Ոստիկանությունը հովանավորում է խուլիգանությունը

Ոստիկանությունը հովանավորում է խուլիգանությունը
Երեկ առավոտյան մեզ «հաճելի» անակնկալ էր սպասվում՝ ստացանք ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի կենտրոնական քննչական բաժնի որոշումը, որով մերժվել է հայտնի Մառոզի՝ Մարգարիտա Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը: «Հրապարակի» խմբագրությունում տիկին Մառոզի եւ նրա հրոսակախմբի հարձակման մասին մամուլում արդեն շատ է գրվել, հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 21-ին Մառոզի հրոսակախումբը հարձակվել էր մեր խմբագրության վրա՝ մոտ մեկ ժամ սեռական բնույթի հայհոյանքներ տվել, խանգարել մեր աշխատանքն ու անդորրը, բաժակներ կոտրել, մարմնական վնասվածքներ հասցրել ու հեռացել:



Մեր ահազանգին ոստիկաններն արձագանքել էին մոտ 40 րոպե ուշացումով: Մինչ մեր ահազանգին արձագանքած ոստիկանները կհաղթահարեին ոստիկանություն-խմբագրություն կես կիլոմետր ճանապարհը, ավազակախումբը, վտանգն զգալով, հեռացել էր: Իսկ քննիչ Արթուր Մանուկյանի որոշման մեջ գրված է.



«...ապրիլի 21-ին «Հրապարակի» խմբագրությունում Մարգարիտա Խաչատրյանի եւ Արմինե Օհանյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն ծեծկռտուքի չի վերածվել: Բացի այդ, հիմնավորվել է, որ միջադեպի ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտում թույլ չի տրվել, Մ. Խաչատրյանը նման ուղղակի դիտավորություն չի ունեցել, նա որեւէ մեկին, այդ թվում եւ Ա. Օհանյանին ծեծի չի ենթարկել, որպիսի պայմաններում Մ. Խաչատրյանի գործողություններում հանցագործության հատկանիշները բացակայում են»:



Այսինքն 6 լրագրողի բացատրությունները, որտեղ ներկայացրել ենք եղելությունը, քննչական մարմինը, մեղմ ասած, արհամարհել է եւ հիմք է ընդունել տիկին Մառոզի եւ նրան ուղեկցող 3 անձի բացատրությունները: Մի կին, ով մեկ անգամ էլ է խուլիգանության համար դատվել, ավելի արժանահավատ է եղել իրավապահի համար: Մեր «տուն» մտած, մեզ վիրավորած ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն դրսեւորած անձինք, փաստորեն, ոստիկանության ներողամտությանն են արժանանում, նրա կողմից հովանավորվում, ավելին՝ խրախուսվում, որ կրկին մտնեն խմբագրություններ, ջարդեն ու փշրեն եւ արդյունքում անպատիժ մնան: Թվում էր, թե ոստիկանությունը պետք է ոչ թե հանցագործին պաշտպանի ու հովանավորի, այլ մամուլի աշխատողներին, սակայն մենք ապրում ենք անօրեն երկրում:



Ամեն դեպքում, մենք փորձեցինք հասկանալ քննիչի տրամաբանությունը, դա իր կայացրած որոշումից բոլորովին չէր երեւում՝ ինչու է նա գտել, որ Մառոզի գործողություններում հանցակազմ չկա, սակայն Մանուկյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Ես ինչ որ պետք է, գրել-ուղարկել եմ: Դա է իմ պարտականությունը, որը ես կատարել եմ: Ձեր հարցերին պատասխանել պարտավոր չեմ»: Իսկ հանցագործությունը պարտակել՝ պարտավոր է: Ապա հավելեց. «Պատկերացրեք՝ դա ուրիշ թերթերի էլ հետաքրքրի, ու բոլոր թերթերը սկսեն զանգել ու հետաքրքրվել: Ի՞նչ է, ես ամբողջ օրը սկսեմ ինտերվյո՞ւ տալ»:



Մեզ այդպես էլ պարզ չդարձավ, թե ձեռքին ունենալով լրագրողներիս բացատրությունները, դատական բժշկի եզրակացությունը, որ թերթի խմբագրին պատճառվել է «ձախ դաստակի թիկնային մակերեսի ճանկռվածք», պատին բաժակի հարվածից առաջացած հետքի լուսանկարը, ինչու է գտել, որ «Մ. Խաչատրյանի գործողություններում հանցագործության հատկանիշները բացակայում են», եւ որոշել է «Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով»: Հավանաբար ոստիկանության քննիչ Ա. Մանուկյանը եւ նրա վերադասն իրավաբանական պատշաճ կրթություն չեն ստացել եւ ծանոթ չեն Քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածին: Այն մեջբերում ենք ամբողջությամբ.



«Հոդված 258. Խուլիգանությունը



1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:



2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:



3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝



1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,



2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող, կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,



3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,



4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,



5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝



պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:



«Խուլիգանություն» հոդվածի դիսպոզիցիան, ինչպես տեսնում եք, միլիմետրի ճշգրտությամբ համընկնում է «Հրապարակի» խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի հետ. հասարակական կարգը կոպտորեն խախտվել է, անձը ոչ միայն բռնություն է գործադրել, այլեւ բռնության սպառնալիքներ է տեղացել, գույք է փչացրել եւ այդ ամենն արել է մի խումբ անձանց ուղեկցությամբ, կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից (անգամ եթե 2001 թվի խուլիգանության համար Մառոզի դատվածությունը մարված է) եւ զուգորդվել է բացառիկ ցինիզմով:



Սա ընդամենը նշանակում է, որ իրավապահների անպատժելիությունը գերագույն չափերի է հասել: Նշանակում է, որ խոսքի ազատությունը ճնշելու գործընթացն այս իշխանության սկզբունքների մեջ դարձել է գլխավորը: Մեզ, փաստորեն, ծեծում են, հարձակվում մեզ վրա, հայհոյում, մնում անպատիժ եւ իրենք էլ դատարան դիմում (Մառոզը քաղհայցով դիմել է դատարան):