Շարունակում են բողոքել

Շարունակում են բողոքել
Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան կողոպուտը կազմակերպելու մեջ մեղադրվող գործարար, «Կոշիկի քաղաք» խանութների ցանցի սեփականատեր Արա Կարապետյանին:



Գործարարի փաստաբանները համոզված են, որ վճիռն անօրինական է, եւ պատրաստվում են այն բողոքարկել: Երեկ էլ Արա Կարապետյանի բարեկամներն ու հարազատներն էին հավաքվել նախագահականի մոտ եւ բողոքում էին դատական պրոցեսի ժամանակ կատարված անօրինականությունների դեմ:



«Մենք պահանջում ենք հաշվի առնել այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել էինք դատարանին, եւ դատարանը գնահատման չի արժանացրել»,- ասաց փաստաբան Լուսինե Գրիգորյանը:



Նրան եւ Արա Կարապետյանի հարազատներից մի քանիսին նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ընդունեցին եւ, խնդիրը լսելով, խորհուրդ տվեցին՝ եթե գործում կեղծիքներ են տեսնում, անհրաժեշտ է նամակում գրել եւ հիմնավորել այդ թերությունները, ինչպես նաեւ կցել անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո նախագահականից կպատասխանեն: