Առողջ սնունդ՝ առողջ սիրտ

Առողջ սնունդ՝ առողջ սիրտ
2010 թվականի հոկտեմբերից Հայկական բժշկական ասոցիացիան իրականացնում է «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագիրը։ Ասոցիացիայի ստանդարտներին համապատասխանելու դեպքում՝ ծրագրի շրջանակներում հատուկ մակնշման օգտագործման իրավունք է շնորհվում սննդամթերք արտադրող այն ընկերություններին, որոնց արտադրանքի մեջ ճարպի, շաքարի եւ աղի բաղադրությունը հասցված է նվազագույնի, եւ որոնք, հետեւաբար, վնասակար չեն առողջության համար։



Երեկ Հայկական բժշկական ասոցիացիան ամփոփեց մրցույթի արդյունքները, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 12 կազմակերպություն: Արդյունքում հաղթող են ճանաչվել «Աշտարակ կաթ»-ի «Կովիկ» ապրանքանիշը եւ «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքը:



Լավագույնը ճանաչվելու կապակցությամբ երկու ընկերություններն էլ իրավունք ստացան կրել «Առողջ սիրտ» լոգոն: Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի վստահեցմամբ, այս ապրանքատեսակներն ընտրվել են մանրակրկիտ մասնագիտական հետազոտության եւ լաբորատոր զննումների արդյունքում։ Զեյվեյանի խոսքով՝ այս ապրանքատեսակները հնարավորություն են տալիս խուսափել ճարպակալումից եւ ավելցուկային քաշից:



«Մեր նպատակը առողջ կենսակերպի քարոզչությունն է Հայաստանում, որի բաղկացուցիչ մասը նաեւ առողջ սնունդն է, այդ թվում եւ այս ապրանքատեսակները»,-ասաց ՀԲԱ-ի նախագահը: «Աշտարակ կաթ» եւ «Բեկոն» ընկերությունների երկու տնօրեններն էլ փաստեցին, որ «Առողջ սիրտ» մակնշման օգտագործման իրավունքը պարտավորեցնող է, եւ իրենք այսուհետ էլ կաշխատեն առողջ սննդամթերքի եւ նոր ապրանքատեսակների՝ վերը նշված չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու ուղղությամբ:



Նրանց խոսքով՝ նման ծրագրերը խթան կհանդիսանան, որպեսզի շուկայում նոր ապրանքատեսակների ավելանալուն զուգահեռ սպառողները նույնպես սկսեն ավելի լուրջ վերաբերվել առողջ սննդին: Բժշկական ասոցիացիայի նախագահը նշեց, որ այսքանով ընկերությունների հետ համագործակցությունը չի ավարտվում, եւ հետագայում նույնպես իրականացնելու են շարունակական մոնիտորինգներ: Երկրորդ էտապում, վերը նշված երեք բաղադրիչներից բացի, հաշվի են առնվելու նաեւ այլ բաղադրիչներ։