեք, պատիվս գնաց… Հասարակությանը դատական գործի հետագա ընթացքն անհետաքրքիր է: Նա իր իմանալիքն իմանում է թերթից ու քաջ գիտակցում մի բան` եթե թերթին դատարանով տուգանել են, նշանակում է` թերթը ճիշտ է գրել, նշանակում է` ցավոտ տեղի է կպել, նշանակում է` բան է ասել, որ իրեն` հասարակությանը, այնքան պետք է սեփական ծոցից ելած «երեւելիներին» ճանաչելու համար:



Այս մտորումներն են, որ անխուսափելիորեն հանգեցնում են խիստ գործնական մի շարք քայլերի անհրաժեշտությանը:



Որպես լրագրող, որպես այդ մեծ համքարության համեստ ներկայացուցիչ, ես նույնպես ենթակա եմ դատվելու մամուլի անազատության մասին մեր ունեցած օրենքով: Բավական է մի տեղ սայթաքեմ, ու լրագիրն էլ ինձ հետ կքաշվի: Դրա համար ես ինձ խոսք եմ տվել` դաստիարակչական նպատակով ոչ մեկի անունը, ով աչքիս ալաբուլա է երեւում, չտալ:



Փառք Աստծո, հարյուրավոր հրապարակումներ ունեմ, որոնցում բազմաթիվ լուրջ մարդկանց անուններ են շոշափվել: Նրանցից ոմանք, նույնիսկ, հետագայում ինձ կամ թերթի հետ նամակագրական կապ են հաստատել, ներկայացրել իրենց հակափաստարկները: Շնորհակալ եմ նրանցից, չեմ ընդունում նրանց կարծիքներն ու մոտեցումները, բայց շնորհակալ եմ, որ իրենք ունեն հարցերի ճիշտ ընկալումը:



Բա ո՞ւր մնաց ձեր գործնական առաջարկը` կհարցնի ընթերցողը: Զոռով ստիպում եք ասեմ, էլի: Լավ, ի՞նչ արած:



Գառան մորթի հագածի իսկությունն ուրեմն պետք է սկսել պարզել ոչ թե գլխից, այլ հակառակ կողմից` դմակից: Կտրում ես մորթու այդ ավելորդ հատվածն ու մի քանի հատ ճիպոտում մերկացած տեղին: Սա գուցեեւ նախագահի գործառույթ է, բայց լրագրողն էլ ի վերջո իշխանության ներկայացուցիչ է, չորրորդ, բայց իշխանության:



Փորձված բան է` մորթու մեջ թաքնվածը դուրս է թռչում, եւ, որպես ճիպոտի ազդեցության հավաստի հետեւանք, երբեք նրա դեմքին անմեղ արտահայտություն չի լինում: Ընդհակառակը` իրադարձությունների այդ անսպասելի զարգացումը նրան ստիպում է դուրս թափել նաեւ ողջ ներքինը: Այդքանից հետո էլ ի՞նչ դատարան, ի՞նչ բան: Ճիպոտն ախր շատ զորավոր բան է:



Հասկանալի է չէ՞, որ խոսքը բրդի ճիպոտի կամ, վատագույն դեպքում՝ մանկավարժական քանոնի մասին է: Ու մեկ էլ` հանկարծ այնպես չճիպոտեք, որ մորթու մեջ կնքի իր մահկանացուն: Համ ձեր վրա կմնա, համ էլ ժողովրդի հիշողության մեջ: Որպես գառ:



Այս նյութն այդ ճիպոտն էր: Եկեք հիմա տեսնենք` ո՞վ դուրս կթռչի մորթու միջից:



Աշոտ Սահակյան