800 քմ տարածք են ծառահատել

800 քմ տարածք են ծառահատել
Երեկ Արմավիրի բնակիչները մեր թղթակցին իրենց վրդովմունքն են հայտնել քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին ծառահատելու կապակցությամբ: Նրանք ասել են, որ մեկ շաբաթ առաջ մոտ 800 քմ տարածք ծառահատել են:



Քաղաքացիների վրդովմունքին ի պատասխան՝  քաղաքապետը եւ համայնքային չինովնիկները հավատացրել են, թե ծառահատում են այգին՝ հետագայում կանչապատելու եւ դեկորատիվ ծառեր տնկելու նպատակով:



Սակայն օրեր անց այդ տարածքում սկսել են շինարարական աշխատանքներ ծավալել, ինչից ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կառույցի հիմք են գցել: Մեզ զանգահարած բնակիչները վստահեցնում էին, որ ծառահատված տարածքում բանկ են կառուցում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:



Նրանց կարծիքով՝ այդպիսով Հայրապետյանը վարձատրվել է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից այն բանի համար, որ մարտին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հայրապետյանը սատարում էր Խլղաթյանին, ինչի շնորհիվ կեղծիքներով ու սկանդալով Խլղաթյանը կարողացավ վերանվաճել քաղաքապետի պաշտոնը: