Ոստիկանապետն ավելի լուրջ գործեր ունի

Ոստիկանապետն ավելի լուրջ գործեր ունի
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեր թղթակիցը հարցրել է, թե արդյոք մամուլի դեմ հերթական ոտնձգությունը չէ՞ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի կենտրոնական քննչական բաժնի որոշումը, որով մերժվել է Մառոզ մականունով Մարգարիտա Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը:



Ոստիկանապետը սկզբում ասել է, թե չի տիրապետում ինֆորմացիային՝ կարճվել է, թե չէ, ապա անկեղծացել է. «Անկեղծ ասած, ավելի շատ կարեւորություն չտվեցի այս գործին, մենք ավելի լուրջ  գործեր ունենք այս պահին, ուղղակի չեմ հարցրել՝ գործը կարճվեց, թե չէ, կճշտեմ-կասեմ»: Ապա կասկած է հայտնել, թե կարճ ժամանակահատվածում դժվար թե նյութեր նախապատրաստեին ու կարճեին.



«Իմ կարծիքով՝ այս կարճ ժամանակվա ընթացքում չէր կարող արագ-արագ նախապատրաստվել ու կարճվել»:



Պնդմանը, թե պաշտոնական պատասխանն առավոտյան խմբագրություն է ուղարկվել, հակադարձել է. «Ի՞նչը Ձեզ չի բավարարում»: Այսինքն ստացվում է, որ պետք է մտնեն խմբագրություն, ավերեն, ծեծեն-ջարդեն եւ պատասխան չտան, ու դա մեզ պետք է բավարարի՞: «Ձեզ թվում է ես Ձեր մատնանշած Մառոզին ճանաչո՞ւմ եմ եւ նրա հետ որեւէ առնչություն ունե՞մ, եւ իմ ցուցո՞ւմը կարող էր լինել»,- նախահարձակ է եղել Ալիկ Սարգսյանը:



«Եթե որեւէ մեկը չի միջամտել, այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել համապատասխան ապացույցների առկայության դեպքում,- հարցրել է լրագրողը:- Հաստատ եթե փողոցում մեկը Մառոզի արածի կեսն աներ, վաղուց ձերբակալած ու դատած կլինեին»: «Ես չեմ կարծում, որ Դուք ճիշտ եք, հաստատ երկուսն էլ հաշվի են առնվել, եւ օրենքի տառը պահպանվել է: Եթե Դուք որեւէ կասկած ունեք, ես սիրով կհանդիպեմ-կպարզաբանեմ եւ կհանձնարարեմ քննչական ծառայության ղեկավարին՝ Ձեզ  մանրամասն բացատրություն կտա, որպեսզի Դուք հանգիստ լինեք, որ որեւիցե մեկի շահերը չեն պաշտպանվել, որեւիցե շահագրգռվածություն չի կարող լինել Ձեր նշած տիկնոջ համար, ոչ էլ թերթին փնովելու կամ վնաս պատճառելու նկատմամբ: Ուղիղ հայտարարում եմ»,- հավատացրել է ոստիկանապետը՝ անտեղյակ լինելով գործի մանրամասներին:



Այդ դեպքում ոստիկանապետը պետք է բացատրի, թե օրենքն ում է պատժում, եւ մասնավորապես՝ եթե Մառոզի արարքը դրա տակ չի ընկնում, ապա «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործերը որ դեպքերում են հարուցվում: